Ազգային պատկերասրահի առաջին հարկի ցուցասրահներում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 2-ը ցուցադրվելու են սփյուռքահայ նկարիչ Ժիրայր Խաչիկյանի (Ժիրկա) աշխատանքները: Սա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնային ծրագրի շրջանակներում միակ գեղանկարչական ցուցահանդեսն է եւ նկարչի առաջին ներկայացումը Հայաստանում: Ժիրայրը 1915-ի Ցեղասպանության վերապրողների ժառանգ էՙ ծնված Իրաքում, այժմ ապրում է Ֆրանսիայում: Կրթությամբ ճարտարապետ է, ուսանել է Երեւանում: Ֆրանսիայում ճարտարապետական իր նախագծերով կառուցվել են դպրոցական համալիրներ, մշակույթի կենտրոն, արվեստի սրահ: Մտահղացման հեղինակ է Եղեռնին նվիրված հուշարձանների, խաչքարերի (Գրենոբլ, Սեւր), Փարիզի Կոմիտասի արձանի (քանդ. Դավիթ Երեւանցի) ճարտարապետ է:
Երեւանյան ցուցահանդեսի բացմանը ներկա ԱԳՆ սփյուռքի վարչության պետ Հրանուշ Հակոբյանը ողջունելի համարեց նման միջոցառումներըՙ իբրեւ սփյուռքը Հայաստանին կամրջող օղակներից մեկը: Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը , արվեստաբան Սարո Սարուխանյանը ներկայացրին Ժիրայր Խաչիկյանի արվեստի յուրահատկությունները, նրա ազգային, մարդկային զգացումները, հատկապես դրսեւորված 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ նա ակտիվորեն մասնակցել է Հայաստանի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքներին: 2007-ին «Հայաստան, իմ բարեկամ»ՙ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Կաշանի քաղաքապետարանում ունեցել է ցուցահանդես եւ առհասարակ բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Շվեյցարիայում: 1987-ից պարբերաբար մասնակցել է Ֆրանսիայում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսներինՙ «Աշնանային սալոն», «Հայ ստեղծագործողների սալոն», «Կաշանի ժամանակակից արվեստի բիենալե» եւ այլն:
Երեւանյան բազմաոճ աշխատանքների մեջ գունագծային հստակ վերաբերմունք է դրսեւորված արտաքին աշխարհի ձեւերին ու պատկերներին: Հայկական եռագույնի տարբեր տոնայնություններն ու նրբերանգներն են կազմում նրա կտավի ողջ գամման: Գունային եռաշերտը ստեղծագործության գաղափարական կողմն է ներկայացնումՙ մարմնավորված երկրաչափական պատկերաձեւերի մեջՙ ճարտարապետական համակարգումով, կոմպոզիցիոն մտածողությամբ, գծի, պատկերի համաչափությամբ, տրամաբանությամբ: Գունապատկերի այս հայտնակերպումն էլ ստեղծում է իր սեփական ձեռագիրը, ոճը: «Ճարտարապետությունը կանոն է, նկարչությունըՙ ազատություն», ասում է նկարիչը, եւ իր ստեղծագործությունն այս երկու արվեստների սինթեզն է: Օգտագործված նյութի զանազանությունը հետաքրքրական համադրություն է ստեղծումՙ փայտ, կտավ, ակրիլ, յուղաներկ, գործվածք: Երկրաչափական ֆիգուրներն իր աշխատանքներում արվեստի խնդիրների մեկնաբանության միջոցներ են դառնում («Էվոլյուցիոն արվեստ-1. կինետիկ հորինվածք 2 հենքով», «Տոտեմ-1». արվեստի եւ ճարտարապետության սինթեզ», «Նռան գույնը. կինետիկ հորինվածք 4 հենքով» -3-ն էլ ներկայացված են շարքով):
Ինքնատիպ են նաեւ հայրենիքի, ապրած կորստի, ողբերգության, հիշողության ցավի նկարչական իր մոտեցումները (որպես թեւատարած թռչունՙ հայացքըՙ երկնքին) կամ իրաքյան մթնոլորտի, այդ շրջանի քաղաքակրթության իր մեկնաբանությունը. («Հարություն» ի հիշատակ 1915-ի ապրիլի 24-ի, «Հիշատակի տուրք Եղեռնի զոհերին», «Իրաքցի կանայք»):
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ