Այսպես գնահատեց ընդդիմության գործելակերպը Տիգրան Սարգսյանը վերջին շաբաթների արտակարգ իրավիճակի ընթացքում
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձավ Վրաստանի Գորի քաղաքի մոտ պայթեցված կամրջի հետեւանքով ստեղծված իրավիճակին: Նա տեղեկացրեց, որ այլընտրանքային կամուրջն արդեն գործում է, ապրանքները մեծ քանակությամբ ներմուծվում են Վրաստանի տարածքից, ինչի շնորհիվ վերջին օրերին նկատվող լարվածությունն ամբողջությամբ կթուլանա: Վարչապետը միաժամանակ շնորհակալություն հայտնեց վերջին երեք շաբաթների ընթացքում կառավարության օպերատիվ շտաբի հետ համագործակցող մասնավոր հատվածի ներկայացուցիչներինՙ գործարարներին, բեռնատարների վարորդներին, ինչպես նաեւ իրավիճակը «օպերատիվ եւ օբյեկտիվ» զանգվածային լրատվության միջոցներին, «ինչի արդյունքում հասարակությունում մենք կարողացանք պահպանել կայունություն եւ ստեղծված իրավիճակի ըմբռնում»:
Սակայն, միեւնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ «կային լրատվամիջոցներ, այդ թվում եւ արտասահմանյան, որոնք, չգիտես ինչու, վերջին օրերի ընթացքում կաշվից դուրս էին գալիս` ապացուցելու, որ մենք ունենք լուրջ պրոբլեմներ, որ մեզ սպասում են ցնցումներ, որ գները պետք է անպայման բարձրանան եւ այլն»: Այդպիսի տրամադրություններ ստեղծելու նրանց ջանքերը վարչապետը որակեց որպես «ամենապրիմիտիվ պրովոկացիա, որի նպատակը ոչ թե իշխանություններին թուլացնելն է, այլ մեր պետությունը թուլացնելը»: Նա նաեւ անդրադարձավ ընդդիմության փորձերինՙ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել` համեմատություններ անցկացնելով անցյալի հետ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ փորձերն «ուղղակի ժպիտ են առաջացնում, երբ հիշում ենք, թե ինչպե՞ս էին իրենք արտակարգ իրավիճակներում կարգավորում մեր երկիրը»: Վարչապետը առաջարկեց համեմատություններ անել, թե ինչպիսի՞ն էր ընդդիմության կեցվածքը Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում եւ ինչպիսի՞նՙ Հայաստանում:
Երբ երեք շաբաթ պատերազմական գործողություններ են մղվում հարեւան Վրաստանում, որտեղով կատարվում է Հայաստանի ապրանքաշրջանառության 70 տոկոսը, ըստ վարչապետի, այդ ընթացքում մեր հասարակությունը ցնցումներ չի զգացել եւ մեր քաղաքացու բնականոն կենցաղը չի խաթարվել: «Մենք կարողացել ենք ձեզ հետ ապահովել այս կայունությունը եւ առաջին հերթին` շնորհիվ մեր հասարակության աջակցության, ինչի համար ես բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ մենք զգում էինք նրանց մեր կողքին», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ արտակարգ իրավիճակներում պետք է միավորվենք, իսկ որեւէ սադրիչ գործողություն պետք է դատապարտվի, առաջին հերթին` հասարակության կողմից:
Ա. Մ.