«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է մեր տարածաշրջանում, սառը գնահատական է ստանում ՀՀ-ի կողմից, եւ այս պահին դա այնքան էլ ճիշտ չէ: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը տարածաշրջանում թվում է, թե կարելի է անտեսել եւ ուշադրություն չդարձնել, բայց դա ամենեւին էլ այդպես չէ: Ե՛վ Աբխազիան, ե՛ւ Հարավային Օսիան այն պետություններն են, որոնց ճակատագիրը շատ նման է Արցախի ճակատագրին: Արցախն այն պետությունն է այսօր, որ կարողացել է իր դիրքը սեփական ուժերով պաշտպանել: Արցախն այն պետությունն է տարածաշրջանում, որ ցույց է տալիս իր ժողովրդավարությունը: Ի տարբերություն Աբխազիայի եւ Օսիայի, ինքնուրույն կարող է շենացնել իր պետությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ շտկումների կարիք ունի, եթե չի կարողանում միջազգային հանրությանը ցույց տալ Արցախի նմանատիպ հաջող ձեռքբերումները: Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսպիսի կարծիքներ արտահայտեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի մատուցմամբ` Հայաստանն այսօր պետք է միջպետական պայմանագրեր կնքի ԼՂՀ-ի հետ, պայմանագրեր, որոնք կընդգրկեն պետության բոլոր ոլորտները` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլն: Որից հետո Հայաստանը նմանատիպ կոչով կարող է հանդես գալ` ճանաչելու ԼՂՀ-ի սուվերենությունը.«Առաջինը պետք է սառեցվի բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ: Մենք պետք է հայտարարենք, որ այլեւս չենք մասնակցելու բանակցային գործընթացին մինչեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը եւ Արցախը չեն ստորագրի պայմանագիր, որտեղ կպարտավորվեն հակամարտության լուծումը փնտրել միայն բանակցային միջոցով` առանց ուժի կիրառման»:

Այս ամենից ելնելով` Մելիք-Շահնազարյանին թվում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը նույնպես:

«Մենք հաճախ միշտ մեղադրում ենք ուրիշ պետություններին` երկակի ստանդարտներում, որ մի տեղ ճանաչում են, իսկ մյուս տեղում`ոչ: Բայց եթե մենք չենք ճանաչում Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը, մենք շարժվում ենք` ելնելով մեր քաղաքական շահերից: Մենք կարող ենք վրաց ժողովրդի հետ լինել բարեկամ, եւ բարեկամական հարաբերությունները պահպանել, բայց դրա հետ պետք է ասենք նաեւ ճշմարտությունը: Ե՛վ Աբխազիան, ե՛ւ Օսիան բոլոր իրավական հիմքերն ունեն, քան Կոսովոն: Եթե այդ ճշմարտությունը չասենք, ապա կկորցնենք մեր բարոյական իրավունքը` աշխարհից պահանջելու ԼՂՀ-ի անկախության ճանաչումը», ասում է բանախոսը:

Իսկ թե ի՞նչ կսպասվի ապագայում Հայաստանին, եթե առաջիններից մեկը ճանաչի Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը, քաղաքագետը խորհուրդ է տալիս բանակցային փուլի մեջ մտնել Ռուսաստանի հետ` նշելով, որ Հայաստանը կճանաչի Աբխազիան եւ Օսիան, եթե Ռուսաստանը ճանաչի Արցախը: Նա համոզված է, որ Աբխազիային եւ Օսիային Կիպրոսի ճակատագիրը չի սպասում:

«Կան պետություններ, որոնք մոտ օրերս կճանաչեն Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը: Մենք անվտանգության եւս մեկ երաշխիք կարող ենք ձեռք բերել, եթե ճիշտ ձեւով վարենք այդ բանակցությունները», ընդգծեց նա:

Բանախոսը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե ինչ տվեց Ռուսաստանի կողմից երկու պետությունների անկախության ճանաչումը: Քաղաքագետն ասաց, որ այդ ճանաչումը մեծ հաշվով ոչինչ չտվեց Հարավային Օսիային եւ Աբխազիային, բայց տվեց պաշտպանվելու երաշխավորում:

Ակումբի հյուրը նկատում է նաեւ, որ տարածաշրջանային վերջին զարգացումներից մեծանում է Թուրքիայի դերակատարումը, քանի որ վերջինիս աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ կարողանում է եթե ոչ հսկել, ապա ազդել բոլոր հարեւան պետությունների վրա. «Եվ երբ վրացիները առաջին օրը հարձակվեցին օսերի վրա, երբ ամերիկյան նավատորմը ճանապարհ էր խնդրում, իսկ Թուրքիան էլ իր հերթին մերժեց, այդ օրերին մի քանի քաղաքագետներ ու վերլուծաբաններ շտապեցին ասել, թե Թուրքիան կանգնելու է Ռուսաստանի կողքին, դա այդպես չէր: Թուրքիան կանգնել էր ինքն իր կողքին եւ առեւտուր էր սկսել. ուղղակի` «փող կտաք եւ այսքան շահ կունենամ», դիմացը` առեւտրականի հոգեբանությամբ ուզում էր գումար ունենալ: Ըստ երեւույթին` Թուրքիան նույնպես պատրաստ է ճանաչելու Աբխազիան, քանի որ գտնում է, որ Աբխազիան իր նահանգներից մեկն է»:

Վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը` Մելիք-Շահնազարյանը նկատեց. «Չեմ կարծում, թե Գյումրի-Կարս երկաթգիծը կգործի առաջիկա տարիներին: Իմ կարծիքը հիմնավորված է Ղարաբաղի հարցով: Թուրքիան իր բոլոր խնդիրները, բարեկամական խոստացված քայլերը պայմանավորում է Արցախը հանձնելով Ադրբեջանին: Ներքին քաղաքականությունն այնքան է հզորացել, որ ինքն իր քարոզչությանը, իր ժողովրդին դեմ չի գնա»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4