«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ԹԱՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒ Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՏԱԲԸ

Սեպտեմբերի 7-ին կայանալիք Երեւանի մի քանի համայնքների թաղապետի ընտրությունները, որոնց կարեւորությունն այս օրերին ստվերվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարելիք այցի իրողությամբ, երեկ ուշադրության է արժանացել: Քանաքեռ-Զեյթուն համայնքում սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը այրվել է համայնքում թաղապետի թեկնածու առաջադրված «Ժողովրդական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Երեկ ժամը 15-ին արդեն ԺՈՒԿ նախագահի որդին ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու շտաբի այրման մանրամասները:

Մանուել Գասպարյանի պատմելով, նախօրեի ուշ գիշերն ինքն ու իր նախընտրական շտաբի աշխատակիցները փակել են շտաբի դուռն ու գնացել տուն: Մանուել Գասպարյանն իր նախընտրական շտաբի այրման մասին իմացել է առավոտյան` իրենց զանգահարած շտաբի հավաքարարից: «Հավաքարարը զանգեց, ասաց, որ շտաբի ապակիները ջարդվել են: Զանգեցի ոստիկանություն, եկան Արաբկիրի ոստիկանության պետը եւ փորձագետներ: Եկան, տեսան, որ այրվել են ոչ միայն իմ, այլեւ հորս պատկանող ցուցապաստառներն ու պլակատները: Դուռը վնասվել էր, ներսն ամբողջությամբ ծուխ էր», ներկայացրել է Մանուել Գասպարյանը:

Թաղապետի թեկնածուն նշել է, որ շտաբի այրման պատճառների եւ մյուս մանրամասների մասին իրեն ոչինչ հայտնի չէ, իսկ ոստիկանությունն էլ պատճառների մասին խոստացել է հայտնել քննության ավարտից հետո միայն: Որպես կանոն, մեզ մոտ հենց այդպես էլ լինում է նման դեպքերում, եւ ոչ ոք չի կասկածում թերեւս, որ այս դեպքն էլ չի բացահայտվի ու «կծամծմվի» այնքան, մինչեւ բոլորը մոռանան:

Մանուել Գասպարյանը խուսափել է հստակ ձեւով որեւէ մեկին մեղադրելուց, բայց նշել է, որ իր առաջնային հակառակորդ է համարում համայնքի գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին: Նա, սակայն, չի բացառել, որ կատարվածում խառը լինի նաեւ երրորդ ուժի մատը:

Մանուել Գասպարյանը միջադեպը կապել է միմիայն սպասվող թաղապետի ընտրությունների հետ, նշելով, որ ինքը թշնամի երբեք չի ունեցել:

Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում թաղապետի պաշտոնի համար պայքարում են անկուսակցական Վարուժան Մկրտչյանը, գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը եւ ԺՈՒԿ նախագահի որդի Մանուել Գասպարյանը: Արայիկ Քոթանջյանին ընտրություններում սատարելու հայտարարությամբ է հանդես եկել իշխող ՀՀԿ-ն, իսկ Մանուել Գասպարյանին սատարում են տերպետրոսյանական ընդդիմությունն ու խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգությունը»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4