«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Արցախի քաղաքական ուժերը` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, վերջապես օգոստոսյան թմբիրից արթնացել են եւ անմիջապես ձեռնամուխ եղել Հյուսիսային Կովկասում ստեղծված իրավիճակի ու ԼՂՀ անկախության ճանաչման հեռանկարների քննարկմանը:

Երեկ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ փոքր դահլիճում, փակ դռների հետեւում, տեղի է ունեցել «կլոր սեղան»: Թե ինչ խնդիրներ են այնտեղ քննարկվել` «կլոր սեղանի» ավարտից հետո լրագրողներին մասամբ ներկայացրին խորհրդարանի պատգամավորական խմբակցությունների ղեկավարները:

Վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, որ թերեւս միակ կուսակցական գործիչն էր, որը վրաց-օսական ճգնաժամի անցած ժամանակահատվածում հրապարակային տեսակետներ է արտահայտել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, լրագրողներին տեղեկացրեց, որ «կլոր սեղանի» մասնակիցները պայմանավորվել են մի քանի օր հետո դարձյալ հավաքվել, այս անգամ ԼՂՀ արտգործնախարարի մասնակցությամբ: Պատգամավորի խոսքով, հաջորդ քննարկումները հիմք կծառայեն խնդրո առարկայի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի համոզմամբ` անհրաժեշտ է հարցը մտցնել ԱԺ օրակարգ: Նա կարծիք հայտնեց, որ Արցախի խորհրդարանը պետք է ճանաչի Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, եւ քանի որ ԼՂՀ պետական ատրիբուտները ոչնչով չեն զիջում հիշյալ երկրներին, ուստի նույն ստանդարտները պետք է կիրառվեն նաեւ Ղարաբաղի պարագայում:

Նա միաժամանակ շեշտեց, որ Ղարաբաղը պետք է մարդասիրական օգնություն ցույց տա Հարավային Օսիային, մասնավորապես, շինարարության եւ առողջապահության ոլորտներում:

Հավելելով գործընկերոջ ասածին` Վահրամ Աթանեսյանն իրազեկեց, որ հարավկովկասյան պետական նոր կազմավորումների ճանաչման հարցը կլսվի ԱԺ աշնանային նստաշրջանում:

«ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նույնպես հավաստիացրեց, որ քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր տեսակետներն առկա են: Այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարում էր ԼՂՀ-ն մինչ այդ, պետք է շարունակվի նաեւ հետայսու:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ստեղծված իրավիճակում արդյոք չի՞ նվազում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, Վահրամ Աթանեսյանն ասաց, որ ինքը կասկածում է, թե ՌԴ եւ ԱՄՆ սառը հարաբերությունների պայմաններում այդ երկրները ներկայացնող համանախագահները կարող են համատեղ աշխատել: Նա ողբերգական չհամարեց այն իրողությունը, որ միջազգային շրջանակներում չի հոլովվում Ղարաբաղի անունը: Ոչ ոք հստակ չի կարող ասել` Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Կոսովոյի ճանաչումը վերջնական խաղաղություն կբերի, թե՞ ոչ. այսպես թեական էր պատգամավորի եզրակացությունը:

Հետաքրքրական էր օս-աբխազական հանրապետությունների անկախության ճանաչման գործընթացի առնչությամբ «Հայրենիք» խմբակցության ղեկավարի ձեւակերպումը: Արթուր Թովմասյանի կարծիքով, դա ոչ թե վերջիններիս վարած ճիշտ քաղաքականության, այլ Վրաստանի վարած սխալ քաղաքականության արդյունք էր:

ԼՂՀ-ն չի պատրաստվում ճանաչման խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնությանը, եւ նման հարց «կլոր սեղանի» ժամանակ չի արծարծվել, նշեցին բանախոսները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4