«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2008-08-21 | #151, 2008-08-22 | #152, 2008-08-23


ՆԱՐԴՈՒ ՆՈՐ ՏԱՐԱՏԵՍԱԿՙ ԵՌԱՆԱՐԴԻ

Նարդին սիրված ու մեծ մասսայականություն վայելող խաղ է Հայաստանում: Այն նաեւ մարզաձեւ է, որից միջազգային մրցաշարեր ու աշխարհի առաջնություններ են անցկացվում: Ճիշտ է, միջազգային նարդին որոշ չափով իր կանոններով տարբերվում է սովորականից:

Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողներին ներկայացվեց նարդու նոր տարատեսակըՙ եռանարդին: Գյուտի հեղինակը Ներսես Ներսիսյանն է: Գյուտը գրանցվել է 2006-ին: Եռանարդու առանձնահատկություններին ծանոթացրին Ներսես Ներսիսյանն ու 2002-ի նարդու աշխարհի թիմային առաջնության հաղթող Խաչիկ Մելիքյանը: Եռանարդին նախատեսված է երեք խաղացողի համար: Նարդու խաղատախտակն ունի վեցանկյան տեսք, բաժանված է երեք հավասար հատվածներիՙ նախատեսված յուրաքանչյուր խաղացողի համար: Ի տարբերություն սովորական նարդու, եռանարդու մրցավեճը երեք մասնակիցների միջեւ ավելի հետաքրքրական ու թեժ է ընթանում (դրանում համոզվեցինք ասուլիսից հետո եռանարդի խաղալիս): Գործում են որոշակի կանոններ, որոնք տարբերվում են սովորական նարդուց:

Գյուտի հեղինակը համոզված է, որ եռանարդին մեծ հետաքրքրություն կառաջացնի բնակչության շրջանում: Դրան կնպաստի նաեւ օգոստոսի 24-ին Գառնիում անցկացվելիք առաջնությունը, որն արդեն 2-րդն է: Եռանարդու անդրանիկ առաջնությունը անցկացվել է անցյալ տարի, կրկին Գառնիում: Բնական է, որ նոր մրցաձեւի մասսայականացման համար առաջին հերթին անհրաժեշտ են եռանարդու խաղատախտակներ: Ներսես Ներսիսյանը տեղեկացրեց, որ դրանց պատրաստման իրավունքը իրենց է պատկանում եւ պահանջարկի դեպքում համապատասխան ձեռնարկության հետ պայմանագիր կկնքվի խաղատախտակների արտադրության վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ հայ նարդիստների ելույթներին: Մեր նարդիստներն ամեն տարի մասնակցում են միջազգային մրցաշարերի, Մոնտե Կառլոյում անցկացվող նարդու աշխարհի առաջնությանը, որտեղից վերադառնում են մրցանակներով: Սեպտեմբերի 20-26-ը նրանք կմասնակցեն Եգիպտոսում, իսկ նոյեմբերինՙ Ֆրանսիայում կայանալիք միջազգային մրցաշարերին: Ըստ բանախոսների, հայ նարդիստները բավական բարձր որակավորում ունեն: Պարզապես առայժմ ֆինանսական դժվարություններ կան մրցումների մեկնելու համար գումարներ հայթայթելու գործում, թեեւ այդ հարցում հովանավորներն աջակցում են:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4