«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


ՋԵՐՄՈՒԿ. ԼՈՒՅՍԻ ԵՎ ՀՈՒՅԶԻ, ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔ

Հայաստանի ամենագեղատեսիլ վայր` Ջերմուկ հասնելու համար հուլիսի վերջին եւ հատկապես օգոստոս ամսին ավտոկայանում տոմս գտնելը բախտի բան է: Օգոստոսի 1-ին մեկնող երկհարկանի ավտոբուսի տոմսերը երկու օր առաջ էին սպառվել, իսկ «լեւի» «Գազել» գիծ մտցնելու համար առնվազն 10-13 ուղեւոր պետք է ապահովել: Դե, գազելատերերից ամեն մեկն իր գինն ու հնարամտությունն ունի, որոնցից մեկը բառիս բուն իմաստով «մխտռեց» մեր մեկնումն էլ, վերադարձն էլ, քանի որ քաղաքային 80 համարի երթուղայինի վարորդը նախ` տեղավորեց մեր իրերը, ապա մեկուկես ժամ սպասեցնելուց հետո, իր բաժին տոկոսներից դժգոհ, հետ իջեցրեց դրանք, «անհասկացող» ուղեւորներիս պատճառաբանելով, թե` մեքենան անսարք է: Մեզ Ջերմուկ տարավ ուրիշ, տոկոսներից չնեղվող բարեսիրտ մի գազելավար: Ինչեւէ, առաջին, չարաբաստիկ «լեւի» «Գազելը» մեկ շաբաթ հետո մեզ էլի պատահեց եւ հետ բերեց Երեւան, վարելով ոչ պակաս, քան 120 կմ/ժ արագությամբ: Այս անգամ մեքենան վարորդի գազանություններին դիմանալու համար բավականին սարքին էր, ինչը, բնականաբար, չես ասի վարորդի ուղեւորափոխադրման տարրական գիտակցության մասին: Տհաճ էր անասելի, եթե նույնիսկ բախտներս բերեր, եւ մեքենայի ուղեւոր երեխաներից մեկը քույրիկի վրա չփսխեր կերածը: Բայց, ինչպես ասում են, դա «վերջն» էր: Սկսենք սկզբից:


Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը մեզ դիմավորում է սառնահամբույր զեփյուռով, որ արդարացրեց մեր սպասելիքները զովության եւ լույսի քաղաք դեռ չմտած: Փոքրիկ լճակը, որ ինչքան կապուտակ, այնքան էլ սառն է, կողքին մի փոքրիկ մատուռ ապահովության զգացողություն են տրամադրում: «Բարի եկաք», ժպտաց կապուտաչյան:

Ջերմուկում վեց կամ ավելի առողջարան կա, որոնք հայտնի են դառնում աշխարհին ինտերնետային www.jermukcity.am կայքէջից: Այստեղ քաղաքապետարանը ներկայացնում է առողջարանների եւ հյուրանոցների հասցեներն ու հեռախոսահամարները, որոնք լավ հնարավորություն են հասկանալու` առողջարանային հանգի՞ստ եք նախընտրելու, թե՞ ծանոթների միջոցով սեփական տուն կամ բնակարան եք վարձելու, որն անհամեմատ տնտեսելու է ձեր ծախսերը: Նշենք միայն, որ եթե առողջարանային գներն սկսվում են օրական մոտ 11 000 դրամից մեկ մահճակալի համար, ապա առանձին բնակարան վարձակալելը կամ հյուրանոցային փոքրիկ, բայց հարմարավետ պայմաններում տեղավորվելը կարող է խլել դրանից քիչ ավելի գումար չորս-հինգ հոգանոց ընտանիք տեղավորելու համար: Ինչ խոսք, սարսափելի չէ, մանավանդ որ հանդիպեցինք նույնիսկ ավտոտնակների, որոնք տերերի հնարամտությամբ եւ հովեկների բազմաքանակության պատճառով վերածվել էին հանգստյան տների: Մեր իսկ համեստ հաշվարկներով` Ջերմուկի կենտրոնում գտնվող յուրաքանչյուր բնակարան կարող է օրավարձով տրվելու դեպքում տանտիրոջ համար ապահովել ամսական միջինը 300 000 դրամ չհարկվող եկամուտ: Իսկ խանութներն էլ նախանձելի հաճախորդների քանակ ունեն, առնվազն ողջ ամառային սեզոնին:

***

Ջերմուկը երկփեղկված է գետով, որի աջ եւ ձախ ափերը տարբեր քաղաքներ, անգամ տարբեր կլիմայական տարածքներ են հիշեցնում` տարբեր մարդկանցով եւ հակադիր տրամադրություններով: Ձախ ափ թաղամասում սուլող քամին կարծես մշտական բնակիչ է, որի համառությունը, սակայն, գորշ եւ անհրապույր շենքերը չի շարժել տեղից, չնայած միջանցիկ քամուց փշրվող ապակիների տակ կարող ես հայտնվել ամեն վայրկյան: Ձախ ափում ապրում է ջերմուկցիների յոթանասուն տոկոսը: Այս թաղամասի բնակչությունն աշխատում է Աջ ափի առողջարաններում, առեւտրի սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում: Աշխատանքի են գնում եւ վերադառնում երթուղայիններով: Աշխատավայրում պատուհանից երեւացող տեսարաններն էլ են ուրիշ, եղանակն էլ ավելի բարեհաճ ու առանց հողմահար քամու: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը պատմում է, որ Ձախ ափում մի մարզադպրոց է կառուցվելու, որ առանձին տիպային շենք է լինելու` լողավազաններով եւ տեխնիկական զինվածությամբ աննախադեպ է լինելու: Այնուամենայնիվ ջերմուկցին ապրելու է առողջարանների, հանգստյան տների տուրիստների, ինչպես նաեւ հայտնի ապրանքանիշի գործարանի տված աշխատավարձի հաշվին: Իսկ Ձախ ափի բնակիչներն առայժմ կարող են հպարտանալ, որ քաղաքի միակ նորակառույց Ս. Գայանե եկեղեցին` խաղաղ օրհնությամբ եւ վեհությամբ իրենց թաղամասն է զարդարում:

Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը քաղաքի անհամաչափ զարգացման մասին մեր տպավորությունը մեղմելու համար թվում է կատարած եւ կատարելիք աշխատանքները: Ինքը` քաղաքապետը բնակվում է ձախափնյա թաղամասում եւ ասում է, որ տրամադրություն չունի տեղափոխվելու Աջ ափ: «Կեչուտում, որ առաջ գյուղ էր, հիմա` քաղաքի երեք թաղամասերից մեկը, մանկապարտեզ ենք հիմնանորոգում, որի համար 100 միլիոն դրամ է հատկացված: Ավելի կարճ ճանապարհ ենք ասֆալտապատում, որ Կեչուտը կմիացնի Աջ ափին»:

Քաղաքապետը պատմում է նաեւ, որ հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից լճակները հիմնովին մաքրվում են, բազալտապատվում, որտեղ լցվելու են Ջերմուկի խմելու մաքուր ջրերը եւ փայլելու են իրենց մաքրության գոհարափայլով:

«Ազգային պատկերասրահը ջեռուցման դեռեւս առկախ խնդիր ունի, որով եւ վտանգված է ցուցանմուշների անվտանգությունը ձմռան ամիսներին: Դրա համար պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն մշակույթի նախարարի հետ, քաղաքի խնդիրներն է մանրամասնում Վ. Հովհաննիսյանը: Պարարվեստի եւ երաժշտական լավ դպրոցներ ունենք, ինչպես նաեւ արվեստի տարբեր ճյուղերի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Ուզում ենք Ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղ բացել էստեղ, որի համար պայմանավորվածություն ունենք քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ: Բուհին ենք տրամադրելու նախկին հիվանդանոցի շենքը: Կեչուտ գյուղում դպրոց ենք հիմնանորոգում, Ձախ ափում գտնվող թիվ 2-ը հիմնանորոգված է, իսկ թիվ 1 դպրոցում որոշ աշխատանքներ դեռ պետք է կատարվեն», ասում է քաղաքապետը: Նա ցանկանում է «Ազգի» միջոցով բոլոր հայերին ասել հետեւյալը. «Վերջապես Ջերմուկը ճիշտ ընկալվեց: Հիմա էլ շատ մեծ փողեր չեն դրվել այստեղ, պարզապես ՀՀ նախագահը շատ մեծ ուշադրություն է դարձնում, որը շոյում ու ոգեւորում է մարդկանց, նրանք էլ աշխատում են: Ես ուզում եմ, բոլորը հիշեն, որ Ջերմուկը բոլորինս է: Նրա առողջարարությունն ու գեղեցկությունը ջերմուկցիներն այնքան չեն կարողանում վայելել եւ նրա բնական հմայքն ու գեղեցկությունը այնպես գնահատել, որքան հովեկները: Լավ կլինի, որ մեր հայրենակիցները մոռանան օտար ու ամայի ծովափերը իրենց բարաքներով, ուր համաձայն են կիսանկուղային հարկերում, առանց տարրական հիգիենիկ պայմանների անգամ ապրել, քան վճարել ոչ շատ թանկ եւ ավելի հարմարավետ պայմաններում եւ հայրենիքում` անվտանգության մեջ հանգստանալ ու բուժվել: Համեցեք Ջերմուկը վայելելու»:

***

Ջերմուկի տեսարժան վայրերից ջրվեժը առաջին հայացքից հիացում, ապա եւ հպարտություն է պարգեւում` մերն է գեղեցկուհի ջրվեժը, անընդհատ վարսերով կախարդում, հմայում է...

Հաջորդ սուր եւ հաճելի զգացողությունը պատճառում է նորակառույց ճոպանուղին: Մոտ 400 մետր է բաժանում ճոպանուղու ներքեւի հատվածը Շիշ սարի գագաթին տեղադրված կայանատեղից, որտեղ ամառվա խեղդող շոգին անգամ ցուրտ է, իսկ մեր գնալու պահին սառը քամի: Այս գեղատեսիլ վայրը ծովի մակարդակից բարձր է 2450 մետր, այլ կերպ ասած, սարն ավելի ամպերին է մոտ, քան հեռվում կապույտ երազի պես ծավալվող լճակին: Ճոպանուղու անվտանգության երիտասարդ աշխատակիցներից Տիգրանը սիրով պատասխանում է մեր հարցերին եւ գովում իրենց գեղեցկուհի քաղաքը: Նա եւ իր ընկերը հպարտանում են իրենց Դարա Յուրդով, ուր բնական ջակուզի կա` հանքային ջրով: Միայն թե այնտեղ հասնելու համար «Նիվա» ավտոմեքենա է պետքՙ տեղանքին ծանոթ վարորդով, որ տեղափոխության համար 13 000-15 000 դրամ կպահանջի: Տղաները վստահորեն պնդում են, որ Ջերմուկից լավ տեղ չկա: «Փորձեք Երեւանում մեկից մի բաժակ ջուր ուզել, անպայման փող կուզի: Իսկ այստեղ գինի՛ կհյուրասիրեն, ասում են նրանք: Բարի սիրտ ենք, դրա համար միլիոնատեր չենք», իրենց նիստուկացի զուսպ համեստությունը պատճառաբանում են երիտասարդ ջերմուկցիները:

Որ քաղաքը մշակութային օջախներ գրեթե չունի, ջերմուկցի երիտասարդներին հուսախաբ չի անում: Նրանք ժամանցի կամ աղջկա հետ ծանոթանալու համար պարտադիր չեն համարում համերգը, կինոն կամ թատրոնը, կարող են բավարարվել եւ հանքային ջրերի ըմպելասրահով` հանրահռչակ «գալերեայով» կամ դրանից այն կողմ տարածվող ֆիդայիների ճեմուղով, որը տարածվում է անտառի բարձր ու վես ծառերի միջով: Այնտեղ քանդակագործ Հովհաննես (Օնիկ) Մուրադյանն անմահացրել է հայ ֆիդայական շարժման նվիրյալներին: Մոտենում ես աղջկան, հարցնում` ճանաչո՞ւմ է քանդակի հերոսին ու...ծանոթությունը զրույցի տեսքով` պատրաստ է:

***

Փիլքյասում մի խումբ երեխաներ մոմ են վաճառում: Առնում են հինգ դրամով, վաճառումՙ հիսունով: Աշխույժ ու չարաճճի տղաներ են, խելացի աչքերով, ավելի շարժուն ու ճարպիկ, քան ժողովրդական սրբավայրի քարերի մեջ սուրացող մողեսները: Հյուր դիմավորելու եւ պատմելու իրենց արվեստով նրանք կարող են մրցել յուրաքանչյուր ուղեկցորդի հետ: Պատմում են Փիլքյասի մասին իրենց լսած լեգենդները: «Քյաս անունով մի մարդ ձիով ընկել է անդունդից: Ձիու եւ իր ոտքը ջարդվել է: Այստեղի սուրբ ջրից խմել է ու լավացել: Իսկ քանի որ ընկնելիս գոչել է` փրկության հասեք Քյասին, եւ հետո էլ մարդիկ իրար պատմել են, թե` փրկվեց Քյասը, տեղի սրբավայրի անունը մնացել է Փիլքյաս», պատմում է 12-ամյա Շահնազարյան Հովհաննեսը: Նա խորհուրդ է տալիս խմել սուրբ ջրից եւ այն քսել մարմնի ցավոտ մասերին, ապա երազանք պահել եւ մի քար գցել թիկունքի կողմը: Երազանքն անպայման կկատարվի: Տղաները հպարտանում են իրենց սրբավայրով, Հովհաննեսը խոստանում է սրբավայրը մաքրել մոմերի մնացորդներից եւ տարատեսակ լուսանկարներից, եւ միայն իր նկարած եկեղեցիները կախել սրբավայրում: Գարիկն էլ մեկ այլ պատմություն է պատմում. «Այս քարանձավում թուրք ընտանիք է ապրել, որ պատերազմի ժամանակ փախել է, երեխային այստեղ մոռանալով: Հետո հայրը հետ է եկել եւ Աստծու զորությամբ ձիով իջել է քարանձավի մեջ, տեսե՛ք, դեռ ձիու պայտի տեղերը թեք ժայռի վրա մնացել են, վերցրել է երեխային ու հեռացել: Մի ուրիշ պատմություն էլ կա, թե ինչպես մի հարս երկրաշարժի ժամանակ փրկվել է, այս քարանձավում թաքնվելով: Այստեղի անունն էլ մնացել է` փրկվեց հարսը, կրճատ` Փիլքյաս»:

***

Աղանդավոր ու խելապակաս մի կին նեղացրել էր քաղաքի զբոսայգում աշխատող քանդակագործին, ու նա մտահոգությունը հայացքում կծկած, վիրավորանքից ատամները սեղմած` իր ժողովրդի «Վերածնունդն» էր քանդակում տեղական բազալտի վրա: Լեւոն Առաքելյանն է: Ազատ աշխատանք է նրա այս ստեղծագործությունը, առանց էսքիզի է աշխատում եւ պատճառաբանում. «Եթե քարի ձեւերը չօգտագործեմ, քանդակը լավ դուրս չի գա: Քարն է թելադրում քանդակի ձեւը: Նրա վրայով ջուր է թափվելու: Քարը շնչելու է, երբ ավարտեմ աշխատանքս», հավատացնում է ստեղծագործողը: Իսկ Ջերմուկի կարիքների մասին մեր հարցին ի պատասխան ասում է. «Էս քաղաքին մարդկանց սերն է պակասում, չնայած էս երկու տարին վիճակը մի քիչ փոխվել է»: Նա ճիշտ է, քանի որ Ջերմուկն օրինակելի քաղաք կարող է համարվել մաքրության տեսակետից: Իսկ հրաշքի նմանվող գեղեցկությունն էլ դարերի ժառանգությունն է եւ Աստծո նվերը...

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4