«Օրերի» զրուցակից Նորվան սրբազանն է ասում
Օստրավայի Չեժ համերգային համալիրում ամռան սկզբին հավաքված բազմահազար հանդիսատեսները Սերժ Թանկյանին դիմավորել են «Սե՜րժ, Սե՜րժ» վանկարկելով: «Եթե Հայաստանից եկած որեւէ զբոսաշրջիկ ներկա լիներ այդ համերգին, մի պահ իրեն կզգար նախագահական ընտրությունների քարոզարշավի թոհուբոհի մեջ: Ամբողջ դահլիճը, լի ոչ միայն երիտասարդներով, այլեւ ռոքի հասուն տարիքի բազմաթիվ սիրահարներով, ցատկոտում էր եւ գոռումՙ «Սե՜րժ, Սե՜րժ, Սե՜րժ», Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի 2/2008 համարում գրում է գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, իբրեւ շարունակություն զետեղելով չեխական մամուլում տպագրված հոդվածներն ու հարցազրույցները հանրահայտ «System of a Down»-ի ղեկավար Սերժ Թանկյանի մասին: «Ափսոս, որ համերգը տեւեց միայն մեկ ժամից մի քիչ ավելի: Ափսոս, որ աշխարհը լեցուն չէ Թանկյաններով», իր հրապարակման վերջում գրել է չեխ լրագրողը, նախապես նշելով, որ Սերժն իր համերգների ժամանակ խոսում է քաղաքականության, կրոնի, մարդկային հարաբերությունների եւ այլնի մասին, արտահայտելով խորունկ մտքեր, որոնց կարիքը մարդիկ զգում են ամենուր: Թանկյանի մասին պատմող նյութի մյուս էջից մեզ է նայում կուլտուրիզմի Չեխիայի չեմպիոն Արսեն Կիզողյանըՙ ցուցադրելով պիրկ եւ ուռուցիկ մկանների բոլոր ելեւէջումները: Շուրջ 13 տարի Չարենցավանից Չեխիա տեղափոխված մարզիկն այժմ պատրաստվում է աշնանը կայանալիք կուլտուրիզմի աշխարհի առաջնությանը:
«Չեխահայ համայնքի լուրեր» բաժնում կարդում ենք, որ Բոնո քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն այս ուստարվա ավարտին հայր Բարսեղի նախաձեռնությամբ ստացել են ավարտական վկայականներ, որի առիթով ոչ միայն հանդես են եկել հայկական երգ ու պարով, այլեւ «Հարսնացու հյուսիսից» ֆիլմից մի հատված խաղալով: Համայնքի կյանքին կենսական թարմ ռիթմեր են հաղորդել Սիրուշոյի համերգները Պրահայում եւ Բոնոյումՙ «Եվրոտեսիլից» առաջ: Հենց այդ օրերին Սիրուշոն հանդիպել է «Եվրոտեսիլում» Չեխիան ներկայացնող Թերեզա Կրենդլովային եւ նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել Չեխիայում կամ Հայաստանում միասին հանդես գալու:
Այս համարի մշակութային լուրերը մի քանի րոպե պետք է ընդմիջել չեխական ընտիր գարեջրով, որովհետեւ Պրահայում առաջին անգամ անցկացվել է չեխական գարեջրի փառատոն, որի կարիքը չեխերը վաղուց էին զգում: Մասնակիցները չեխական գարեջուրը վայելել են երաժշտական ու թատերական բազմապիսի ներկայացումներ ունկնդրելով: Կազմակերպիչներն ասել են, որ իրենց սիրած գարեջուրը «Պլզներն» էՙ օգտակար ստամոքսի համար եւ արժե խմել ամեն օր մի բաժակ: Նրանց խորհրդին հետեւող հայերը եվրոպացիների ստամոքսը գրավել են մեկ այլ բանովՙ մեղրով տորթ «Մառլենկայով», այն էլ այն աստիճանի, որ դրա արտադրությունը շուտով կրկնապատկվելու է, քանի որ ավարտին է մոտենում Եվրոպայի ամենամեծ թխվածքի գործարանը, որի սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը մեղրով տորթի արտադրությանն ավելացնելու է եվրոպացիների քիմքին անծանոթ այլ թխվածքներ:
Այս համարի «Չեխական փառատոներ» էջը պատմում է «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնում Աննա եւ Արմեն Էլբակյանների փայլուն ելույթի, ինչպես նաեւ Պրահայում անցկացված 12-րդ միջազգային տիկնիկային փառատոնում Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի մեծ հաջողության մասին:
Դիվանագիտական բաժնում կարդում ենք Վիեննայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանի հետ Հակոբ Ասատրյանի հարցազրույցն ու տեղեկանում, որ 1, 5 տարվա նրա գործունեությունը ցույց է տվել, որ դյուրացել է չեխ գործընկերների հետ համագործակցությունը, մշտական կապ է հաստատվել Վիեննայի հետ ու նոր հնարավորություններ են բացվել գործերն ավելի արագ կազմակերպելու: Հետաքրքրությամբ է ընթերցվում հատկապես Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի հետ հարցազրույցըՙ հագեցած ուսանելի մտքերով, կարծիքներով: «Հայերը, որ հաստատվում են եվրոպական տարբեր համայնքներում, պետք է սկսեն մտածել նաեւ եվրոպական ինքնության մասին: Երբ դեռ Եվրոպայում հաստատված չէինք եւ համայնքներ չունեինք, շատ ավելի եվրոպական մտածողություն ունեինք: 19-րդ դարի կեսերից սկսած մեր արեւմտահայ գրականության մեջ ցույց տվեցինք, որ եվրոպական արժեքներն ու մտածողությունը մաս են կազմում հայ համայնքի մտածողության: Այսօր, երբ տարբեր համայնքներ ունենք Եվրոպայում, դեռեւս չենք հաջողել մեր ունեցած եվրոպական մտածողությունը նորոգել: Մինչդեռ հիմա ավելի շատ եվրոպական մտածողություն պետք է ունենայինք: Այդ ընդհանուր հարաբերությունները մեզ ավելի կհարստացնեն եւ դրանից մենք կարող ենք լավ օգտվել», ասում է սրբազանը:
«Ծանոթ հայրենակիցներ» բաժինը հատկացվել է Վերժինե Սվազլյանի «Հարութ Սասունյան. միջազգային չափանիշի մեծ հայը» հոդվածին, որը մեկ այլ վերնագրով տպագրվել է նաեւ մեր թերթում: «Օրերին» հարցազրույց են տվել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ատենապետ Հիլդա Չոբոյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ միջազգային հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հայաստանյան հետընտրական զարգացումների եւ բարոյահոգեբանական մթնոլորտի մասինՙ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հատուկ «Օրերի» համար Արծվի Բախչինյանը զրուցել է հայկական պարարվեստում հայտնի դեմքեր Սուսաննա Միքայելյան եւ Սամվել Կարապետյան զույգի հետ, ընթերցողին ծանոթացնելով նրանց որդուՙ «բալետի արքայազն» Տիգրան Միքայելյանի հետ, որը Մյունխենի Բավարական պետական բալետի մենապարողներից է, մեծ ճանաչում ունի:
«Օրերում» ընդգրկուն տեղեկություններ են հաղորդվում նաեւ ՀԲԸՄ գործունեության մասին Եվրոպայում եւ այլ երկրներում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ