«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


70 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԷԼԻ ԻՆՉՔԱ՞Ն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՇՎԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Դպրոցական նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուրվագծվող իրավիճակում հոգու հրամայական պարտք ենք զգում խոր մտահոգությամբ ու տագնապով դիմելու հանրապետության կառավարության ու կրթության գործի պատասխանատուներին: Աստծու սիրուն, շտապ հետ վերցրեք այս սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը անպայման 70 հազար դրամի հասցնելու ձեր տված հրաման-պարտադրանքը (եթե հարցադրումն իրոք այդպիսին է), որի գինը նորից շատ ուսուցիչների անխուսափելի մաղումը կլինի...

Վերջին մի քանի տարիներին ամեն մոտեցող սեպտեմբերի 1-ը ահավոր սուր է` կախված մեր այս կամ այն թվով ուսուցիչների, քաղաքային ու գյուղական այս կամ այն դպրոցի գլխին, որոնք հերթական անգամ ահուդողով սպասում են` այս տարի ինչ է լինելու, շարունակելո՞ւ են աշխատել, դասարաններ, դասաժամեր ունենալո՞ւ են, թե ոչ: Մեր տպավորությամբ` այդպես է համենայն դեպս Շիրակի մարզում, որին առանց այդ էլ արդեն ամենից շատ է հասել «օպտիմալացման» բարիքից եւ որի օրինակը բավական խոսուն է: Այստեղ 2003-2004 թթ. բուռն օպտիմալացման շրջանում մարզկենտրոն Գյումրիում մեկ տասնյակի չափ դպրոց է փակվել, եւս մեկ դպրոց էլ` Արթիկում, իսկ դրան ի հավելումն նաեւ ներդպրոցական, այսինքնՙ գործող մնացած դպրոցների ներսում իրականացված «օպտիմալացման» արդյունքով մի զարկով պակասել է եւս 182 դասարան... Դա դեռ այդ ժամանակ մարզի շուրջ 1000 մանկավարժի գործազրկում է արժեցել, իսկ 2004-2005 ուստարում դրված էր եւս 600-ից ավելի ուսուցիչների, ներառյալ մեծ թիվ կազմող բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժների աշխատանքից ազատման խնդիրը, որը նույնպես պետք է կարծել, որ հիմնականում իրականացվել է: Այսքանըՙ միայն մի մարզում:

Մի՞թե այսքանը բավական չէր թեկուզ մասամբ անհրաժեշտ օպտիմալացման, համակարգի «բեռնաթափման» ձեռք բերված մակարդակով առայժմ բավարարվելու, թափ առած անիվը կանգնեցնելու համար:

Բայց արի ու տես, որ թեեւ այսօր օպտիմալացման խնդիր հատուկ դրված չէ, սակայն համակարգի այդ «օպտիմալացումն» այլեւս ինքնակա շարունակական գործընթաց է` պայմանավորված ինչպես աշակերտների թվի շարունակվող նվազմամբ (արտագաղթի եւ ծնելիության ցածր մակարդակի պատճառով), այնպես էլ այս պայմաններում դպրոցի նկատմամբ հետեւողականորեն շարունակվող կոշտ քաղաքականությամբ: Մինչդեռ աշակերտների թվի նվազումը, արտագաղթի ու ծնելիության խնդիրները պետության լուծելիք խնդիրն են: Ինչո՞վ է դրանում մեղավոր իր մասնագիտությամբ աշխատող, իր կյանքի տասնամյակները դպրոցին տված եւ դեռ աշխատանքային տարիքի մանկավարժը, որին քավության նոխազ պիտի դարձնենք` նրանից խլելով, պետականորեն կոպտորեն ոտնահարելով իր մասնագիտական աշխատանքի իրավունքը, ուզած ժամանակ նրան առանց ձեւականությունների, սառնասրտորեն դպրոցից դուրս շպրտելով: Դպրոցի բարեփոխումնե՞ր, որա՞կ... Կներեք, նախ երկարամյա շատ մանկավարժներից, դպրոցավարներից ենք առիթ ունեցել կարծիք լսելու, որ դպրոցի ռեֆորմները այդքան հաճախ ու այդքան արագ չպիտի լինեն: Եվ երկրորդ` ամեն մի բարեփոխման արդյունքն ու գնահատականը աշակերտների, դպրոցի շրջանավարտների գիտելիքների եւ իմացության մակարդակն է, որի մասին այսօր ավելի լավ է չխոսենք: Ուսման որակ ստանում են ոչ թե ուսուցչի դրույքաչափի ժամային ծանրաբեռնվածությունը եւ դասարաններում աշակերտների սահմանային խտությունն ավելացնելու ճանապարհով, այլ ընդհակառակը: Սրանից 4-5 տարի առաջվա մեր «Կրթություն» թերթի տեղեկատվությամբ` Էստոնիայում, օրինակ, ոչ այլ ոք, քան երկրի խորհրդարանը կրթության մասին օրենքով սահմանել է, որ երկրի հանրակրթական դպրոցներում դասարանների առավելագույն խտությունը չպետք է անցնի 24 աշակերտից: Սա է կրթության որակի հանդեպ իրական մտահոգությունը: Ի դեպ, արդեն տարիներ առաջ այդ նույն Էստոնիայում, ըստ նույն տեղեկատվության, ուսուցչի նվազագույն աշխատավարձը համարժեք էր 300 դոլարին:

Որքան էլ մեր կառավարական պաշտոնյաները կաշկանդված լինեն Համաշխարհային բանկի հանդեպ ինչ-ինչ պարտավորություններով, մեր ազգային դպրոցը, մասնավորապես հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտ մակարդակի ապահովման պայմանների ստեղծումը ոչ թե բանկի, այլ մեր խնդիրն է: Նայեք միասնական ու ավարտական քննությունների այս տարվա արդյունքները, այնտեղ մեր շրջանավարտների` մայրենի լեզվից ստացած անբավարարների համեմատական վիճակագրությունը եւ կհասկանաք, թե ինչ ենք ուզում ասել եւ իրականում որտեղ է խնդիրը: Իսկ հիմա, երբ հասկանալի պատճառներով մանկավարժների մի զգալի մասը 22 ժամ դրույքաչափով ապահովված չէ, պահանջել, որ ապահովվեն` նշանակում է էլի շատերին այսօրվա պայմաններում հանիրավի դուրս մղել դպրոցից: Մի մասի արյուն-արցունքի հաշվին մյուսների աշխատավարձը բարձրացնել` որ ի՞նչ:

Թող էլի լինի դրույքի հաշվով 70 հազար, 120 հազար դրամ, որը մանկավարժի աշխատանքի դիմաց շատ չէ: Բայց թող առկա իրավիճակը, հասարակության մի մտավորական մասի եւ հենց կրթության ոլորտի իրական շահերը հաշվի առնելով նաեւ կանգնեցվի կադրային նոր հնարավոր ջարդը, մարդկանց թույլ տրվի պակաս ժամաքանակով աշխատել: Դարձյալ Շիրակի տվյալներով` եթե այստեղ ուսուցչի փաստացի միջին ծանրաբեռնվածությունը սահմանված դրույքաժամերի հաշվով ներկայումս 0,76 տոկոս է, ապա պարտադրելով լրիվ ծանրաբեռնվածություն` կոպիտ հաշվարկով կարող է նշանակել, որ մարզի ուսուցիչների թվի էլի մեկ քառորդը պետք է գործազուրկ դառնա: Կարծում ենք` սա ոչ օրինական է, ոչ մարդկային ու ոչ էլ բարոյական: Այսպես սոցիալական խնդիր չեն լուծում: Այսպես սոցիալական նոր խնդիրներ ու նոր լարվածություն են ստեղծում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4