«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2008-08-20 | #150, 2008-08-21 | #151, 2008-08-22


«ԿԱՄԱՐԻ» ՎԵՑԵՐՈՐԴԸ

«Կամար» հանդեսի (Բեյրութ) 6-րդ համարի խմբագրականում անդրադարձ է արված Շահան Շահնուրի` 1915-ից ընդամենը 10 տարի անց հնչեցրած ազգային նահանջի տագնապինՙ նկատելով, որ ներկա իրողությունների պարագաներում հայ մշակույթը շարունակվում է, բայց եւ հայ գրականության արդի վիճակը «Կամարը» բնութագրում է թերեւս չափազանցված «անագորույն» բառով: Գրողների համահայկական վերջին համաժողովի ծրագրերում առանձնացնելով «Գրական նոր սերունդ. ավանդույթներ եւ որոնումներ» թեմանՙ հանդեսը առաջնային է համարում գրական արժեքային հստակ չափանիշների կիրառումը եւ բացառում է մտային զառանցանքների հասնող զանազան անհեթեթությունները. կեղծ ազատությունների տակ հակագրական սանձարձակությունները, սեռական կրքերի մերկապարանոց ցուցադրումները գրական կյանք բերելը, որ ինքնահաստատման գավառային տարբերակ է:

«Կամարը» գերազանցապես գրական հանդես է, համարի գեղարվեստական բաժնում զետեղված են Արա Արծրունու, Զոհրապ Գիրեջյանի, Հակոբ Ադամյանի, Կամիլայի, Հակոբ Միքայելյանի` արձակ, Զարեհ Խրախունու, Սարգիս Կիրակոսյանի, Հակոբ Մանուկյանի, Խաչիկ Տետեյանի չափածո ստեղծագործություններից: Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առիթով հուշագրությամբ ներկայանում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը:

Հանդեսի թարգմանական հատվածում ներկայացված է արաբ գրող Ֆաուազ Մըզեյյեքի «Հայկական հարսանիքը» գործը: Թարգմանությունը` Հուրի Ազեզյանի:

Գրականագիտական բաժնի գերակշիռ մասը զբաղեցնում է Զահրատը: Պոլսահայ բանաստեղծի ստեղծագործությունը ներկայացնում է Վարդի Քեշիշյանը. «Զահրատ կը կարդայինք, աւելի ճիշդ ձեռքէ-ձեռք կը խլէինք, իրարու կը փոխանցէինք, իր տողերով կը զարդարէինք մեր կեանքը»:

Զահրատ-մարդը եւ Զահրատ-բանաստեղծը միաժամանակ են գործում նույն ինքնության, բանաստեղծական նույն կենսաձեւի տարածքում. «Չէ՞ որ ինքը հոն է, իր քերթուածներուն մեջ, նոյնքան իրական ու թափանցիկ, չէ՞ որ իր քերթուածները ուղղակի անդրադարձումն են իր իսկ էության: Հոն է ուրեմն Զահրատ, իր գիրքերու մէջ, մեզի կը մնայ լսել անոր ձայնը, յայտնաբերել հրաշքը, առեղծուածը»: Գրախոսը ներկայացնում է բանաստեղծի մահվանից քիչ ժամանակ առաջ հրատարակված նրա ստեղծագործական կյանքի շուրջ կեսդարն ամփոփող (1960-ից սկսած) զույգ ժողովածուները («Արաս» հրատ., 2006, Ստամբուլ):

Գրախոսը շատ ուշադիր է բանաստեղծական պատկերի, բառի, դրանց առանձնահատուկ «ինքնության» հանդեպ, իրականության եւ դրա սահմաններից անդինի ճանաչողական ներքնատեսությանը, երեւութականից աներեւույթին անցնող բառի մետամորֆոզային հատկություններին, կանխատեսության աստիճան կյանքի խորհրդավորության զգացողություններին, ինչը եւ ճշմարիտ բանաստեղծության ոգին է, որին էլ լիովին տիրապետում է Զահրատը: Գրախոսը հիմնական շեշտադրումներով ամբողջացրել է Զահրատի ստեղծագործական աշխարհը, անդրադառնալով բոլոր ժողովածուներին: Արամ Սեփեթճյանի ներկայացմամբ տպագրված է նաեւ Զահրատի անտիպ բանաստեղծություններից մի քանիսը:

Գրախոսությամբ հանդես են եկել նաեւ Պեպո Սիմոնյանը` անդրադառնալով հայոց լեզվին նվիրված («Օրհներգութիւն մեծասքանչին») ժողովածուին (կազմող Սարգիս Կիրակոսյան), Պարույր Աղբաշյանը` Մ. Հայկենցի «Անուրջ գետին կամուրջները» գրքին: Պատմաբանասիրական բաժնում ընդգրկված են Եղիկ Ճերեճյանի «Անգամ մը եւս Թուրքիա-Նախիջեւան սահմանագծի մասին» եւ Զավեն Մսըրլյանի «Թուրքիոյ հայոց թիւը» (1973-2008) հոդվածները:

Զետեղված են Նարինե Թուխիկյանի «Սմբատ Բիւրատ» եւ Մելքոն Կյուրճյանի «Ճախճախուտքին մէջ երկու առանցքի վրայ» վեպը» հրապարակումները:

Անդրադառնալով Բեյրութի 55-ամյա «Շիրակ» հրատարակչությանըՙ արվեստագիտության դոկտոր Թամար Հովհաննիսյանը ներկայացնում է առաջին նախաձեռնության «Շիրակ» երգարանի մատենաշարը, Բեյրութի հայկական հրատարակչության մթնոլորտը փոխանցում է հիմնադիրներից Կարապետ Հովհաննիսյանի հետ զրույցի ջերմ տպավորությամբ:

«Կամարը» առհասարակ աչքի է ընկնում բարձրորակ, ճաշակով տպագրությամբ ու գեղարվեստական ձեւավորմամբ (գեղարվեստական ձեւավորումըՙ Մարալ Փանոսյանի): Այս համարում գրական ստեղծագործություններից առավել տպավորիչ են կերպարվեստային իլյուստրացիաները, մասնավորապես բեյրութահայ նկարիչ Փոլ Կիրակոսյանի գործերի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4