Խորհրդային Միության փլուզումից եւ Ռուսաստանի «անկախացումից» հետո երկրի բազմաձայն դարձած ԶԼՄ-ներում ձեւավորվեց ու անհաշտ հակասության մեջ մտավ երկու ուղղություն` լիբերալ եւ նացիոնալիստական: Եվ եթե գերհզոր լիբերալ լրատվամիջոցները, որտեղ ռուսական տարրը գրեթե բացակայում էր, ամեն ինչ անում էին «դեմոկրատիայի» քողի տակ քայքայելու եւ այլասերելու Ռուսաստանը, ապա նացիոնալիստական մամուլը, անողոք անհավասար պայքար ծավալելով «հակառուսական» լիբերալիզմի եւ արեւմտյան սպառողական արժեքների դեմ, մշտապես այն միտքն էր զարգացնում, որ Ռուսաստանը իր հազարամյա պատմության մեջ մեկ անգամ չի հայտնվել մութ խորխորատներում, սակայն ամեն անգամ շտկել է մեջքը եւ ճգնաժամերից դուրս եկել հզորացած` նոր նվաճումների թարմ հավակնություններով: Ըստ երեւույթին, հիշյալ հակամարտության մեջ նացիոնալիստները իրավացի են դուրս գալիս:
Համաշխարհային լրատվամիջոցները գերհագեցած են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված իրադարձությունների մեկնաբանություններով: Մանրակրկիտ վերլուծվում են բոլոր գործողությունները, քայլերը, խոսքերը, հետեւանքները, կանխատեսումները եւ այլն, եւ այլն: Դրանք բոլորը, անշուշտ, գոյության իրավունք ունեն: Մինչդեռ արժե այս քաղաքական երգչախմբի մեջ հստակորեն տարբերակել նացիոնալիստական հնչեղ ձայնը` վերածնվող կայսերապետական օդան:
Աշխարհում քիչ չեն ազգերը, որոնք իրենց քանակով գերազանցում են ռուսներին: Սակայն հազիվ թե ժխտվի այն փաստը, որ ռուսներն առանձնանում են իրենց կայսերապետական էությամբ: Անցած հարյուրամյակներում Ռուսական կայսրությունը եղել է աշխարհի հզորագույն ուժերից մեկը: Եվ թվում էր` խորհրդային (ռուսական) կայսրության անկումից հետո այդ երկիրը, կրելով արտաքին արեւմտյան ու ներքին արեւմտամետ գաղափարների նենգ ու կազմալուծիչ հարվածները, իսկապես կմոռանա իր նվաճողական անցյալը եւ «համամարդկային արժեքների» գանձատուն կմտնի որպես հեզ ու խոնարհ «քաղաքակրթվող» մի սուբյեկտ:
«Ալկոհոլիկ» Ելցինի օրոք (ռուս նացիոնալիստների բնորոշմամբ) իրոք եղավ մի շրջան, երբ նոր իրողություններից շշկլված ռուսներին հասու չէր իրենց ի վերուստ տրված նախախնամությունը, եւ նրանք վերածվել էին անդեմ ու անորոշ մի զանգվածի` անընդունակ որեւէ ձեւով հակազդելու Արեւմուտքի ու առաջին հերթին Ամերիկայի ավելի ու ավելի լկտիացող աշխարհանվաճ հավակնություններին: Բայց ահա հառնեց «մարգարեն»` Պուտինը, որը ոչ միայն կանգնեցրեց երկրի սողքը, այլեւ ոտքի կանգնեցրեց նրան եւ իր հսկողությամբ «իրավահաջորդին» հանձնեց մի պետություն, որն արդեն պիտի հագեցներ ռուս ազգի կայսերապետական ծարավը:
Հիմա կարելի է ասել` ճակատագրական սխալ գործեց Սաակաշվիլին, սխալվեցին ամերիկացիները, եվրոպացիները եւ չգիտես էլ ով: Համայն «առաջադեմ» մարդկությունը, այդ թվում նաեւ ընտրություններում մեկ տոկոս էլ չհավաքող ներքին դեմոկրատները (որոնց մեջ ռուս գրեթե չկա) խստիվ դատապարտեցին ռուսական բանակի ոտնձգությունը: Սակայն գրոշի նշանակություն չունի դա: Չլիներ Օսիան, կգտնվեր մի այլ առիթ. ռուսների մեջ վերազարթնել է կայսերապետական ոգին, կիրքը, եւ դրանք պիտի բավարարություն ստանային: Սա սոսկ տեխնիկական հարց չէ, սա է գլխավորը, սա է աշխարհաքաղաքական նոր իրողության ամենամեծ դասը:
«Ռուսաստանը վերադառնում է համաշխարհային, մոլորակային, տիեզերական կոնտեքստ, գրում է նացիոնալիստական թերթերից մեկը: Լինել եվրասիական մայր ցամաքի կազմավորիչ ուժը` հավակնության կամ օգուտի հարց չէ: Դա մեր գոյության խնդիրն է: Ռուսաստանը կամ կայսրություն պիտի լինի, կամ էլ առհասարակ գոյություն չի ունենա»: Ահա եւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը դիտվում է որպես ինքնահաստատման ահեղ մի քայլ, որ պիտի ունենա երկարաժամկետ, գլոբալ քաղաքական ու հոգեբանական հետեւանքներ: Իսկ գուցե այս հենքի վրա նշմարվո՞ւմ են ազգերի նոր հանրակցության ուրվագծերը:
Պարտադիր չէ, որ նա նման լինի... Խորհրդային Միությանը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա