ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ սկսված չորրորդ գումարման ԱԺ նստաշրջանը խորհրդարան էր բերել 111 պատգամավորի եւ 50-ից ավելի լրագրողի` գիտեք, թե ինչո՞ւ. շաբաթ օրը ՀՀԿ գործադիր մարմինն «աննպատակահարմար» էր համարել Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը եւ այդ պաշտոնի համար երաշխավորել է նորընտիր պատգամավոր... Հովիկ Աբրահամյանին: Այս որոշումից հետո սպասվում էր, որ ԱԺ նախագահ Տ. Թորոսյանը հենց նիստի սկզբում հայտարարելու է խորհրդի որոշմանը ենթարկվելու եւ պաշտոնից հրաժարվելու մասին: Սակայն Տ. Թորոսյանին լավ ճանաչողները վստահ էին, որ այդպիսի բան չի լինի: Նրանք չսխալվեցին` ԱԺ նախագահը բացեց նիստը եւ օրհներգը հնչելուց հետո հանգիստ սկսեց օրակարգն ու հետաձգվելիք հարցերը ներկայացնել: Ի դեպ, նորընտիր պատգամավոր Հ. Աբրահամյանը ներկա չէր այս նիստին, դա եւս վկայում էր, որ Տ. Թորոսյանը համառելու է: Ազգային ժողովի միջանցքը բզզում էր մեղվափեթակի նման, լրագրողներն օղակում էին այս ու այն հանրապետականին` մի բան իմանալու, եւ այդպես, օրինակ, Էդուարդ Շարմազանովից եւ Արմեն Աշոտյանից պարզեցին, որ ավանդույթով հանրապետականները պարտավոր են ենթարկվել կուսակցական որոշումներին: Գալուստ Սահակյանին հարցաքննելու արդյունքն էլ առանձնապես շոշափելի չէր` կուսակցությունն իր որոշումների տերն է լինելու, կուսակցությունը քայլ է արել, հաջորդ քայլերի համար եւս որոշումներ կընդունի: Հարցրինք` եթե Տ. Թորոսյանը հրաժարական չտա՞. «Գործադիր մարմնի որոշումը չի կարելի սեթեւեթանքի վերածել... կուսակցությունն ինքն է որոշում իր քաղաքական գործիչների դերակատարությունը»: Միաժամանակ Գ. Սահակյանը գնահատեց, թե վերջին տարիներին Ազգային ժողովն օրենսդրության տեսակետից լավ է աշխատել, թեեւ` պետք չէ Տ. Թորոսյանի անձի հետ կապել կուսակցության որոշումը:
Խոստովանեմ` լրագրողներս մոլորված ենք. ԱԺ-ն լավ է աշխատել, բայց դա կապ չունի, իսկ կուսակցությունն այս որոշումը կայացրել է` գոնե հրապարակայնորեն չհիմնավորելով «աննպատակահարմար» բառը...
Իսկ ի՞նչ պիտի անի Հովիկ Աբրահամյանը, որ չէր կարողանում անել Տիգրան Թորոսյանը, հարցրին լրագրողները եւ Գ. Սահակյանից լսեցին. «Կուսակցությունն է որոշում... բոլոր տիպի փոփոխությունները քաղաքական որոշումների հետեւանք են, առավել եւս` որեւէ բացասական միտում Տիգրան Թորոսյանի նկատմամբ կուսակցությունը չունի...Մեր որոշումը կապված չէ Տիգրան Թորոսյանի աշխատանքային գործունեության հետ»: Եթե Տ. Թորոսյանը հրաժարական չտա, արդյոք նրան կհեռացնե՞ն կուսակցությունից. այս մասին էլ Գ. Սահակյանը որոշակի բան չասաց, միայն նշեց` ամեն ընտանիք ինքը գիտի, թե իր խոհանոցն ինչպիսին է:
Մոռացանք ասել, որ երեկ քննարկվում էր ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը, ու թեեւ նախագահի միակ թեկնածու Արմեն Աշոտյանը լավ-լավ բաներ էր ասում ԱԺ ամբիոնից, եւ անգամ ասաց, թե Հանրային հեռուստատեսության հետ կապված խնդիրներ կան, եւ այո, Հայաստանում պատշաճ կերպով խոսքի ազատություն պետք է ապահովվի (ի դեպ, նա ընտրվեց հանձնաժողովի նախագահ), սակայն լրագրողները նրան չէին լսում, եւ բոլորի ուշքն ու միտքը Տ. Թորոսյանի խոստացած ինտերվյուն էր, որը, խոստովանենք, որեւէ պարզեցում չբերեց հրաժարականի խնդրին: Նա լրագրողներին ոչինչ չասաց ՀՀԿ գործադիր մարմնում արտահայտած իր տեսակետների մասին. «Ձեզ համար, կարծում եմ, պարզ է` ինչպիսին է եղել իմ դիրքորոշումը»: Մենք դա այսպես հասկացանք, որ նա այնուամենայնիվ, ասել է, թե հրաժարական չի տալու: Ընդհանրապես` նա գործադիր մարմնի որոշումը չմեկնաբանեց, ասաց, որ նման որոշումները պետք է հաստատվեն կուսակցության խորհրդում, գործադիր մարմինն առաջարկել է ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել սեպտեմբերի 16-ին, այդ օրն էլ դա հաստատվել է: Դրանից հետո նա ե՛ւ մեկնաբանություններ է անելու, ե՛ւ առհասարակ, բոլոր հարցերի պատասխանը տալու է, իսկ մինչ այդ իմաստ չունի որեւէ բան մեկնաբանել: Այս էր նրա բուն ասածը, որի շուրջն էլ մանեւրեց` այդպես էլ տարբեր ձեւերով տրվող նույն հարցերի պատասխանը չտալով: Հարցին, թե փաստորեն Հանրապետականն ուզում է նրանից ազատվե՞լ, հնչեց այսպիսի պատասխան. «Դուք կարող եք ցանկացած բան դատել, ինչպես որ արել եք` Դուք, էլի մի քանի լրագրողներ ու թերթեր վերջին 3-4 ամիսներին: Ճիշտն ասած, այդ բոլոր դատողություններն ինձ չեն հետաքրքրում, ես անում եմ այն, ինչ ինքս եմ ճիշտ համարում»: Հիշեցրեց, որ 9 տարի աշխատել է ԱԺ-ում, եւ ներկա բոլոր լրագրողներն իր համբերությունը տեսել են, նրա համբերությունը կբավարարի, որ մինչեւ խորհրդի որոշումը սպասի: Հարցին, թե շարքային պատգամավորի կարգավիճակում իրեն պատկերացնո՞ւմ է. «1999 թ. երբ եկա խորհրդարան, ինձ առաջարկվեց նախարար դառնալ, հրաժարվեցի եւ մինչեւ ԱԺ փոխնախագահ դառնալը սովորական պատգամավոր էի: Եվ ինձ բոլորովին վատ չէի զգում»:
Կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները մոտավորապես այսպիսի պատասխան էին հնչեցնում. «Եթե կա Հանրապետական կուսակցության քաղաքական բարձրագույն մարմնի որոշումը, Աժ նախագահի պաշտոնն էլ կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակում պատկանում է Հանրապետականին, ԲՀԿ-ն քաղաքական պայմանավորվածությունները հարգող կուսակցություն է, միանշանակ հարգելու ենք մեր կոալիցիոն գործընկերոջ որոշումն` ինչպիսին էլ լինի», այս դեպքում սա Նաիրա Զոհրաբյանի եւ հավանաբար նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումն էր: Նույն կերպ Հովհաննես Մարգարյանը համամիտ էր ՀՀԿ գործադիր մարմնի որոշման հետ եւ համոզված էր, որ Հովիկ Աբրահամյանի` գործադիրում աշխատած ժամանակի փորձը հարկավոր է գործնական կյանքում եղած պրոբլեմների օրենսդրական լուծումները գտնելու համար: Իր կարծիքին հռետորական հարցի տեսք տվեց Անահիտ Բախշյանը` «Ժառանգությունից». «Տ. Թորոսյանը բառիս բոլոր իմաստներով ծառայել է Հանրապետականին, ուրիշ էլ ինչ պիտի աներ նա, որ չի արել...»:
Նկատենք, որ սեպտեմբերի 16-ից հետո էլ, երբ ՀՀԿ խորհուրդը կվերահաստատի գործադիր մարմնի վճիռը, Տ. Թորոսյանի հրաժարական չներկայացնելու դեպքում, ԱԺ կանոնակարգով 1 պատգամավոր ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու առաջարկով որոշման նախագիծ կարող է ներկայացնել, եւ եթե պատգամավորների 1/3-ը միանա այդ նախագծին, հարցն ավտոմատ կարող է մտնել հաջորդ քառօրյա:
Իսկ ահա քննարկումների ընթացքում ի՞նչ կարող է հնչել, կամ, ասենք, ելույթ ունեցողներն ինչպե՞ս կարող են նայել Տ. Թորոսյանի երեսին, պատկերացնել կարելի է: Ասենք` չի բացառվում, որ այսպիսի սցենարը հենց տեղավորվում է Հանրապետականին երկատելու պլաններ ունեցողների ծրագրերում: