«Հայաստանը չի կարող անմասն մնալ նմանատիպ զարգացումներից, թեեւ, անկախ մեր կամքից, ամեն ինչ ազդում է մեր իրավիճակի վրա, մեզ պարտադրում է որոշակի քաղաքական թելադրանքների ներքո քաղաքական կեցվածքներ դրսեւորել: Արդեն իսկ մեր բնակչությունը զգացել է Վրաստանի դեպքերի ազդեցությունը` հատկապես վառելիքի մատակարարման առումով: Հույս ունենք, որ տնտեսական իմաստով դեպքերը հիվանդագին ազդեցություն չեն ունենա մեզ վրա», երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:
Նրա մատուցմամբ` աշխարհում ստեղծվում է երկրորդ բեւեռը, եւ այդ ամենը կարող է շատ ու շատ քաղաքական ուղղումներ մտցնել միջազգային գործելակերպի մեջ, եւ Հայաստանն ունենալով իր ազգային պետական շահերը, այնպես պետք է անի, որ ստեղծված իրավիճակում չտուժի:
Թերեւս ակումբում գտնվող լրագրողներին ավելի շատ հետաքրքրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես այն, որ շրջանառվող լուրերի համաձայն ԱԺ նոր նախագահ է դառնալու ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանը: Հրայր Կարապետյանը նկատեց, որ ՀՀԿ-ն լինելով խոշոր քաղաքական ուժ, ինքն է որոշելու, թե ով է զբաղեցնելու խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, քանի որ քվոտայով այդ պաշտոնը պատկանում է ՀՀԿ-ին:
Ինչ վերաբերում է Արցախի անկախության 17-ամյակին նվիրված ՀՅԴ հանրահավաքին, որ քաղաքապետարանն արգելել էր, սակայն դատարանը բավարարել էր քաղաքապետարանի վիճարկող հայցը, որ ներկայացրել էր ՀՅԴ-ն, ԱԺ փոխխոսնակն այսպես մեկնաբանեց. «Քաղաքապետարանը մերժել էր, պատճառաբանելով, որ սեպտեմբերի մեկին եւ երկուսին լինելու են գիտելիքին նվիրված միջոցառումներ: Դատարան դիմելով` պարզեցինք, որ վերջիններիս պատճառաբանություններն անհիմն են. որեւէ միջոցառում նախատեսված չէ ժամը վեցից հետո` գիտելիքի օրվան նվիրված: Ես չեմ ուզում զուգահեռներ բերել ՀՀՇ-ի եւ մեր միտինգների միջեւ, բայց ես կարծում եմ, որ որեւէ հայ պաշտոնյա չպետք է մտքով անցկացնի մերժել Արցախի տարեդարձի միջոցառումը»:
Կարապետյանը եւս մեկ անգամ անդրադառնալով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմանը կամ այդ պետություններին ՀԱՊԿ -ի մեջ ներառելուն, նշեց, որ Հայաստանը պետք է այդ ամենը դիտարկի Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման համատեքստում: Նրա կարծիքով, անտեսվում է մի կարեւոր հարց եւսՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը:
Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հակամարտության գործընթացը, եթե Ռուսաստանն Արեւմուտքի հետ հարաբերությամբ պայմանավորված, դադարեցնի իր մասնակցությունը Մինսկի խմբին. հարցին ի պատասխան Հրայր Կարապետյանը ասաց. «Հիմա պարզ չէ` Ռուսաստանը կպաշտոնավարի՞ Մինսկի խմբում, եւ եթե Մինսկի խմբի բանակցային գործընթացները կանգնած են փակուղու առջեւ, այս պարագայում`Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերությունների առումով լուրջ մտորելու առիթ պետք է ունենանք: Ինչո՞ւ մինչեւ հիմա Արցախի անկախությունը չի ճանաչվել: Միայն այն պատճառով, որ Մինսկի գործընթացը ավարտված չէ», ասաց Կարապետյանն ու հավելեց, որ այդ դեպքում գուցե արժե, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ այդ քայլից ձեռնպահ է մնում միայն կարգավորման գործընթացը չտապալելու համար, մինչդեռ եթե Մինսկի խումբ չկա, չկա նաեւ կարգավորման գործընթաց:
Հրայր Կարապետյանը հերքեց նաեւ ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանի արտահայտած այն միտքը, թե ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվել է կազմակերպել նրա վերադարձը քաղաքականություն` Տիգրան Սարգսյանին պաշտոնից հանելով. «Չեմ բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, բայց նաեւ չեմ համարում, թե շուտով վարչապետը հրաժարական է տալու: Տիգրան Սարգսյանը լավ է սկսել որպես վարչապետ, բայց նաեւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործչի»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ