«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՓՈՔՐ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԵՌԸ

Շահեկան է, երբ հայոց մամուլում լրջմիտ նյութեր են հրապարակվում մեծ տերությունների աշխարհաքաղաքական կողմնորոշիչներում փոքր պետությունների ու ժողովուրդների անմխիթար դերի մասին, երբ նրանք կամա թե ակամա գործիք են դառնում առաջինների ձեռքին քաղաքական, տնտեսական թե ռազմական մասշտաբային ծրագրեր իրականացնելիս: Նույնիսկ Հայաստանի ընդդիմության ներկա ղեկավարը առանձնապես չի շահարկում երկրի ղեկավարության դիրքորոշումը Վրաստանի իրադարձությունների կապակցությամբ: Եվ դա լավ է:

Իրականում ի՞նչ ցույց տվեցին հարեւան պետությունում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները: Հասարակ վրացին արդեն համոզված է, որ վրաց ժողովուրդը տարածաշրջանի ամենաեվրոպական ազգն է, որ քաղաքակիրթ Ամերիկան ու Եվրոպան գժի պես սիրում են իրենց եւ անհամբերությամբ սպասում են սեփական շարքերն ընդունելու դեմոկրատիայի եւ ազատության նորաթուխ դրոշակակրին: Եվ եթե այդ խեղճ վրացուն ասես, օրինակ, որ իր երկրում կատարված արյունահեղությամբ ԱՄՆ-ը փորձում էր լուծել իր նախագահական նախընտրական պայքարի որոշ սկզբունքային հարցեր, նա, անշուշտ, կապշի` մենք ձգտում ենք վերադարձնել մեր «պապենական» հողերը, դա ի՜նչ կապ ունի Ամերիկայի գալիք ղեկավարի հետ...

Սակայն եթե նման մտայնությունը բնական է շարքային մարդու համար, ապա միանգամայն անթույլատրելի է պետության ղեկավարի համար, երբ գերագնահատվում է փոքր պետության քաշը համաշխարհային գործերում: Կարելի է կարծել, որ երբ Հանրապետական կուսակցության թեկնածու Մակքեյնը ի լուր աշխարհի հայտարարում է, թե հիմա (ողբերգական դեպքերից հետո) բոլորս վրացի ենք, ուրեմն նա պատրաստ է բոլոր պարագաներում պաշտպանել Սաակաշվիլուն: Մինչդեռ պարզ է, որ կրտսեր Բուշի եզակի ապաշնորհության հետեւանքով բարդ իրավիճակում հայտնված հիշյալ կուսակցությանը գոնե միջազգային ասպարեզում երեւացող հաղթանակ էր պետք: Իսկ ինչո՞ւ օլիմպիադայի քողի տակ հետ չնվաճել Հարավային Օսիան ու Աբխազիան: Բայց որտեղի՞ց այդքան վստահություն Սաակաշվիլուն, որ ռուսները դա կուլ կտան: Թե՞ ամերիկացիները զորք կմտցնեն Վրաստան: Ինչո՞ւ պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Սիրիայի նախագահ Ասադը հրապարակայնորեն դատապարտեց Վրաստանի ագրեսիան: Որովհետեւ նա հիանալի է հասկանում, որ իր ներվրացական խնդիրները լուծելուց հետո Սաակաշվիլին չէր կարող մերժել ամերիկացիներին իր երկիրը Իրանի դեմ (Սիրիայի դաշնակցի) ակնկալվող ռազմական հարվածի դեպքում հենակետ դարձնելու հարցում (գուցեեւ առանց դրան): Չէ՞ որ նման դեր ստանձնելուց կտրականապես հրաժարվում են Իրանի մյուս հարեւանները` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան:

Վերցնենք մյուս տերությունը: Օբյեկտիվորեն Ռուսաստանը օսերին փրկեց ցեղասպանությունից: Եվ Ցխինվալի բնակիչներն ի սրտե պատրաստ են համբուրելու ռուսների աջը: Սակայն գաղտնի՞ք է, որ այդ իսկապես մարդասիրականի վերածված պատերազմական գործողությունը բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում եւ բազմաչարչար օսերը սոսկ միջոց էին դրանց իրագործման ասպարեզում: Ամեն ինչ որոշում է ուժը, իսկ մեծ տերության ուժը բիրտ է, անողոք, անսեթեւեթ, նենգ, ցինիկ... Եվ փոքր ազգը երբեք չպիտի մոռանա սա:

Հիմա ռուսները մտորում են իրենց հաջորդ «գերմարդասիրական» ծրագրի շուրջը, ինչպե՞ս բազմազգ Վրաստանը ժողովուրդների երջանիկ ընտանիք դարձնեն երկիրը կոնֆեդերացիայի վերածելու միջոցով` Սվանեթիա, Կախեթիա, Իմերեթիա, Խեւսուրիա, Ջավախեթիա... Չմոռանանք նաեւ... Մառնեուլիան:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4