«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2008-09-03 | #160, 2008-09-04 | #161, 2008-09-05


ՇԱՀԵՑԻՆ ՇԱՏԵՐԸ, ԿՈՐՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԸ

Ռուս-վրացական հակամարտությունը, անշուշտ, բեկման է ենթարկում միջազգային հարաբերությունների ողջ համակարգը: Վրացիներին «խաղաղություն պարտադրելու» ռուսների անսպասելի (Արեւմուտքի համար) ռազմական հարվածը բացահայտ մարտահրավեր էր միաբեւեռ աշխարհին ու նրա լիդեր ԱՄՆ-ին: Եթե բուն ռազմական իմաստով անմիջականորեն բախվում էին ռուսներն ու վրացիները, ապա քաղաքական-տնտեսական առումով այստեղ շոշափվում էին բազմաթիվ երկրների, քաղաքական ուժերի, անհատների շահերը: Եվ եթե ծանր ու թեթեւ ես անում ԶԼՄ-ների անհամար հրապարակումները, ապա հանգում ես գրեթե մեկ հետեւության` շահեցին շատերը, իրապես վնասվեց-պարտվեց միայն մեկ պետություն` Վրաստանը:

Իր շառաչուն «վրացասիրությամբ» վարկանիշը բարձրացրեց ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Մակքեյնը, ինչն էլ համարվում էր վրացիների ռազմարշավի իսկական ենթատեքստ-նպատակը: Եթե նույնիսկ ընդունենք, որ ամերիկացիներն ընդհանուր առմամբ սխալվեցին իրենց հաշիվներում, ապա նրանք կարող են իրենց «բարկությունը» հիմք դարձնել տարածաշրջանում նոր բախումների հրահրման համար, մինչեւ Հանրապետական կուսակցությունը դրանց ալիքների վրա հաղթական վախճանի չհասցնի Մակքեյնի ընտրարշավը:

Իսկ ի՞նչ շահեցին եվրոպացիները: Եթե նախկին «վարշավցիները» հիանալի հնարավորություն ստացան դրսեւորելու եւ արդարացնելու իրենց ռուսատյացությունը, ապա մայր ցամաքի առաջատար հնաբնակները չէին կարող գոհ չլինել, որ իրենց անդրօվկիանոսյան գործընկերը, իսկ ավելի ճիշտ` կպչուն տնտեսական մրցակիցը գոնե որոշ ժամանակ ստիպված կլինի պարզել իր հարաբերությունները ոչ այնքան իրենց, որքան Մոսկվայի հետ:

Վերցնենք Իրանն ու Թուրքիան: Երկուսն էլ բավարարում են տարածաշրջանում լիդեր դառնալու իրենց հավակնությունները: Եթե Անկարան անմիջապես առաջադրում է անվտանգության նոր համակարգ, ըստ էության Ռուսաստանի հետ Կովկասի նոր վերաբաժանման ծրագիր, ապա Թեհրանը կարող է հուսալ, որ մոլորակի տարբեր վայրերում իր ապաշնորհությամբ խնդիրների մեջ խրված կրտսեր Բուշը լրջորեն կմտահոգվի Իրանին ռազմական հարված հասցնելուց առաջ:

Իսկ ի՞նչ ցույց տվեց Դուշանբեի գագաթաժողովը: Նախկին միջինասիական խորհրդային հանրապետություններին ձեռնտու է ուժեղ Ռուսաստանը, քանզի դա նրան հնարավորություն է տալիս հավասարակշռելու հարաբերություններն օրեցօր հզորացող հարեւան գերտերության` Չինաստանի հետ: Վերջինս, իր հերթին, չի կարող «գոհունակություն չարտահայտել» ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից, որովհետեւ նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանը կձգտի մերձենալ Չինաստանին ի հակակշիռ Ամերիկայի: Իսկ այդ պարագան Չինաստանը կարող է օգտագործել աշխարհաշրջանում, մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպությունում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Այնպես որ պատահական չէր, որ Դուշանբեում չհնչեց ոչ մի «դատապարտում»:

Եվ ինչո՞ւ, ասենք, հեռավոր Ճապոնիան, ելնելով միջադեպից, չի կարող ուժեղացնել իր պայքարը Կուրիլների «ճանաչման» համար:

Մի խոսքով, Սաակաշվիլին տանուլ տվեց հակամարտությունը: Հազիվ թե Ռուսաստանը գնա զիջումների: Իսկ եթե Արեւմուտքը արագացնի Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, ապա կարելի է չկասկածել, որ ռուսական ռազմական բազաներ կհայտնվեն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4