Ինչպե՞ս կառուցել Սփյուռքի հարցերի նախարարությունը
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ
Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին վերջերս ընդունված օրենքով նախատեսվում է, որ հոկտեմբերի 1-ից մեզանում կգործի Սփյուռքի հարցերի նախարարություն: Ստորեւ կփորձենք շարադրել մի շարք նկատառումներ ստեղծվելիք գերատեսչության վերաբերյալ, հրավիրելով բանավեճի այլ հեղինակների:
Ի՞նչ է սփյուռքը եւ որո՞նք են սփյուռքի հարցերը, որոնցո՞վ է զբաղվելու ստեղծվելիք գերատեսչությունը: Ո՞րն է սփյուռքի հեռանկարը 21-րդ դարի մարտահրավերներիՙ ուծացման, գլոբալացման, աշխարհիս սրընթաց զարգացումների որոգայթում: Որո՞նք են Հայաստանի ակնկալիքները սփյուռքից եւ, իր հերթին, սփյուռքն ի՞նչ է սպասում մայր հայրենիքից: Այս եւ համանման բազմաթիվ հարցերին պատասխանելու համար որոշ ժամանակ անց թերեւս անհրաժեշտ կլինի մշակել Հայաստան-սփյուռք կապերի հայեցակարգ, որի վրա կխարսխվի երկկողմ առնչությունների ողջ համալիրը:
Անցյալում է թե՛ հայրենիքի նկատմամբ սփյուռքում, թե՛ արտերկրի հայրենակիցների հանդեպ Հայաստանում ռոմանտիկ, իդեալականացված վերաբերմունքը: Արդեն վաղուց իրեն սպառել է սփյուռքին (թող մեզ ներվի այս արտահայտությունը) կթու կովի պես վերաբերվելը: Երեւի թե ժամանակն է, զուգակցելով եւ համադրելով այդ ռոմանտիզմն ու առողջ պրագմատիզմը, հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները կառուցել լուրջ, գործնական հիմքերի վրա, դրանց հաղորդել հստակ նպատակներ, որոնց թվում չպիտի վարանենք նշել մայր հայրենիքի հզորացումը, Հայաստանի Հանրապետության միջազգային դիրքերի ամրապնդումն ու շահերի հետապնդումը, Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության վերաբերյալ ճշմարիտ իրականության քարոզումը, սփյուռքի պահպանումն ուծացումից, մայրենիի, հայկական կրթության, հայեցի դաստիարակության տարածումը աշխարհացրիվ մեր գաղթօջախներում: Սփյուռքը պիտի հայրենիքին օգտակար լինի իր բոլոր կարողություններով, սակայն պիտի դիտարկվի իբրեւ լուրջ, վստահելի, իրավահավասար գործընկեր, առավել եւսՙ երբ արդեն գործում է երկքաղաքացիության նորմը: Խնդիրները շատ-շատ են, եւ դրանց լուծման ակնկալիքով 5 միլիոնանոց (սովորաբար այդ թիվն է բերվում սփյուռքի թվաքանակը բնորոշելիս) սփյուռքն իր հայացքը սեւեռելու է Հայաստանի կառավարության ու, հատկապես, ստեղծվելիք նախարարության վրա:
Չմոռանանք նաեւ, որ սփյուռքն ամենեւին էլ միատարր ու համանման չէ: Արգենտինայում հայը, որի արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդն է ապրում այդ հեռավոր երկրում, արմատապես տարբերվում է, զորօրինակ, ժամկետանց անձնագրով հայաստանցուց, որն ինչ-ինչ օրինազանցությամբ հայտնվել է Ռուսաստանի հեռավոր մի քաղաքի ոստիկանության մեկուսարանում: Նույն ձեւով ԱՄՆ-ի Սիլիկոնյան դաշտավայրի էլեկտրոնային մշակումներով զբաղված, լավ վարձատրվող հայ ծրագրավորողի սպասելիքները բոլորովին նույնը չեն, ինչ, օրինակ, Ֆրանսիայի հարավում մի փոքր մասնավոր գարաժում աշխատող հայ արհեստավորինը: Կամ Ավստրալիայում արդեն մի քանի տասնամյակներ ապրող, խոր արմատներ գցած գերդաստանը եւ մի քանի տարի առաջ Հայաստանից օտարության մեջ հայտնված երիտասարդ ընտանիքը, որն աշխատանք է որոնում եւ փորձում ընտելանալ միջավայրին ու նոր կենսապայմաններին, իհարկե, տարբեր կերպ են նայում խնդիրներին:
Այս հակադիր օրինակները բերեցի, որպեսզի ավելի ցցուն ձեւով պատկերենք մեր հայրենակիցների այսօրվա աշխարհագրական խճանկարը, որն, իր հերթին, պահանջում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր խմբի նկատմամբ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ում վաղուց ի վեր գոյություն ունի արտերկրում ֆրանսիացիների գործերի գլխավոր վարչություն, որը զբաղվում է ամբողջ աշխարհում Ֆրանսիայի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Նրանք բազում դարերի ավանդույթներ ունեցող ազգ-պետություն են, մենք դրան դեռ չենք հասել: Ուստի պետք է հստակ որոշենք, թե որո՞նք են լինելու նախարարության գործունեության թիրախները:
Սփյուռքի կոմիտե. մի քիչ պատմություն
... 1964-94 թթ. Հայաստանում հասարակական կազմակերպության կարգավիճակով գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որի նախաձեռնողների թվում էին Հրաչյա Քոչարը, հայ մշակույթի ուրիշ անվանի գործիչներ: «Երկաթե վարագույրի» պայմաններում դա սփյուռքի հետ կապի փաստորեն միակ խողովակն էր, եւ կոմիտեն մեծ դեր խաղաց արտերկրի հայության հետ առավելապես մշակութային ու կրթական հարաբերությունների զարգացման գործում: Ճիշտ է, խորհրդային տարիներին գերիշխող գաղափարականացված ու դասակարգային մոտեցման պայմաններում կոմիտեն իր աշխատանքը կառուցել է առավելապես ԽՍՀՄ-ի ու, մասնավորապես, Խորհրդային Հայաստանի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցած, այսպես կոչվածՙ առաջադիմական կազմակերպությունների հետ:
Հայաստանի անկախության հռչակումից հետո սփյուռքի հետ ուղղակի, անմիջական կապեր հաստատեցին ոչ միայն հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները, այլեւ փաստորեն հասարակական, արտադրական ու առեւտրային ցանկացած կազմակերպություն: Կոմիտեի մենաշնորհային կարգավիճակը հետզհետե ի չիք դարձավ: Անհեթեթ պնդումները, թե սփյուռքի կոմիտեն իբր ՊԱԿ-ի մասնաճյուղն էր, հաստատության շուրջը ձեւավորեցին բացասական մթնոլորտ: 1994-ի դեկտեմբերին արդեն փաստացի գոյություն չունեցող կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գրիգոր Բաղդասարյանը հիմնարկության կնիքը հանձնեց ՀՀ արդարադատության նախարարություն, եւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն ավարտեց իր 30-ամյա գոյությունը:
Սփյուռքի կոմիտեի պատմությունը դեռ սպասում է իր հետազոտողին: Վերջինս անպայման կփաստի, որ կոմիտեի գործերում իրենց ծանրակշիռ ավանդն են ներդրել այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Պարույր Սեւակը, Վազգեն Ա Ամենայն հայոց երջանկահիշատակ կաթողիկոսը, Սիլվա Կապուտիկյանը:
Ի դեպ, Հայաստանի ազգային արխիվում լիովին պահպանված է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ողջ արխիվը: Սերունդների համար շատ հետաքրքրական ու չափազանց օգտակար կլինի կոմիտեի հիմնադիր նախագահ Վարդգես Համազասպյանի (նա ղեկավարել է 1964-85 թթ.ՙ 21 տարի անընդմեջ) անձնական արխիվն ու, հատկապես, հարուստ նամականին: Ասեմ նաեւ, որ մինչեւ կոմիտեի ստեղծումը սփյուռքի հետ կապերով զբաղվել է ԱՕԿՍ-ըՙ 1944-ին ստեղծված Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ու մշակութային կապի հայկական ընկերությունը, որի հարուստ արխիվը խորապես ուսումնասիրել է ՀՀ մշակույթի այժմյան նախարար, երկար տարիներ ԱՕԿՍ-ի առաջին փոխնախագահ ու խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը:
Մի քանի տարի անց միայն Հայաստանի իշխանությունները որոշեցին վերականգնել սփյուռքի հետ կապերը համակարգող մի օղակ: 2000-ին ԱԳՆ-ում կազմավորվեց սփյուռքի հետ կապերի պետական գործադիր քարտուղարություն, որը հետագա տարիների մի քանի անգամ փոփոխեց իր անվանումը («Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն» գործակալություն, իսկ 2002-իցՙ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալություն): Այս տարվա ապրիլին գործակալությունը վերակազմավորվեց ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի: Այժմ ու մինչեւ հոկտեմբերի 1-ը, երբ, ինչպես նախատեսվում է, կսկսի գործել Սփյուռքի հարցերի նախարարությունը, այդ ոլորտը համակարգող մարմինը մտնում է ԱԳՆ համակարգի մեջ:
Գաղափարը միս ու արյուն է առնում
Սփյուռքի հարցերով զբաղվող հատուկ գերատեսչություն ստեղծելու գաղափարը նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հնչեցրել է իր ընտրարշավի ընթացքում, եւ այժմ այդ մտահղացումը միս ու արյուն է առնում: Պետության նոր ղեկավարը խիստ կարեւորում է արտերկրի հայության մասնակցությունը հանրապետության հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքին, աշխարհասփյուռ ողջ հայության ներուժի լայն օգտագործումը պատմական հայրենիքի զարգացման նպատակով:
Ճիշտ է, հարցերի մի ամբողջ փնջի արդյունավետ լուծումից է կախված ապագա նախարարության նպատակասլաց գործունեությունը: Այդ հարցերից առաջինը նոր նախարարության գործունեության համակարգն է: Ինչպե՞ս է այն աշխատելու. ստեղծելով իր ներկայացուցչություններն արտասահմանո՞ւմ, դառնալով «զուգահեռ» Ա՞ԳՆ, թե՞ կատարելով արտգործնախարարությանՙ արտաքին քաղաքականության իրագործման բնագավառում ԱԳՆ-ի առաջատար ու համակարգող դերի մասին ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի դրույթները, կաշխատիՙ սերտորեն համագործակցելով այդ նույն ԱԳՆ-ի հետ:
Մեր կարծիքով, ամենաօպտիմալը կլինի սահմանել, որ Սփյուռքի հարցերի նախարարության ներկայացուցիչները գործելու են ՀՀ դեսպանությունների հովանու ներքո, լինելով դեսպանության խորհրդական, իսկ առավել հայաշատ երկրներումՙ դեսպանության դեսպանորդ-խորհրդական (կամ, ինչպես ՀՀ դիվանագիտական գերատեսչության համակարգում ընդունված է ասել, արտակարգ դեսպանորդ ու լիազոր նախարար):
Կարեւոր է, որ այս դրույթն ամրագրվի ՀՀ նախագահի հատուկ հրամանագրով կամ կառավարության հատուկ որոշմամբ, որպեսզի ժամանակի ընթացքում դեսպանների ու սփյուռքի նախարարության ներկայացուցիչների միջեւ վեճեր ու այլեւայլ խնդիրներ չծագեն: Ընդսմին, չմոռանանք, որ ՀՀ շատ դեսպաններ, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, դեսպանընկալ պետության իշխանությունների հետ կապերի փոխարեն իրենց գործունեության հիմնական շեշտը դնում են տեղի հայ համայնքի հետ աշխատանքի վրա: Չմոռանանք նաեւ, որ ՀՀ շատ դեսպանությունների շենքերն ու գույքը մեր պետությանն են տրամադրել հենց սփյուռքահայ համայնքները, այսինքնՙ դեսպանություններն արդեն սերտ կապեր ունեն գաղթօջախների հետ:
Այստեղ կարելի է օգտագործել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի այն դրույթը, որ ՀՀ նախարարություններն իրենց պաշտոնյային կարող են գործուղել աշխատանքի ԱԳՆ համակարգ: Անշուշտ, ՀՀ դեսպանը պիտի մնա մեր պետության գերագույն ներկայացուցիչը տվյալ երկրում, եւ սփյուռքի նախարարության պատվիրակը պիտի նրա հետ աշխատի համագործակցաբար, հաշտ ու համերաշխ:
Այս կամ այն նախարարության ներկայացուցիչ դեսպանություններ գործուղելն ընդունված է ամբողջ աշխարհում: Ֆրանսիայում իմ աշխատած տարիներին այդ երկրում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական ու միաժամանակՙ ԽՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության նախարարության պատվիրակն էր հայազգի Էրաստ Ղազիեւը: ԽՍՀՄ բոլոր դեսպանություններում կային բարեկամության խորհրդային ընկերությունների (ՍՍՕԴ-իՙ մեր ԱՕԿՍ-ի երբեմնի վերադասի) ներկայացուցիչներ, որոնք դեսպանության լիիրավ պաշտոնյաներն էին: Ֆրանսիայի դեսպանություններիՙ լեզվի, կրթության ու մշակույթի գծով կցորդներ են այդ երկրի կրթության ու մշակույթի նախարարությունների գործուղած մասնագետները: Էլ չասենք ամբողջ աշխարհում տարածված պրակտիկայի մասին, երբ դեսպանություններին կից ռազմական կցորդներն են յուրաքանչյուր երկրի պաշտպանական գերատեսչության աշխատակիցները, թեեւ դա արդեն այլ, ռազմադիվանագիտական գործունեության ոլորտն է:
Դիվանագիտական, թե՞ քաղաքացիական ծառայություն
Այս խնդիրն անպայման ծագելու է նոր նախարարության ձեւավորման ընթացքում: Բանն այն է, որ մինչ այսօր սփյուռքի հետ կապերի գործակալության, իսկ այժմՙ պետական կոմիտեի աշխատակիցները պատկանում են դիվանագիտական ծառայությանը, եւ նրանց ընդունելությունը, առաջխաղացումը, դիվանագիտական կոչումների շնորհումը եւ այլ պաշտոնեական փոփոխությունները կարգավորվում են դիվանագիտական ծառայության մասին օրենքի դրույթներով: Բայց նախարարությունը, նախ եւ առաջ, քաղաքացիական ծառայության սուբյեկտ է: Լուծումը մենք տեսնում ենք հետեւյալում. նախ, օրենսդրությամբ սահմանված քաղծառայության, պետական ծառայության, դիվանագիտական ծառայության ու զինվորական ծառայության կոչումների ու պաշտոնների համապատասխանություն պետք է լինի: Դա մեկ: Երկրորդ, սփյուռքի նախարարությունում պետք է համադրել քաղաքացիական ու դիվանագիտական ծառայության ներուժը, որպեսզի ԱԳՆ-ում աշխատող մասնագետները չվարանեն տեղափոխվել նոր նախարարություն եւ որեւէ մտավախություն չունենան իրենց հետագա պաշտոնեական աճի համար:
Իսկ սփյուռքահայե՞րը
Այս հարցը բնական է: Մի՞թե սփյուռքահայերը չպետք է հնարավորություն ունենան մասնակցելու նոր նախարարության գործունեությանը: Միանգամից նշենք, որ սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմին է, գերատեսչություն, այնտեղ կարող են պաշտոնավարել միայն ՀՀ քաղաքացիները. այդպիսին է մեր օրենքի պահանջը: Արտերկրի մեր քույրերի ու եղբայրների կարողությունները գործի դնելու համար, մեր պատկերացմամբ, նախարարության բոլոր հիմնական վարչություններում պիտի նախատեսված լինեն հայեցողական պաշտոններ (խորհրդական, խորհրդատու), ուր կարող են ներգրավվել օտարերկրյա քաղաքացիները:
Հայաստանի անկախության հռչակումից հետո մի շարք սփյուռքահայեր նշանակվեցին պետական բարձրագույն պաշտոնների: Հիշենք, որ նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը դարձավ ամերիկահայ Րաֆֆի Հովհաննիսյանը, էներգետիկայի նախարար, իսկ հետո պետական նախարար նշանակվեց ԱՄՆ քաղաքացի Սեպուհ Թաշճեանը, նախագահի խորհրդականներ եղան եւս ամերիկացիներ Ժիրայր Լիպարիտյանն ու Նիկոլ Շահգալդյանը, իսկ հետագայում Կասիա Աբգարյանը, փոխնախարար աշխատեցին Վարդան Օսկանյանը (որն ավելի ուշ ստացավ ՀՀ քաղաքացիություն ու նշանակվեց արտգործնախարար) եւ Իշխան Մարտիրոսյանը, սփյուռքահայերից դարձան ՀՀ դեսպաններ, միջազգային կազմակերպություններում հանրապետության ներկայացուցիչներ եւ այլն: Մի շարք նշանակումներ եղան նաեւ, այսպես կոչված, ներքին սփյուռքիցՙ նախկին Խ. Միության, առավելապեսՙ Ռուսաստանի հայության թվից:
Ձեռնպահ մնանք ու չխոսենքՙ որքանով էին այդ նշանակումները արդյունավետ եւ ինչպիսին էր նրանց գործունեության ու անձերի հանրային ընկալումը, ուղղակի փաստենք, որ սփյուռքի հայրենակիցներիՙ Հայաստանի պետական կյանքին մասնակցության որոշ թվով օրինակներ մեր նորագույն պատմության մեջ կան:
Օգտակար կլիներ սփյուռքից հրավիրել մի քանի ներկայացուցիչՙ սփյուռքի կենտրոններից մեկական պատվիրակ, նաեւՙ որպես Սփյուռքի հարցերի փոխնախարար: Դա հայեցողական պաշտոն է, եւ օրենքը թույլ է տալիս ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նշանակումը: Նախարարության հովանու ներքո կարելի է ստեղծել հասարակական խորհուրդ կամ համասփյուռքյան համագումար (որի կազմում ընդգրկվեն սփյուռքի հայտնի դեմքեր), որը, գումարվելով տարին մեկ, քննության առնի աշխարհասփյուռ հայության հիմնահարցերը, բանաձեւեր ու առաջարկություններ ընդունի եւ հետզհետե դառնա Սփյուռքի ներկայացուցչական մարմին:
Կառուցվածք
Նախարարության կառուցվածքում նպատակահարմար կլիներ ստեղծել տարածաշրջանային (ըստ մայրցամաքների) եւ ֆունկցիոնալ վարչություններ:
Չափազանց կարեւոր է մամուլի ու տեղեկատվության օղակի ստեղծումըՙ հետագայում համահայկական տեղեկատվական ցանց (օրինակ, հայնետ պայմանական անվանումով), համահայկական լրատվական գործակալություն ու համահայկական հեռուստատեսություն ձեւավորելու նպատակով:
Մեծ նշանակություն ունի աշխարհի հայկական, առավել եւսՙ հայատառ մամուլի համակարգումը, պետական մակարդակով սատարումը, այդ մամուլի մշտական դիտարկումը, ուսումնասիրումը: Ռուսաստանի օրինակով (որը վերջերս արդեն 10-րդ անգամ անցկացրեց ռուսալեզու մամուլի համաշխարհային համաժողով) պետք է մտածենք հայկական մամուլի համաշխարհային համագումար նախաձեռնելու մասին: Նախադեպն ունենքՙ Հայաստան-սփյուռք համաժողովների շրջանակում եղել են քննարկումներ ներտեղեկատվական ու մամուլի հիմնահարցերի շուրջը:
Նախարարությունը պետք է զբաղվի հայոց լեզվի տարածմամբ, գաղթօջախներում մայրենիի ուսուցումը զարգացնելու կարեւոր գործով: Լեզվի ու կրթության հարցերը պիտի հոգա նախարարության մի հզոր վարչություն, որը համալրված լինի բանիմաց, գրագետ, ազգային մշակույթին անսահմանորեն նվիրված ու քաջատեղյակ մտավորականներով: Հայտնի է, որ տարաբնույթ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ուծացման հետեւանքով սփյուռքի նոր սերունդներն այլեւս չեն տիրապետում հայերենին: Այս հարցում օգտակար կլիներ զարգացնել մայրենիի ուսուցման ու հայրենաճանաչության նոր, այդ թվումՙ մուլտիմեդիա ժամանակակից միջոցները: Ինչպես ֆրանսիացիներն իրենց մշակույթը կամ բրիտանացիներըՙ լեզուն դարձրել են արտաքին քաղաքական ու գաղափարախոսական էքսպանսիայի կարեւորագույն գործիք, այդպես էլ մենք, հայերս, Հայաստանը պիտի կարողանանք մեր լեզուն, հայերենը տարածել գոնե մեր հայրենակիցների, առավելապես նոր սերունդների շրջանում: Դրան պետք է նպատակաուղղվեն հանրապետության բոլոր միջոցները, օծգտագործվեն բոլոր կարողությունները: Մասնավորապես, գուցե արժե՞ բանասիրական ֆակուլտետն ավարտածին մի քանի տարով գործուղել հեռավոր գաղթօջախներՙ հայերեն դասավանդելու:
Անհրաժեշտ է նախարարությունում ունենալ մի կառույց, որը համակարգի սփյուռքի հետ կապված տնտեսական, գործարար նախագծերը: Այստեղ չափազանց կարեւոր է պահպանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայիս բարձր կարգավիճակն ու կառուցվածքը, թեեւ կազմակերպական-իրավաբանական առումով այն եւս նպատակահարմար է տեղափոխել նախարարության համակարգ, նրա գործադիր վարչությանը տալով առանձնացված կառույցի, կամ, մի գուցե, համակարգի շրջանակներում պետական կոմիտեի կարգավիճակ:
Ժամանակին Հայաստանի գիտությունների ակադեմիայում գործում էր սփյուռքահայ համայնքների պատմության ու մշակույթի բաժինը: Լավ կլինի այսօր ստեղծել սփյուռքի պատմության ինստիտուտ (կամ կենտրոն), որը կգործի թե՛ սփյուռքի նախարարության, թե՛ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կրկնակի ենթակայությամբ: Ինստիտուտը (կենտրոնը) ոչ միայն պիտի գիտական հետազոտություններ կատարի արտերկրի գաղթօջախների պատմության հարցերի շուրջը, այլեւս գիտականորեն հիմնավորված առաջարկություններ տա նախարարության ղեկավարությանն ու ստորաբաժանումներին:
Այդ կենտրոնի գործունեության առանցքը պիտի դառնա քաղաքական հայագիտությունը, առավել եւս, երբ որոշ պետություններ պետական մակարդակով ծավալուն աշխատանքներ են տանում մեր ժողովրդի պատմությունը խեղաթյուրելու, պատմական ճշմարտությունն ու պատմականության դեմ տարաբնույթ գործողություններ ծրագրելու, այս հարցերի շուրջը ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ:
Գիտական այդ կենտրոնը պիտի ձեռնամուխ լինի «Հայոց սփյուռք» բազմահատորյակի կազմմանը: Այս թեմայով սեղանի վրա են, մասնավորապես, «Հայերն աշխարհում» հանրագիտական համառոտ բառարանն ու «Հայ սփյուռք» հանրագիտարանը, որը 1995 եւ 2003 թթ. հրատարակել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը, եւ գիտությունների դոկտոր Կարլեն Դալլաքյանի «Սփյուռքի պատմություն» թեեւ ծավալով փոքր, սակայն տարողունակ գիրքը:
Չափազանց կարեւոր է սփյուռքյան, հատկապես, ուսանողական երիտասարդական կազմակերպություններիՙ պետական մակարդակով սատարումը: Ցավոք, մեր հարեւան Ադրբեջանում նույնիսկ այդ խողովակն օգտագործվում է հակահայկական քարոզչություն կազմակերպելու, Հայաստանի դեմ տարաբնույթ նախաձեռնություններ ձեռնարկելու նպատակով:
Նույնը պիտի վերաբերի ստեղծագործական միություններինՙ նկարիչների, գրողների, ճարտարապետների, կինեմատոգրաֆիստների եւ այլն, եւ մեր հայրենակիցների հետ կապերի մասին պիտի հիշենք ոչ թե միջոցառումից միջոցառում, համաժողովից համաժողով, այլ այդ «երկկողմանի երթեւեկությամբ» ընթացքը պիտի լինի մշտական, ամենօրյա: Գոհունակությամբ կարելի է մեջբերել սփյուռքյան մի շարք արվեստագետների ներգրավումը կամ վերականգնումը ստեղծագործական միությունների կազմում, նրանցից շատերի մասնակցությունը հայաստանյան ցուցահանդեսային ու փառատոնային կյանքին: Սակայն այդ ամենը բավարար չէ ու պիտի միայն սկիզբ համարվի:
Ստեղծագործական, արվեստի թեման ավարտելու համար անդրադառնամ նաեւ գեղարվեստական ու պատմական արժեքները սփյուռքից հայրենիք բերելու, վերադարձնելու խնդրին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ տողերիս հեղինակի հորՙ լրագրող, դիվանագետ ու պետական գործիչ Հենրիկ Լիլոյանի ջանքերով ու օժանդակությամբ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությունում պաշտոնավարելու շրջանում Հայաստան են բերվել արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր, արխիվներ, որոնք այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի, Մատենադարանի, մշակութային այլ օջախների ցուցադրության եւ հավաքածուի մաս են կազմում: Նույնն արել են նաեւ խորհրդահայ այլ դիվանագետներ:
Սակայն այսօր այդ գործընթացն այնքան էլ աշխույժ չէ: Այդպես էլ իրականություն չդարձավ Երեւանում ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Գառզուիՙ Գառնիկ Զուլումյանի թանգարանն ստեղծելու գաղափարը (ի դեպ, վերջերս, ընթերցելով ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի օրագիրը, կարդացի հետեւյալ տողերը. «Ընդունեցի ֆրանսահայ գեղանկարիչ Գառզուին: Ասացի, որ ժամանակն է Երեւանում ստեղծել նրա տուն-թանգարանը: Համաձայնեց»: Այդ երկխոսությունից անցել է 23 տարի, սակայն Գառզուի թանգարան Երեւանում չունենք: Մեկ այլ օրինակ. անցյալ տարի Փարիզում հանդիպել եմ ճանաչված գեղանկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանին, որն արդեն 87 տարեկան է, նա եւս ցանկություն հայտնեց գործերը նվիրել հայրենիքին: Նույն Ֆրանսիայում լուր ստացա, որ վախճանվել է ֆրանսահայ գեղանկարիչ Փափազը, որի ինքնատիպ արվեստի թեման մեր հավերժական ցավն էՙ Հայոց ցեղասպանության տեսարանները: Դժվար թե գտնվի նրա գործերը պահպանելու ու ցուցադրելու ավելի լավ վայր, քան Հայաստանը):
Անկախության տարիներին Հայաստան վերադարձան շատ ու շատ մասունքներ: Բավական է հիշել Անդրանիկ զորավարի պարգեւներն ու սուրը, որ հայրենիք բերվեցին Սերժ Սարգսյանի անմիջական միջամտությամբ ու օժանդակությամբ: Աշխատանք է տարվում Մայր աթոռ Ս. Էջմիածնում Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) թանգարան ստեղծելու ուղղությամբ: Ֆրանսահայ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գործերը հարստացրին ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցադրությունը: Այդ շարքը պիտի շարունակվի:
Միգուցե, այս գործերը պահելու ու ուսումնասիրելու բարի գործի համար արժե՞ ստեղծել Սփյուռքի պատմության ու արվեստի առանձին թանգարան:
Խրախուսելի կլինի սփյուռքահայ գործիչների համար մրցանակների սահմանումը, ավելի ճիշտ, վերականգնումը: Խորհրդային տարիներին թե Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, թե Հայաստանի գիտությունների ակադեմիան ու ստեղծագործական միություններն ունեցել են մրցանակներ, որոնք շնորհվել են սփյուռքահայ գործիչների, մտավորականների, այլ անձանց, եւ այս պրակտիկան դադարեցվեց Հայաստանի անկախացումից ի վեր:
Գովելի է, որ անկախության բոլոր տարիներին լայնորեն կիրառվում է առավել աչքի ընկած սփյուռքահայերի, առաջին հերթին, մտավորականների ու բարերարների պարգեւատրումը ՀՀ պետական պարգեւներով: Բավական է տեսնել, թե ինչ հպարտությամբ են սփյուռքահայերն ընդունում հայրենիքի թեկուզ քիչ հայտնի հասարակական կազմակերպության ցանկացած խրախուսանք, էլ չասենքՙ պետական պարգեւ: Մենք պետք է ավելի համարձակ օգտագործենք հանրապետության պարգեւային համակարգը, այդ թվում, գերատեսչական պարգեւները, արտերկրի մեր հայրենակիցներին, ընդհանրապես, բարեկամներինՙ խրախուսելու, գնահատելու համար:
Նախարարությունը պիտի պարբերաբար կազմակերպի բանավեճեր, կլոր սեղաններ, կարծիքների բախում սփյուռքի, ընդհանրապեսՙ հայությանը հուզող հիմնախնդիրների շուրջը: Պարզապես կարեւոր է ճիշտ ընտրել բանավեճի թեման, որոշել բանավեճը վարողին, որպեսզի դրանից ակնկալվի ինչ-որ օգտակար արդյունք:
Օրախնդիր է սփյուռքի հիմնահարցեր լուսաբանող թերթի ստեղծումը: Կարելի է նույնիսկ վերականգնել «Հայրենիքի ձայն» թերթը, որը Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի պաշտոնաթերթն էր եւ լայնորեն տարածվում էր աշխարհով մեկ: Մեր պատկերացմամբ, այդ թերթը պիտի լինի ողջ հայության, նախ եւ առաջ արտերկրի հայության մասին պատմող պարբերական եւ հավաքատեղի: 18 տարի ՀՀ-ում գոյություն ունի ազատ մամուլ, սակայն չկա մշտական լրահոս սփյուռքի բոլոր գաղթօջախներից, կամ էլ այն չունի մշտական բնույթ: Նախ եւ առաջ, ֆինանսական պատճառներով Հայաստանի ԶԼՄ-ները, չնչին բացառությամբ, զուրկ են արտասահմանում մշտական թղթակիցներ պահելու հնարավորությունից (խոսքս չի վերաբերում մեր այն գործընկերներին, որոնք ընտանեկան, գործարար եւ այլ հանգամանքների բերումով ապրում են դրսում ու թղթակցում են մեր պարբերականներին, այդ թվումՙ «Ազգին» :
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանՙ մայր հայրենիքում անցկացվող ավանդական դասընթացների օրինակով լավ կլիներ կազմակերպել սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչների ստաժավորում հայրենի ԶԼՄ-ների խմբագրություններում, մեր գրչակից եղբայրներին հնարավորություն տալով ծանոթանալ հայատանյան մամուլին, փորձ փոխանակել, խորամուխ լինել հայրենիքի առօրյային: Անհրաժեշտ է նաեւ հակառակ գործընթաց, որպեսզի Հայաստանի լրագրողները կարողանան նախարարության օժանդակությամբ մեկնել արտերկիր ու որոշ ժամանակ աշխատակցեն սփյուռքի պարբերականներում:
Սփյուռքի կոմիտեի երբեմնի օրինակով, նախարարության մամուլի բաժինը պետք է տարածի հոդվածներ, մեկնաբանություններ, լուսանկարչական տեղեկատվություն: Ինչո՞ւ չէ, այդ արտադրանքը նաեւ պիտի կրի քարոզչական բնույթ, մեկնաբանելով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը, համահայկական հնչեղություն ունեցող հիմնախնդիրները (լեզու, մշակույթ, ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղի հիմնահարց եւ այլն):
Նախարարության մեծ ու փոքր գործերը, սփյուռքում տեղի ունեցող քիչ թե շատ նշանավոր իրադարձությունները, վիճակագրական ու այլ տեղեկություններ, թվում է, պիտի ամփոփվեն «Սփյուռք» տարեգրքում, որը պիտի դառնա ավանդույթ ու սփյուռքահայության թեմայով աշխարհում լավագույն ժողովածուն: Օգտակար կլինի, որ այն լույս տեսնի ոչ միայն հայերեն, այլեւ գրագետ ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, այլ լեզուներով:
Ժամանակն է զբաղվելու տվյալների համահայկական շտեմարանի ստեղծմամբ, ի մի բերել սփյուռքում մեր ունեցած ներուժըՙ գիտնական, նկարիչ, գրող, ճարտարապետ, պետական ու քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ, ճարտարագետ, գյուտարար, զինվորական, բժիշկ եւ այլն: Ժամանակին, Հայաստան-սփյուռք համաժողովների արշալույսին նման նյութեր էին ժողովվում ԱԳՆ-ում, հարցաթերթիկներ ուղարկելով տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդկանց: «Ով ով է սփյուռքում». այդպիսի մի կենսագրական ժողովածու եւս անհրաժեշտ է բոլորիս: Կարեւոր է, որ այն պարբերաբար վերահրատարակվի:
Սփյուռքի նախարարությունն իր կարեւորագույն առաքելությունը կատարած կլինի, եթե կարողանա աջակցել մեր մայր եկեղեցու տագնապի հաղթահարմանը: 2 տարի առաջ լրացավ այդ անախորժ իրավիճակի ծագման 50 տարին, արդեն 18 տարի վերացել են այս վիճակը ծնած քաղաքական դրդապատճառները, սակայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներքին ճաքը վերացված չէ, ավելինՙ Անթիլիասը մտադիր էլ չի հրաժարվել իր հարձակողական ու պառակտողական նկրտումներից: Մեր պետության բարձրագույն ղեկավարության օգնությամբ նախարարությունը պիտի ջանա (եւ բոլորս այդ հարցում պիտի ջանք չխնայենք) վերականգնել մեր եկեղեցու միասնությունը:
Ընդհանրապես, համագործակցությունը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ պիտի դառնա նոր նախարարության աշխատանքների կարեւորագույն ուղղություններից մեկը եւ, այս առումով, ճիշտ կլինի, որ Մայր աթոռ Ս. Էջմիածնի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, օրինակ, դիվանապետը մասնակցեր Սփյուռքի հարցերի նախարարության գործունեությանը, ներգրավվեր կոլեգիայի կազմում:
Դրա հետ մեկտեղ նախարարությունը պիտի աշխատի, համագործակցի հայության բոլոր հատվածների, բոլոր շերտերի հետ, խտրականություն չդնելովՙ հայն այլադավան է, թե՞ օրինակ, այլալեզու: Այն պիտի իսկապես դառնա համայն հայության նախարարություն:
Նախարարության աջակցույթամբ ու գործնական միջնորդությամբ սփյուռքի գիտնականները պիտի ներգրավվեն հայրենի գիտական ծրագրերում, ընտրվեն Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում (ի սեր Աստծո, միայն պետք չէ նրանց համար հատուկ հիմնել ակադեմիայի սփյուռքի բաժանմունք):
Անհրաժեշտ է կրթել, պատրաստել սփյուռքի մասնագետներՙ սկսած արեւմտահայերենի, սփյուռքի պատմության, մշակույթի, համանքային հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի, առանձին գաղթօջախների փորձագետների: Ցավոք, մարտնչող դիլետանտիզմի մերօրյա պայմաններում յուրաքանչյուրը կարող է իրեն սփյուռքի կամ ցեղասպանության պատմության գիտակ համարել, այնինչ այս ոլորտները պահանջում են լրջագույն մոտեցում, խորագույն գիտելիքներ, լայն մտահորիզոն, անհրաժեշտ այլ որակներ:
Մեկ նկատառում եւս. նախարարության արդյունավետ աշխատանքների համար չափազանց կարեւոր է, որ արտերկրում գործող կուսակցությունները, համասփյուռքյան կառույցները, այլեւայլ հաստատություններն ամենալայն աջակցություն ցույց տան հայրենի նոր գերատեսչությանը, նրա գործունեության մեջ չտեսնեն մրցակցություն կամ ախոյանական տարրեր: ՀՀ սփյուռքի հարցերի նախարարությունը կյանքի է կոչվում դրանց բոլորին սատարելու, եւ ոչ թե փոխարինելու կամ վերացնելու նպատակով:
Նույնը վերաբերում է երիտասարդական, մշակութային, մարզական, կրթական, կանանց, բարեսիրական կազմակերպություններին ու միություններին, որոնքՙ ի դեմս նախարարության, պիտի տեսնեն աջակցի, օգնականի, սատարողի, նույնիսկՙ պաշտպանի ու հովանավորողի: Համահայկական խաղերի աննախադեպ հաջողությունը ցույց է տալիս, որ միասնության կոնկրետ ձեռնարկումների շնորհիվ մեզ հաջողվում է հաղթահարել պառակտվածությունն ու բաժանվածությունը եւ իսկական միասնականություն ցույց տալ:
Այս առումով ուրախալի ու գովելի է, որ վերջերս գտնվելով Երեւանում, սփյուռքում խոշորագույններիցՙ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան կազմակերպության ու «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միության նախագահ Արա Աբրահամյանը ոչ միայն ողջունել է նախարարության ստեղծման գաղափարը, այլեւ պատրաստակամություն հայտնել համագործակցել դրա հետՙ ի բարօրություն հայրենիքի եւ սփյուռքի:
Հայաստանի կենտրոնական բանկի նորանշանակ նախագահ Արթուր Ջավադյանը վերջերս հստակ տեղեկություններ հրապարակեց Համահայկական բանկ կազմակերպելու վերաբերյալ: Այդ կառույցը եւս պիտի լինի դիտարկվող նախարարության կարեւոր գործընկերը:
Ո՞վ է ղեկավարելու սփյուռքի հարցերի նախարարությունը
Մեր կարծիքով, այդ պաշտոնին կարող են հավանկել երկու կարգի մարդիկ. Հայաստանի նախկին ղեկավարներից (ՀՀ նախագահ, Ազգային ժողովի նախագահ կամ ՀՀ վարչապետ), որոնք իրենց նախկին պետական բարձր կարգավիճակով էլ ավելի կընդգծեն սփյուռքի հետ կապերի նկատմամբ պետական հոգածությունն ու ուշադրությունը: Երկրորդ կարգին մենք կդասեինք բազմափորձ պետական (ոչ այնքան քաղաքական) մի գործչի, որն աչքի է ընկնում իր հավասարակշռված կեցվածքով մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այդ հատկանիշը միայն կօգնի նախարարին իր գործունեության ընթացքում:
Այս նյութն արդեն ավարտված էր, երբ հրապարակվեց ՀՀ նախագահի հրամանագիրըՙ Հրանուշ Հակոբյանին ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու վերաբերյալ: Մեր խորհրդարանի ստաժով հնագույն պատգամավորը, իրավագիտության դոկտորը, որը Խորհրդային Հայաստանի ղեկավարության մաս է կազմել, երկու անգամ գլխավորել է նորանկախ Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովները, վարել է հանրապետության նախարարի պաշտոն, լավ, եթե չասենքՙ լավագույն թեկնածուներից է, հաջող ընտրություն է: Եթե այս ամենին ավելացնենք շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ հենց Հրանուշ Հակոբյանն է գլխավորելու ՀՀ սփյուռքի նախարարությունը, կարելի է պնդել, որ նոր հաստատությունն ունի լավ ղեկավար:
Այսօր ողջ են Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահներ Կարլեն Դալլաքյանը (1985-90 թթ.) ու Հրաչիկ Սիմոնյանը (1990-92 թթ.), կոմիտեի նախկին փոխնախագահներ Գրիգոր Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը, Ռոմեն Կոզմոյանը, Կարեն Միքայելյանը եւ այլք: Չէր խանգարի, որպեսզի նրանց փորձը, կարծիքն ու առաջարկություններն օգտագործվեն նոր նախարարության ծրագրերում: