«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2008-08-30 | #158, 2008-09-02 | #159, 2008-09-03


ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՙ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Լեռնային Ղարաբաղի անկախության 17-րդ տարեդարձի առթիվ ՀՅԴ-ն երեկ հանրահավաք էր հրավիրել Մատենադարանի մոտ: Շուրջ 6 հազար մասնակիցների առաջ ելույթ ունենալով, ՀՅԴ ներկայացուցիչները համայն հայությանը շնորհավորելով ԼՂՀ անկախության կապակցությամբ` նաեւ ներկայացրին իրենց դիրքորոշումները ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջը: Թերեւս հանրահավաքում հնչած ելույթներից կարելի է նշել ՀՅԴ ներկայացուցիչների կարծիքները հայ- թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն անդրադառնալով Երեւանում սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, իր ելույթում նշեց, որ ոմանց կողմից հրավերը քաղաքականացվել է, եւ նույնիսկ արմատական ընդդիմությունն է այդ առիթով ուրախություն ապրել: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց հավաքվածներին, որ Թուրքիան չի ապաշխարել իր արածների համար, եւ որ այդ պետությունը նախապայման է դնում Ղարաբաղի խնդրի լուծումներին: Նա հավաքվածներին կոչ արեց, որ սեպտեմբերի 6-ին, դեռեւս օդանավակայանից քաղաքակիրթ ձեւով ակցիաներ կազմակերպեն` Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալու կապակցությամբ;

Իսկ Վահան Հովհաննիսյանի կարծիքովՙ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երբ կովկասյան ժողովուրդները չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ, պատճառ է թուրքական միջամտության տարածաշրջանի գործերին եւ այդ միջամտության մեջ բոլշեւիկների հետ հանցավոր համաձայնության: Խոսելով Վրաստանից, ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ այդ պետության ներկայացուցիչները վերջին ժամանակներում ցույց են տվել ճակատագրական երկու սխալ, որոնց պատճառով Վրաստանը ալեկոծվում է, ջլատվում եւ գտնվում մասնատման եզրին: Ըստ նրա` վրացի այսօրվա գործիչները մոռացել են իրենց թագավորների շրջահայաց, փոխզիջող, համեստ քաղաքականությունը. «Վրաստանը պատմության մեջ եղել է միշտ բազմազգ պետություն, եւ Վրաստանի իշխողները լավ գիտակցել են դա: Եվ Ջավախքի իշխաններն են ստեղծել Վրաստանի հզորությունը: Վրաստանի իշխողները պետք է հասկանային, որ Վրաստանի ծաղկուն պետություն լինելու գրավականը կոնֆեդերատիվ Վրաստանն է»:

Ելույթ ունեցավ նաեւ Արմեն Ռուստամյանը : Արցախի անկախությունը Ռուստամյանի համար մաքառումների, արյան գնով ձեռք բերված հաղթանակ է: Իսկ տարածաշրջանային նոր պատերազմը, Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը նոր զարգացումներ են եւ առնչվում են Արցախի հիմնախնդրի լուծման հեռանկարին. «Այս իրադարձությունները բացառիկ հնարավորություններ են ընձեռում վերահաստատելու մեր սկզբունքային դիրքորոշումները ԼՂՀ հակամարտության կարգավորման կապակցությամբ: ԼՂՀ հարցի կարգավորման հիմքը պետք է հանդիսանա ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ եւ առանց սահմանափակումների կիրառումը: Ինքնորոշման այդպիսի կիրառելիությունը ապահովված է միջազգային բոլոր չափորոշիչներով»: Եղան նաեւ այլ ելույթներՙ համերգային եզրափակմամբ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4