«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2008-09-03 | #160, 2008-09-04 | #161, 2008-09-05


«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ»

Տիգրան Սարգսյանը պահանջներ դրեց նախարարների առջեւ

Մինչ կառավարության երեկվա նիստի օրակարգին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պետական կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորման հարցին: Վկայակոչելով երկրի նախագահիՙ այս հարցին վերաբերող ելույթն ԱԺ-ում, նա նշեց, որ «մեր կառավարման համակարգը, ցավոք, այսօր արդյունավետ չի գործում»: Վարչապետը կարեւորեց նախարարությունների աշխատատեղերի նկարագրությունը եւ դրա հիման վրա աշխատանքների գնահատման արդյունավետ համակարգ եւ նյութական խրախուսման մեխանիզմներ ունենալը: Դիմելով նախարարներին, Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ «աշխատակիցները հստակ իմանան, թե ինչի՞ համար եք դուք նրանց խրախուսում»:

Վարչապետի վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ կառավարման համակարգը արդյունավետ չէ եւ որ նախագահի հանձնարարականների չկատարման դեպքեր են արձանագրվել: «Սա նշանակում է, որ վերահսկողական համակարգը նախարարություններում չի աշխատում, որովհետեւ եթե նախարարությունը ժամանակին չի կատարում հանձնարարականը կամ միջոցառումը, առնվազն նախարարը պետք է գրավոր դիմի վարչապետին` խնդրելով ժամկետները հետաձգել», ընդգծեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում չշտկվի իրավիճակը, ինքը հայտարարելու է նկատողություններ, որովհետեւ ռիսկի տակ է դրվում կառավարության տարեկան ծրագրի կատարողականը:

Ըստ վարչապետի, նախագահի նկարագրած չափանիշներին համապատասխան կառավարման համակարգի ներդրումը սկսվելու է կառավարության աշխատակազմից: 2009-ի բյուջեով էապես բարձրացվելու է նախարարների դերը, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ աշխատող աշխատակիցներին նյութապես խրախուսել: Այսինքն, պետք է լինեն օբյեկտիվ չափանիշներ, որոնք պետք է հասանելի լինեն բոլոր աշխատողներին: Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետական կառավարման համակարգի բարելավումն ամենաբարդ, բայց միեւնույն ժամանակ ամենակարեւոր խնդիրն է, որը եթե լուծվի, «մնացած բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4