«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2008-08-29 | #157, 2008-08-30 | #158, 2008-09-02


«STOP RUSSIA»-Ն ԱՍԵԼՈՎ ՉԷ

Ռուսական գազն ու նավթը` Եվրոմիության տնտեսական պատժամիջոցների դեմ

«Համերաշխության կենդանի շղթա» ակցիան երեկ Թբիլիսիի ու Վրաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդկանց ընդհանրական բողոքի ակցիան էր` «STOP RUSSIA» կոչով:

Ու չնայած երկրի նախագահն էլ ժողովրդին իր ուղերձում սեպտեմբերի 1-ը Վրաստանի համար հայտարարել է Միասնության օր, սոցիալական հարցումների արդյունքով էլ Վրաստանի բնակչության 70 տոկոսը ստեղծված իրավիճակից ելք է համարում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Եվրոմիության երկրներն էլ Բրյուսելում երեկ հավաքվել ու Ռուսաստանի դեմ կիրառելիք պատժամիջոցների կամ այլ քայլերի հավանականություն ու, որ կարեւորն է, միասնական դիրքորոշման հանգելու փորձեր էին անում, Ռուսաստանն, ի դեմս երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, եւս մեկ անգամ բարձրաձայնել է, որ բացառում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման որոշման փոփոխությունը:

Թերեւս արեւմտյան լիդերների երեկվա հավաքի ֆոնին էլ Մեդվեդեւի խոսքերը ունեին կոնկրետ հասցեատեր` ի դեմս նույն եվրոմիութենական երկրների: Իսկ Ռուսաստանի նախագահն ընդամենն ընդգծել է. «Մենք մեր որոշումը կայացրել ենք եւ կայացրել անշրջելի»: Եվրոմիության անդամ երկրներն էլ, երեկվա իրենց հավաքում, ըստ ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի խոսքերի, Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարց ամենայն հավանականությամբ չեն քննարկի:

Եվրոմիության անդամ երկրների արտահերթ գագաթաժողովի քննարկելիք էին, ըստ էության, ոչ թե հենց այդ տնտեսական պատժամիջոցները, որ պահանջում են Լեհաստանն ու Բալթյան երկրները, այլ Եվրոմիություն-Ռուսաստան գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման բանակցությունների սառեցումը, որին կողմ է մեծ Բրիտանիան: Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան ու Լյուքսեմբուրգը դեմ են ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը տանող գործողություններին:

Ամեն դեպքում, եվրոպական երկրները չեն կարող մոռանալ, որ գազի սեփական կարիքների 50 տոկոսն ու նավթի 25 տոկոսը բավարարվում են հենց Ռուսաստանի միջոցով, ուստի եվրոմիութենական երկրների ներկայացուցիչների հավաքին ուղղված ռուսաստանյան ուղերձները դժվար թե մնան անարձագանք:

Դրա փոխարեն, Ֆրանսպրես գործակալության տեղեկացմամբ, բրյուսելյան հավաքից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Մոսկվա եւ Թբիլիսի` աջակցելու վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման խաղաղ ընթացքին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4