Անցած շաբաթ չեխական հեռուստատեսության երկրորդ ալիքի երեկոյան եթերաժամով ցուցադրվեց ֆրանսիական «Հայկական ցեղասպանություն» փաստավավերագրական 53 րոպեանոց ֆիլմը, որը թարգմանել եւ չեխ հեռուստադիտողին էր ներկայացրել Յարոմիր Մեդունայի գլխավորած 11 հոգանոց աշխատանքային խումբը: Ֆիլմի չեխերեն տարբերակում նշվում էին միայն կրկնօրինակման հեղինակները, ոչ մի խոսք չկար ֆրանսիացի հեղինակների մասին: Ամեն դեպքում, երկարատեւ ընդմիջումից հետո չեխական գլխավոր հեռուստաալիքներից մեկը կրկին անդրադարձավ հայկական հարցին, ֆիլմի միջոցով մանրամասն ներկայացնելով թե՛ ականատեսների ահասարսուռ պատմությունները, թե՛ Օսմանյան կայսրության ժամանակ աշխատած արեւմտյան դիվանագետների անձնական նամակագրությունն ու դիվանագիտական փաստաթղթերը, որոնք աներկբայորեն վկայում էին հայ ժողովրդի ծրագրված բնաջնջման մասին: Ֆիլմում մանրամասն խոսվում է, որ հայկական ջարդերը սկսվել են դեռ 1890-ական թվականներից, որ դրանք շարունակական բնույթ են կրել, սակայն մեծ տերությունները չեն ցանկացել որեւէ ձեւով միջամտել, թեեւ արեւմտյան տարբեր երկրների հյուպատոսներ եւ դեսպաններ մշտապես ահազանգել են: Ֆիլմի հեղինակներն ամենայն մանրամասնությամբ խոսում են նաեւ հայերի տեղահանությունների, նրանց Սիրիայի անապատներ քշելու եւ ծրագրված ոչնչացման մասին: Պատմական փաստերը զուգակցվում են հալեպաբնակ վերապրողներ Հարություն Միքայելյանի, Սահա Մանուկյանի եւ մյուսների հիշողություն-վկայություններով: Հուսանք միայն, որ այս ֆիլմը դիտած չեխ խորհրդարանականները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին մի փոքր այլ մոտեցում կցուցաբերենՙ հրաժարվելով խուսափողական քաղաքականությունից:
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա