«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2008-09-03 | #160, 2008-09-04 | #161, 2008-09-05


«ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ»

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման, ինչպես նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց անկախ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը :

Ըստ նրա, այսօր Անդրկովկասը այն իրավիճակի մեջ է, որ ամեն ինչ ազդում է Հայաստանի վրա նույնպես:

Ինչ վերաբերում է Թուրքիայի` Կովկասում «Կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությանը, Շաքարյանցը նկատեց, որ Թուրքիան կշարունակի կամ գոնե կփորձի տարածաշրջանում դերակատարություն ստանձնել: Վերջինիս գնահատմամբ, այդ նախաձեռնությունը Թուրքիայի վերջին ճիչն է իր կյանքը փրկելու, քանի որ նա հասկանում է, թե ինչ դժվարություններ են իրեն սպասում ապագայում:

Քաղաքագետի կարծիքով, կովկասյան պլատֆորմի առաջարկությունը, դրա ձեւակերպումը ոչ մի կապ չունի Կովկասի հետ, այն ունի հեռահար հետեւանքներ, որոնք այսօր տեսանելի չեն: Նա վստահ է, որ Կովկասում անվտանգության պլատֆորմ ստեղծելն ու դրանում Իրանին չընդգրկելը հնարավոր չէ:

«Կովկասի ռեալ անվտանգության համար անհրաժեշտ է Իրանի գոյությունը: Սա հնարավոր չէ ժխտել, հնարավոր չէ օրակարգից հանել Իրանի հարցը: Թուրքիայի նախաձեռնությունը ճշգրիտ չէ. հնարավոր չէ Կովկասում որեւէ անվտանգության պլատֆորմ ձեւավորել` առանց Իրանի լիարժեք մասնակցության», ընդգծեց քաղաքագետը:

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին փորձ է արվելու ընդհանուր մոտեցում մշակել Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ: Շաքարյանցը համոզված չէ, որ կհաջողվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին վերոնշյալ հարցի շուրջը միասնական, ընդհանուր կարծիք ձեւավորել: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ ՀՀ ղեկավարը կընդդիմանա Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման ընդհանուր մոտեցում ընդունելու հարցին:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Շաքարյանցը ասում է, որ մինչեւ հիմա ԼՂՀ-ն չի դիմել որեւէ պետության` ճանաչելու իր անկախությունը, ի տարբերություն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, որոնք 5 տարի շարունակ դիմում էին Ռուսաստանին ու վերջ ի վերջո հասան հաջողության:

Ըստ նրա, Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. «Փոքր ազգերը հասկացել են, որ կարող են հարց բարձրացնել ու անպատասխան չեն մնա: Մենք ուշացել ենք»:

Շաքարյանցը մեծագույն սխալ է համարում, որ դեռեւս 12 տարի առաջ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այն մտքից, որ Ղարաբաղի իշխանությունները պետք է լիիրավ ներկայացված լինեն բանակցություններում:

Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ վրաց-օսական հակամարտությունից հետո Կովկասում կա արդեն հինգ անկախ պետություն` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հ. Օսիա ու Աբխազիա: Նա Ղարաբաղը չդասեց տարածաշրջանում անկախ պետությունների շարքին:

Խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելությունից, Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ դրանից շատ բան չպետք է սպասել` հաշվի առնելով, թե ինչ ֆոնի վրա է տեղի ունենում: Ասուլիսում նա լրագրողներին ասաց, որ այդ հանդիպումը չի կարող սերտ համագործակցության շղթայի սկիզբ լինել կամ հարցեր շտկել: Ըստ նրա` դժվար է մինչեւ տարեվերջ լուրջ փոփոխությունների ականատես լինել հայ-թուրքական հարաբերություններում: Իսկ որեւէ մեկի սպասելիքները սահմանի բացումից համարեց անտեղի:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4