«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2008-09-03 | #160, 2008-09-04 | #161, 2008-09-05


goEast-Ի ՖԻԼՄԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍՈՎ»

Վիիսբադենում 2009-ի ապրիլի 22-28 անցկացվելու է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆիլմերի goEast ամենամյա 9-րդ փառատոնը:

«5 օրում մոտ 200 ֆիլմ ենք ցուցադրում, տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ միշտ է հաջողվում ներկայացնել բոլոր հետաքրքիր ֆիլմերը, որոնք շատ են: Որոշեցինք կարեւոր ասելիք, ինքնատիպ մտածողություն ունեցող, տաղանդավոր ֆիլմերը հանրության ուշադրությանը ներկայացնել ավելի վաղ կազմակերպված մի ֆիլմաշարումՙ ամիսըՙ մեկ ֆիլմ ցուցադրելով: Մեկնարկը սեպտեմբերի 2-ին Աննա Մելիքյանի «Ջրահարս»-ով եղավՙ Վիիսբադենի Կալիգարի կինոդահլիճում», մեզ հետ կայացած հեռախոսազրույցում փոխանցեց goEast-ի գեղարվեստական տնօրեն Սվետլանա Սիկորան, ով տաղանդավոր մակդիրն օգտագործեց «Ջրահարսի» մասին արտահայտվելիսՙ հավելելով, թե ցանկություն ունեն շարունակել համագործակցությունն ու ընկերությունը ինքնատիպ ձեռագիր ունեցող ռեժիսորի հետ:

Աննա Մելիքյանը goEast-ի բացահայտումներից է. 2001-ին, երբ Մելիքյանը դեռ Մոսկվայում ուսանում էր, նրա «Դո վոստրեբովանիա» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է փառատոնիՙ բուհերի ուսանողների մրցույթին, 2005-ին էլ «Մարս» ֆիլմի դեբյուտն է հետեւելՙ մրցութային ծրագրում արժանանալով ժյուրիի հատուկ մրցանակին:

Մոսկվաբնակ հայազգի ռեժիսորիՙ տարբեր փառատոներում հաջողություն գրանցած 2007-ին նկարահանած «Ջրահարսի» հաջորդ ցուցադրումը կայանալու է սեպտեմբերի 14-ին Մայնի Ֆրանկֆուրտի Ֆիլմթանգարանում: Ֆիլմի լեզուն ռուսերեն է, զուգահեռ ներկայացվում է անգլերեն թարգմանությունըՙ ենթագրերով: Վիիսբադենում Մելիքյանի ֆիլմը լավ տպավորություն է թողել գերմանացի հանդիսատեսի վրա, ներկա են եղել 80 հոգի: «Ոչ շատ է, ոչ քիչ, եթե հաշվի առնենք, որ ցուցադրման օրն աշխատանքային էր, մենք գոհ ենք արդյունքից», տեղեկացրեց տիկին Սիկորան:

«Ազգի» ընթերցողները ծանոթ են հիշյալ ֆիլմի մրցանակային կենսագրությանը: Այն ի թիվս Բեռլինի միջազգային փառատոնում ստացած կինոքննադատների մրցանակի, շահել է նաեւ Sundance-ի փառատոնում լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակը, գնահատվել Սոֆիայում, Սոչիում: Կառլովի Վարիի 43-րդ միջազգային փառատոնում չեխական հեռուստատեսության Անկախ տեսախցիկ, երեւանյան 5-րդ «Ոսկե ծիրան»-ում գլխավոր մրցանակի արժանացած «Ջրահարսը» հոկտեմբերի սկզբին մասնակցելու է իսրայելական Հայֆայի միջազգային փառատոնին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4