Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման վերանայման փոխարեն Կոսովոյի ճանաչման վերանայում
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից հիմնական ու հրատապ թեմա է մնում ոչ միայն իրենց դժգոհությունն արտահայտող եվրոպական տերությունների ու առայժմ դիրքորոշման որոշակիացման չգնացող երկրների համար, այլեւ հարաբերությունների հստակեցման ու ամենայն մերկությամբ ցուցադրելու գործոն տարբեր կառույցների պարագայում:
Երեկ ՆԱՏՕ-ն կոչով դիմեց Ռուսաստանին` վերանայելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման որոշումը, որին ի պատասխան Ռուսաստանն, ի դեմս ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի, տեղեկացրեց, որ դա անհնար է: Ավելին, Ռոգոզինը կոչ արեց Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին վերանայելու Կոսովոյի անկախության ճանաչման որոշումները:
Իսկ Վրաստանում առանձնակի ընդգրկուն պատասխան դեռ չի հնչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման ռուսաստանյան որոշմանը, բայց եւ ոչ ամբողջական ու վերջնական, թեեւ խորհրդարանի տարբեր ուժերի ներկայացուցիչների ու նախարարական մակարդակում նշվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների նվազագույնը պահպանելու հավանականության մասին: Ավելին, Վրաստանը կրճատում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Ռուսաստանում` թողնելով երկու դիվանագետ այն դեպքում, երբ Ռուսաստանը կարծես նման մոտեցում չի ցանկանում դրսեւորել:
Իրավիճակն ընդհանուր եւ մասնակի դիտարկման դեպքում անգամ անորոշության որակումներ ավելի շատ ունի, քան որոշակի, թեկուզ բացասական գնահատումներ: Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների խզումը բազմաթիվ այլ որակի խնդիրների սկիզբ կարող է դնել, որոնց արտահայտման մեկ օրինակ երեկ բերել է ինքը` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա, սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոմիության գագաթաժողովը, որին սակայն Սաակաշվիլին չի մասնակցի, զգուշանալով, որ Ռուսաստանը կարող է իրեն Թբիլիսի վերադառնալու հնարավորություն չտալ: «Եթե ես գնամ Վրաստանից, ռուսները կփակեն մեր օդային տարածքն ու կխոչընդոտեն հայրենիք իմ վերադարձը», գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նշել է Սաակաշվիլին:
Ու չնայած վրացական ուղղությամբ Ռուսաստանից կոնկրետ հայտարարություններ երեկ չհնչեցին, դրա փոխարեն Ռուսաստանում սկսում են խոսել Աբխազիային եւ Հարավային Օսիային ԱՊՀ-ին եւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հրավերի, ուկրաինական` Սեւծովյան նավատորմի համար գանձվող գումարները ավելացնելու նկրտումներին ի պատասխան հայտարարում են մինչեւ Ուկրաինայի հետ պայմանագրի ավարտ Սեւաստոպոլից դուրս չգալու մասին եւ այլն:
Պաշտոնական Երեւանը, ի դեմս արտգործնախարարության, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, թե աբխազական ու հարավօսական հակամարտությունները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտման հիման վրա, հավելմամբ, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է:
Ադրբեջանական կողմից կարծես արձակուրդում է արտգործնախարարն ու նախարարությունն ընդհանրապես, իսկ Իլհամ Ալիեւը երկրի «կառուցողական» խնդիրներով է զբաղված: Իսկ եթե հանկարծ ռուսներն իսկապես բարձրացնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` ԱՊՀ-ին անդամակցելու հարց, որ նշանակում է այդ կառույցի անդամ երկրների կողմից ճանաչում, դժվար է կանխատեսել, թե Հարավային Կովկասն ինչ բնութագրականներով տարածաշրջանի կվերածվի` նկատի ունենալով արդեն իսկ էթնիկ ծագմամբ պայմանավորված խնդիրների առատությունը: