Սակայն հաստատ տեղի կունենա
Ռուսական ընկերության մեջ մտնող «Ցեմենտ հոլդինգի» կողմից հայկական «Միկա-ցեմենտը» ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները ռուսական «Վեդոմոստի» թերթում հաստատել է «Ցեմենտ հոլդինգի» համասեփականատեր եւ գլխավոր տնօրեն Վիկտոր Բելյաեւը : Ըստ նրա, մինչեւ օգոստոսի 20-ը պետք է ուսումնասիրվի ձեռնարկության վիճակը, իսկ հետագա 5 բանկային օրվա ընթացքում ստորագրվի առուվաճառքի գործարքը: Գործարքի գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Սակայն երեկ հայկական լրատվական գործակալություններից մեկում տեղեկություն հաղորդվեց, ըստ որի, «Միկա-ցեմենտի» ներկայիս սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ ձեռնարկության վաճառքի բանակցությունները դեռ չեն ավարտվել: Այդ հանգամանքը նա պայմանավորել է տարածաշրջանում իրավիճակի լարվածությամբ, ինչը գնորդի մոտեցման որոշակի փոփոխություն է առաջացրել: Ըստ Միխայիլ Բաղդասարովի, բանակցությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի սկզբին:
Ի դեպ, «Վեդոմոստի» թերթում Վիկտոր Բելյաեւը նշել է, որ հայկական ձեռնարկության արտադրանքը կթողարկվի Ռուսաստանի եվրոպական մասին եւ հնարավոր է նաեւ Սոչիում օլիմպիական կառույցների շինարարության համար: Ըստ նրա, այժմ Սոչի-2014-ի համար ցեմենտի մատակարարման բանակցություններ են ընթանում:
Ավելացնենք, որ ռուսական ընկերության հիմնական սեփականատերն է Էդուարդ Տարանը: Ընկերության մաս են կազմում արդյունաբերության տարբեր ճյուղերի 20 խոշոր ձեռնարկություններ, որոնք ունեն մոտ 15 հազար աշխատակիցներ:
Ա. Մ.