Նուբարաշենի աղբավայրն իր թունավոր արտանետումներով ու աղբակույտերում որոճացող կովերով վաղուց է դարձել Երեւանի ու նրա բնակիչների մտահոգությունը: Օրական 300 տոննա օրգանական աղբի 35 տոկոսի ավելացումը այս աղբավայրում, օրուգիշեր ծխում է ու ապահովում օդի այն վիճակը, որ կուլ ենք տալիս ամեն ներշնչում անելիս յուրաքանչյուրս: Բայց աղբը վաղուց քաղաքակիրթ երկրներում հոգսից բիզնեսի է վերածվել, մարդիկ օգուտ ունեն այն թափոններից, որոնք աղբարկղ են նետում ամեն օր` գոնե մաքուր օդի տեսքով, իսկ աղբը վերամշակող կազմակերպությունների օգուտներից մեկն էլ հեղինակավոր սերտիֆիկատն է, որ հավաստում է CO2-ը վերացնելու մասին:
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերը մանրամասնում էին գործող իշխանությունների ընդունած որոշումների «ապազգային բնույթը եւ անօրինական գործունեությունը» Հայաստանի բնապահպանական միջավայրի նկատմամբ: Նրանք նկատի ունեին ե՛ւ Նուբարաշենի աղբավայրում նախնական պայմանավորվածությամբ իրականացվելիք հայ-ճապոնական ծրագրի կասեցումը, ե՛ւ Սեւանա լճից ջրի բացթողումների կրկնակի ավելացումը, ընդ որում` ըստ մասնագետների, ջրի նման աննախադեպ քանակի բացթողումը տարվա այս եղանակին, երբ հասնելիք բերքն արդեն հասել-վերջացրել է, համարվում է խիստ անհիմն եւ կասկածելի: Բանախոսներ Գագիկ Սուխուդյանը (ավագ դասախոս, Սեւանի ազգային պարկի նախկին ղեկավար), Էվելինա Ղուկասյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոկարդիոլոգիայի գիտական կենտրոն) եւ Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինտերնեշնլ» ՀԿ) լրագրողներիս ներկայացրին իրենց հայտարարության տեքստը, ուր այսպիսի տողեր կան. «Սեւանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ Սեւանի ողջ էկոհամակարգին: Համոզված ենք, որ Սեւանա լճից ջրի բացթողումների ավելացումը, հետեւաբար, լճի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից»: Մեր հարցին, թե ո՞ւմ շահերից հատկապես կամ այլ կերպ ասածՙ ո՞վ է խմում Սեւանը, հստակ պատասխան չտրվեց: Բանախոսները փաստեցին միայն, որ լճի ծանծաղացումը` ծերացումը կատարվել է ՀՀ կառավարության ջանքերով եւ ՀՀ ԱԺ որոշմամբ, որ թույլատրում է Սեւանից ջրի բաց թողումը կրկնակի չափով:
Վերադառնանք օրգանական աղբի վերամշակման նախապես համաձայնեցված, բայց վերջում «ջրված» նախագծին:
«Էկոնոմիկայի նախարարությունը 10-20 օրում երեք անգամ տարբեր պատճառներ նշելով խոչընդոտ է նախագծի իրականացման ճանապարհին: Մի անգամ պատճառաբանեցին, թե աղբի վերամշակման բնագավառում ճապոնական ընկերությունը մենաշնորհ է: Մինչդեռ ճապոնական կողմը համաձայնեց, որ մի քանի օպերատոր կարող է աշխատել այս ոլորտում, բայց դա չօգնեց: Երկրորդ պատճառաբանությունն էր, թե ամբողջովին չի վերամշակվում աղբը, մյուս թափոնները մնում են առանց վերամշակման, երրորդ պատճառաբանությունն այն էր, թե 7-8 ամիս հետո Համաշխարհային բանկի միջոցով կանեն այնպիսի ծրագիր, որը կնախատեսի վերամշակել Երեւանի ողջ թափոնները` ե՛ւ կենսաբանական, ե՛ւ կոշտ, ե՛ւ ապակին ե՛ւ այլն»: «Չպարզված, թղթի վրա չերեւացող, տնտեսական շահերի խնդիր է», մասնավորապես այսպես մեկնաբանեց Գ. Սուխուդյանը օրգանական աղբի վերամշակման եւ ծրագրի մերժումը էկոնոմիկայի նախարարության կողմից:
Փաստորեն գիտնականների եւ մասնագետների մի խումբ համաձայն չէ բնապահպանական ոլորտում կառավարության, մասնավորապես տնտեսական զարգացման եւ բնապահպանության նախարարությունների աշխատանքներին, բնութագրելով դրանք ոչ պակաս, քան կործանարար եւ կասկածելի: Մեր հարցին, թե ինչո՞ւ նրանք ուղղակի չեն դիմում-նամակ գրում եւ առերես հանդիպում ոլորտի պետական պատասխանատուներին, ներկաները հավատացրին, թե արել են, բայց` անարդյունք: Մանավանդ որ նման հարցերի համար ստեղծված եւ վերջնական կարծիք հայտնող հանձնաժողովի եզրակացության համար, բանախոս Է. Ղուկասյանի կարծիքով, իրենք «պատասխանատու չեն»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ