Գույքի եւ եկամուտների հայտարարագրմանն առնչվող որոշումներ են երեկ ընդունվել կառավարությունում, որոնց մասին լրագրողներին մանրամասներ հաղորդեց պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը : Նա նախ հայտնեց, որ ընդլայնվում է այն անձանց ցանկը, որոնք պարտավոր են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները: 2009-ի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 15-ը տարեկան 8 մլն դրամից ավելի եկամուտ ունեցող եւ 50 մլն դրամից ավելի անշարժ գույքի գործարքներ կատարած անձինք պարտավոր են այդ մասին հայտարարագիր ներկայացնել: Դրան զուգահեռ պետական ծառայողները շարունակելու են ներկայացնել իրենց հայտարարագրերը արդեն 6-րդ տարին շարունակ: Ներկայումս տարեկան 45-50 հազար մարդ լրացնում են այդ հայտարարագրերը:
Ինչ վերաբերում է 8 մլն դրամ եկամուտ եւ 50 մլն դրամ գործարք կատարած անձանց, ապա նրանք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հանրագումարը, անշարժ գույքը, շարժական գույքը եւ այլ տեղեկություններ: «Ազգի» այն հարցին, թե կցանկանա՞ն արդյոք նման բարձր եկամուտ ունեցող մեր հայրենակիցները հայտարարագրել իրենց եկամուտները կամ գույքը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ օրենքով սահմանված են լուրջ պատժամիջոցներՙ մասնավորապես տուգանք չհայտարարագրված գույքի 10 տոկոսի չափով: Սակայն պետեկամուտների փոխնախարարը միաժամանակ նշեց, որ իրենք ծանուցագրեր են ուղարկելու եւ իրազեկելու են այդ հայտարարագրման անհրաժեշտության մասին: Այս հայտարարագրումն ունի հակակոռուպցիոն եւ ֆիսկալ նպատակներ, որպեսզի համադրվեն այդ տվյալները ոստիկանության, հարկայինի, կադաստրի համակարգերում եղած տեղեկությունների հետ: Արմեն Ալավերդյանի կարծիքով, մի քանի տասնյակ հազար մարդ եկող տարի կհայտարարագրվեն: Նա հայտնեց նաեւ, որ նոր հայտարարագրերի ձեւերն ավելի պարզեցված են:
Ա. Մ.