Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Պիքֆայայի վանքում հուլիս ամսին կայացած մեծարանքի հանդիսությունը նվիրված էր լիբանանահայ վաստակավոր արվեստագետ, նկարիչ Հարություն Թորոսյանին: «Կիւլբենկեան» հիմնարկության մեկենասությամբ լույս տեսած նրա հեղինակած «Դիտանկիւնէս» հատորի շնորհանդեսը գլխավոր ներկայացումն էր օրվա, նաեւ առիթը` Հարություն Թորոսյանի պարգեւատրման: Արվեստագետին «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրեց Արամ Ա կաթողիկոսը: Սահակ աբղ. Եմիշյանի բացման արարողությանը հետեւեց գրականագետ, մանկավարժ, մտավորական Գրիգոր Շահինյանի` գեղանկարիչ-արվեստաբանի գործունեությունը եւ ստեղծագործությունը արժեւորող խոսքը. «Լավ մարդ է ու սրտացաւ հայ: Իսկական հաճոյք է նոյն անձին մէջ տեսնել գեղարուեստական արժէքը եւ բարոյական արժանիքը»: Հարություն Թորոսյանի արվեստին անդրադարձան Մարի Թերեզ Թաբեթը եւ իր աշակերտներից Հաննա Բու Սուժաան: «Հոգին հարստացնող փորձութիւն մը», այսպես բնութագրեց նրա աշխարհը Մարի Թերեզ Թաբեթը: «Ան եղաւ ուսուցիչ, որ զինք սիրելէդ առաջ, ի՛նք քեզ կը սիրէ: Արուեստագէտ մը, բառին ամբողջական իմաստով, որ ատելութիւն չճանչցաւ, ոչ ալ հանգիստ ունեցաւ: Գոյներուն հետ շնչեց ան, յատկապէս Լիբանանը ունենալով իբրեւ իր ներշնչման աղբիւր», շեշտեց Սուժաան:
Իբրեւ ամփոփիչ խոսք, Արամ Ա կաթողիկոսը Հարություն Թորոսյանի արվեստը բնորոշեց` գրի, գծի ու գույնի, արեւելքի ու արեւմուտքի երկխոսության, հայի ոգին հստակորեն արտահայտող ստեղծագործություն:
Երախտիքի խոսքում Հարություն Թորոսյանը իր արվեստի համար էականորեն խորհրդանշական համարեց լիբանանյան օրհնյալ հողը, ապա եւ երեկոյի կազմակերպիչներին, «Գ. Կիւլպէնկեան» հաստատության հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանին, գրքի խմբագիր Ժիրայր Դանիելյանին, երեկոյի բանախոսներին, հանդիսականներին: Նա մեծապես գնահատեց կաթողիկոսության ազգանվեր, մշակութասեր, գրահրատարակչական արժեքավոր գործունեությունը:
Այս մասին տեղեկանում ենք Բեյրութի «Ազդակ» օրաթերթից:
Մ.Բ.