15 օր առաջ «Ֆլեշ» ընկերությունը տեղեկացրել էր, որ բենզինի գների 5 տոկոսի իջեցում է լինելու: Դա երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում եւս մեկ անգամ հաստատեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը եւ տեղեկացրեց, որ այսօրվանից հանրապետությունում գտնվող «Ֆլեշի» բոլոր լցակայաններում նախկին 1 լիտրը 410 դրամ արժողությամբ բենզինը կվաճառվի 390 դրամով: Բարսեղ Բեգլարյանը շտապեց տեղեկացնել նաեւ, որ 20-30 վագոն բենզինը Բաթումից Հայաստան եկող ճանապարհին է, եւ հույս հայտնեց, որ մոտակա օրերին վառելիքի հետ կապված խնդիրները կկարգավորվեն: Բեգլարյանի մատուցմամբ, եթե այլ միջադեպեր չլինեն, երկու-երեք շաբաթ հետո եւս հնարավոր կլինի «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզինի եւ դիզվառելիքի գներն իջեցնել 2-5 տոկոսով:
Նրա խոսքերով, վրաց-օսական հակամարտության հետեւանքով տնտեսական ճգնաժամը խուճապ է առաջացրել հասարակության մեջ, որն էլ հանգեցրել է հերթերի բենզալցակայանների մոտ: Բեգլարյանի կարծիքով, վարորդները ցանկացել են գնել շատ քանակությամբ բենզին:
Հակամարտության օրերին ընկերությունն այլընտրանքային ձեւով վառելիք է ներկրել Թուրքմենստանից եւ վագոնները տեղափոխել է Իրանից Հայաստան մտնող ճանապարհային անցուղիներով: Իրանից 1500-2000 տոննա ներմուծված վառելիքը միայն եղել է այդ պետության բարի կամքի դրսեւորումը եւ օգնել է Հայաստանում բենզինի շուկայի կանոնակարգմանը:
Բեգլարյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանում օգոստոս ամսին ավելի մեծ քանակությամբ է բենզին վաճառվել. հերթերի ժամանակ իրացվել է 15 հազար տոննա բենզին, իսկ դիզվառելիքն այդ ընթացքում վաճառվել է 7-8 հազար տոննայի չափով:
«Ֆլեշ» ընկերության նախագահի խոսքերով, եթե կրկին ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, այս անգամ իրենք վառելիք կներկրեն Աստրախանի մարզից:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ