«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃՌԱԿԱՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց այն քաղբանտարկյալների ցուցակը, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ եւ որոնց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն, շարունակում են մնալ առողջության համար ծանր պայմաններում: Ցուցակի մեջ են հայտնվել Մյասնիկ Մալխասյանը, Կարեն Թալիկյանը, Ժորա Սափեյանը, Սամվել Կարապետյանը, Աղասի Մկրտչյանը, Մկրտիչ Սափեյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Աշոտ Զաքարյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստափոր Էլազյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արման Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանի մասին Զուրաբյանը նշեց, թե ծանր առողջական վիճակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցՙ բուժման: Զուրաբյանի մատուցմամբ` իշխանությունը թույլ չի տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարդկանց, որոնք ունեն առողջության տարբեր ծանր խնդիրներ եւ շարունակվում են պահվել ծանր պայմաններում:

«Դա հավասարազոր է նրան, որ իշխանությունն ուղղակի խոշտանգում է այդ քաղբանտարկյալներին», ասում է ՀԱԿ ներկայացուցիչը: Հայ ազգային կոնգրեսը նաեւ հայտարարություն է տարածել, որ քաղբանտարկյալների մի մասի գործը դեռ չի էլ ուղարկվել դատարան, նրանց էլ չի ցուցաբերվում համապատասխան բժշկական օգնություն:

Իսկ ընդդիմության հաջորդ հանրահավաքն անցկացվելու է սեպտեմբերի 12-ին:

«Այս անգամ լինելու է բռնապետության դեմ ուղղված համաժողովրդական պայքարի վճռական փուլը: Ազատությունների վերականգնումը եւ ընտրված ու արդյունավետ կառավարություն ունենալու գործը ժողովրդի ձեռքում է: Իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները կապված հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության անցկացման հետ», ընդգծեց Զուրաբյանը:

Իսկ թե վճռական փուլին անցնելու համար կոնկրետ ի՞նչ գործողություններ են նախատեսում, Զուրաբյանը չպատասխանեց, նշելով, որ հետագայում պարզ կլինի:

Նրա խոսքերով, քաղբանտարկյալների հարցն այսօր շարունակում է ցավոտ հարց մնալ, իսկ բանտերում շարունակվում է մնալ 75 քաղբանտարկյալ: Զուրաբյանը կարծում է, որ իրավիճակը ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր դաշտում մտել է փակուղի:

«Փակուղի է, երբ իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում գտնել փոխզիջումներ: Դա կարող է բերել միայն իրավիճակի սրմանը, քաղաքական պայքարի կոշտացմանը: Մենք չէինք ուզում հայտնվել փակուղում, ծրագիր առաջարկեցինք իշխանությանը. եթե նրանք ազատեին քաղբանտարկյալներին, մենք կգնայինք փոխզիջման», ընդգծեց բանախոսը:

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է Զուրաբյանը գնահատում, որ միեւնույն կոալիցիայի մաս կազմող Սերժ Սարգսյանն ու Դաշնակցությունը տարբեր քայլեր են անում Աբդուլլահ Գյուլի հանդեպ` Սերժ Սարգսյանը հրավիրում է Երեւան, իսկ ՀՅԴ-ն Գյուլին դիմավորում է բողոքի ակցիաներով` Լեւոն Զուրաբյանը կոալիցիայի անդամների տարբեր գործողությունները որակեց որպես «կառավարության շիզոֆրենիա»: «Երբ կառավարությունը մշակում է անվտանգության միջոցառումների ինտենսիվ ռեժիմ, եւ նույն կառավարության մի մասը խախտում է այդ ռեժիմը, ապա դա այլ կերպ, քան կառավարության շիզոֆրենիա, անվանել չի կարելի», ասաց նա:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՔԿ վարչությունը հերքում է խոշտանգումների մասին հայտարարությունները

Բոլոր այն հայտարարությունները, թե իբր քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված եւ դատապարտված անձինք ենթարկվում են խոշտանգումների, ակնհայտ սուտ են: Նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը , Արմենպրեսի խնդրաքով մեկնաբանելով Լեւոն Զուրաբյանի ասուլիսում արված այդ հայտարարությունը: Նրա տեղեկացմամբ` ՔԿ հիմնարկներից 2008-ի ընթացքում քաղաքացիական բուժհաստատություններ են տեղափոխվել ավելի քան 100 անձինք, այդ թվում` մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված Արամ Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Արարատ Զուրաբյանը եւ ուրիշներ: Կալանավորված եւ դատապարտված անձինք ինչպես արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, այնպես էլ իրավասու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու Մարդու իրավունքների պաշտպանին ոչ միայն չեն ներկայացրել խոշտանգումների կամ սադրանքների վերաբերյալ բողոքներ, այլեւ նշել են բարվոք վերաբերմունքի եւ խախտումների բացակայության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4