«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Երեւանում երեկ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներիՙ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ նրանց ներկայացուցիչների կոմիտեի նիստը: ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ նիստի աշխատանքները կլինեն արդյունավետ, եւ հավելեց, որ օրակարգի բոլոր հարցերը հիմնականում համաձայնեցված են:

Նիստի օրակարգը ներառում էր շուրջ քսան հարց: Մասնավորապես, փակ նիստի մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ հարակից տարածքներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումները, ինչպես նաեւ հավաքական անվտանգությանն ուղղված մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման միջոցները:

Նիստի ընթացքում ստորագրվել է իրավապահ, հակահրդեհային, վթարային-փրկարար մարմինների եւ ՀԱՊԿ անդամ-պետությունների հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման արտոնյալ ռեժիմի համաձայնագիր:

Անդրադարձ է եղել նաեւ Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակին: Նիստի մասնակիցներն իրազեկվել են այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը Հարավային Օսիայի ավերված բնակավայրերի վերականգնման ուղղությամբ:

Նշենք նաեւ, որ նիստի ընթացքում Հայաստանը ստանձնեց կոմիտեի նախագահությունը:

Նիստից հետո անվտանգության խորհրդի քարտուղարները հրավիրված ասուլիսում պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, եւ մասնավորապես Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման խնդրին, նշեց, որ այդ երկու երկրների անկախության ճանաչման խնդիրը յուրաքանչյուր պետության իրավասության շրջանակում է. «Ռուսաստանը ոչ մի պետության վրա ճնշում չի գործադրի, որպեսզի ճանաչվի այդ երկրների ինքնուրույնությունը: Բայց մենք հետաքրքրված ենք, որ բոլոր երկրները ճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնուրույնությունը»:

Ըստ նրա` վրաց-օսական հակամարտությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ռուսական կողմի բազմիցս արված հայտարարությունները, որ պատերազմը հրահրել է վրացական կողմը, իրականություն է. «Պատերազմն սկսել է Սաակաշվիլու ռեժիմը, ավելին, պատերազմը եղել է միտումնավոր: Դա իսկական ցեղասպանություն էր, որի հետեւանքով զոհ գնացին շուրջ 2000 խաղաղ բնակիչ»:

Պատրուշեւը հիշեցրեց, որ Վրաստանի հրահրած ռազմական իրավիճակը այժմ փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանին. «Մենք բոլորս տեսնում ենք, թե հայ ժողովրդի կենսապահովման համար անհրաժեշտ մթերքներն ինչպիսի դժվարությամբ են Հայաստան հասնում: Եվ դա արվում է հարեւանների կողմից»:

Ռուսաստանը տեղյակ է, որ մի շարք պետություններ մատակարարում եւ զինում էին Վրաստանին, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է ավելի քան 30 անգամ:

«Հասկանալի է, որ նրանք պատրաստվում էին դրան: Զենք չկիրառելու համաձայնագիրը եւ այն պայմանավորվածությունները, որոնք նախատեսվում էին, դադարեցվեցին այն պատճառով, որ Վրաստանը պարզապես դադարեց քննարկել այդ հարցը: Դա տեղի ունեցավ Կոնդոլիզա Ռայսի Վրաստան կատարած այցից հետո», ասաց Պատրուշեւը:

Ռուսաստանի խորհրդի քարտուղարը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջան կատարած ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի այցով ԱՄՆ-ն փորձում է իր լիազորությունները ամբողջովին տարածել հարեւան երկրների վրա:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրությունը Պատրուշեւը բացատրեց այսպես. «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան հարուստ են նավթով, գազով եւ բնական ռեսուրսներով: Այդ պատճառով էլ այս տարածաշրջանը հետաքրքրում է այս կամ այն երկրին, մասնավորապես ԱՄՆ-ին: Նրանք մեծ ցանկություն ունեն հասնելու այդ հարստություններին»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ տարածաշրջանում ռազմական հակամարտությունների վտանգն այնքան մեծ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է մշակեն եւ իրականացնեն իրավիճակին համապատասխան ծրագրեր: Վերջինիս խոսքերով, այս եւ այլ հարցերն են քննարկվել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների Երեւանում կայացած նիստում:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4