«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ՊԵԿԻՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԱՆՑԱՎ

Հայաստանը մեդալների հաշվարկով 79-րդ տեղում է

Օգոստոսի 24-ին Պեկինում վերջնագիծը հատեց 29-րդ ամառային օլիմպիադան: Երկու շաբաթ շարունակ 205 երկրների ավելի քան 10 հազար մարզիկներ համառ պայքար էին ծավալել մեդալների 302 հավաքածուի համար: Այդ մեդալները բաժին հասան 87 երկրների ներկայացուցիչներին: Ուրախությամբ պետք է նշել, որ մեդալներից անմասն չմնացին նաեւ հայ օլիմպիականները` նվաճելով 6 բրոնզե պարգեւ: Մեդալների հաշվարկով (այն կատարվում է ելնելով ոսկե մեդալների քանակից) Հայաստանը 79-րդ տեղում է: Իսկ եթե հաշվարկը կատարենք ելնելով մեդալների ընդհանուր թվից, ապա Հայաստանը 87 երկրների մեջ բաժանում է 30-37-րդ տեղը: Մեդալների քանակով Հայաստանն ու Վրաստանը հավասար են (3-ական ոսկե եւ բրոնզե մեդալ), իսկ Հայաստանը Ադրբեջանին զիջում է մեկ մեդալով (1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե):

Պեկինյան օլիմպիադան ավարտվեց տանտերերի` չին մարզիկների հաղթարշավով: Չինաստանի մարզիկները նվաճեցին բոլորից շատ ոսկե մեդալ (51) եւ մեդալների հաշվարկով գրավեցին առաջին տեղը: Ընդհանուր առմամբ չին մարզիկներն արժանացան 100 մեդալի: Պարգեւների ընդհանուր քանակով լավագույնն ԱՄՆ-ի հավաքականի ցուցանիշն է (110): Ամերիկացիները 36 ոսկե մեդալով զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: 3-րդ տեղում ռուսներն են, թեեւ հաշվի առնելով նաեւ նախկին ԽՍՀՄ-ի մարզիկների արդյունքները, պեկինյան օլիմպիադան ՌԴ հավաքականի համար ամենաանհաջողն էր:


Օլիմպիադայի ավարտական երկու օրերին մեդալները վիճարկեցին խաղային մարզաձեւերի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկան ամերիկացիները` նվաճելով 6 մեդալ (երեքական ոսկե եւ արծաթե մեդալ): Ռուսներն ու բրազիլացիները մեդալների իրենց հավաքածուն հարստացրին 3 պարգեւով, իսկ ահա չին մարզիկները միայն մեկ մեդալ նվաճեցին:

Ինչպես միշտ, օլիմպիական խաղերում մեծ հետաքրքրություն են ներկայացնում բասկետբոլի մրցումները: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում ուժեղագույն ճանաչվեցին ԱՄՆ-ի հավաքականները: Տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կրժիժեւսկուն վերջապես հաջողվել էր ուժեղ կազմ հավաքել եւ հավաքականում ընդգրկել այնպիսի «աստղերի», ինչպիսիք են Կոբի Բրայանտը, Լեբրոն Ջեյմսը, Դուայտ Հոուարդը, Դուեյն Ուեյդը: Եվ դա տվեց իր արդյունքը: Ամերիկացիները վստահ անցկացրին ողջ մրցաշարը եւ եզրափակիչում 118-107 հաշվով հաղթելով իսպանացիներին, 2002-ից հետո հասան ամենամեծ հաջողությանը` նվաճելով օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:

Տղամարդկանցից հետ չմնացին նաեւ կանայք: ԱՄՆ-ի կանանց հավաքականը վճռորոշ խաղում պարտության մատնեց ավստրալուհիներին (92-65): Երրորդ տեղի համար պայքարում ռուսները 94-81 հաշվով առավելության հասան Չինաստանի հավաքականի նկատմամբ: Տղամարդկանց մրցաշարում բրոնզե մեդալները նվաճեցին արգենտինացիները` 87-75 հաշվով հաղթելով լիտվացիներին:

Վոլեյբոլի մրցաշարը վերածվել էր ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հավաքականների մրցավեճի: Տղամարդկանց մրցաշարում հաջողությունն ուղեկցեց ամերիկացիներին, որոնք հաղթեցին 3-1 հաշվով (20-25, 25-22, 25-21, 25-23): Նշենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը չեմպիոն էր հռչակվել 1988-ին, Սեուլում: Բրոնզե մեդալները, ինչպես եւ չորս տարի առաջ Աթենքում, բաժին հասան ռուսներին: Նրանք 3-0 (25-22, 25-19, 25-23) հաշվով պարտության մատնեցին իտալացիներին:

Իսկ ահա կանանց մրցաշարում Բրազիլիայի հավաքականը յուրօրինակ ռեւանշի հասավ` հաղթելով 3-1 հաշվով (25-15, 18-25, 25-13, 25-21): Մինչեւ եզրափակիչ մրցախաղը, բրազիլուհիները ոչ մի խաղափուլում չէին պարտվել եւ մոտ էին 1976-ի ճապոնուհիների արդյունքը կրկնելուն: Սակայն եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականին հաջողվեց մեկ խաղափուլ շահել: Իսկ ահա Աթենքի օլիմպիադայի չեմպիոն Չինաստանի հավաքականը բավարարվեց բրոնզե մեդալով` 3-1 (25-16, 21-25, 25-13, 25-20) հաշվով պարտության մատնելով կուբացիներին:

Ֆուտբոլի մրցաշարի հաղթող ճանաչվեց Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց նիգերիացիներին: Միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Դի Մարիան: Արգենտինացիների կազմում ոսկե մեդալի արժանացած ֆուտբոլիստների թվում է նաեւ Լիոնել Մեսին: Բրոնզե մեդալակիրը Բրազիլիայի հավաքականն է, որը 3-0 հաշվով առավելության հասավ բելգիացիների նկատմամբ: Երկու գոլ խփեց Ժոն, մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց Դիեգոն:

Հունգարիայի ջրագնդակի տղամարդկանց հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում հունգարացիները 14-10 հաշվով պարտության մատնեցին ամերիկացիներին: Բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիայի ընտրանին: Կանանց մրցաշարում հաջողությունն ուղեկցեց Հոլանդիայի հավաքականին, որը 9-8 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ջրագնդորդուհիներին: Համառ բնույթ կրեց նաեւ 3-րդ տեղի համար կայացած Հունգարիա-Ավստրալիա մրցախաղը, որի ելքը վճռվեց 11 մ հարվածներով:

Ձեռքի գնդակի մրցաշարում Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականին առաջին անգամ հաջողվեց օլիմպիական ոսկե մեդալ նվաճել: Ֆրանսիացիները 28-23 հաշվով հաղթեցին Իսլանդիայի հավաքականին: Բրոնզը բաժին հասավ իսպանացիներին, որոնք հաղթեցին խորվաթներին (35-29): Կանանց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Նորվեգիայի ընտրանին` 34-27 հաշվով հաղթելով ռուսներին: 3-րդ տեղը գրավեց Կորեայի հավաքականը` հաղթելով հունգարուհիներին (33-28):

Վերջում ներկայացնենք մեդալների հաշվարկով 20 լավագույն հավաքականների ցուցանիշները:

 ՈԱԲընդ.
1. Չինաստան512128100
2. ԱՄՆ363836110
3. Ռուսաստան23212872
4. Մեծ Բրիտանիա19131547
5. Գերմանիա16101541
6. Ավստրալիա14151746
7. Կորեա1310831
8. Ճապոնիա961025
9. Իտալիա8101028
10. Ֆրանսիա7161740
11. Ուկրաինա751527
12. Հոլանդիա75416
13. Ճամայկա63211
14. Իսպանիա510318
15. Քենիա55414
16. Բելառուս451019
17. Ռումինիա4138
18. Եթովպիա4127
19. Կանադա39618
20. Լեհաստան36110

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4