Սեպտեմբերի 12-ին «Ժառանգություն» կուսակցության անդամները եւս մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին: Երեկ այս մասին «Ուրբաթ» ակումբում լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը , քանի որ իրենք էլ այս հանրահավաքից մեծ բաներ են ակնկալում: Նրա մատուցմամբ` քաղաքական այն կորիզը, որ ձեւավորվել է, պետք է պահպանվի:
Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ հանրահավաքների հետեւանքով իշխանություններն իրենց զգաստ են պահում: «Եթե չլինեին ընդդիմության հանրահավաքները, Տիգրան Սարգսյան վարչապետ մենք չէինք ունենա», ասում է «Ժառանգության» նորընտիր ղեկավարը:
Իսկ այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ կուսակցությունում որեւէ պաշտոն չի զբաղեցնում, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անբեկանելի հեղինակություն է կուսակցության մեջ եւ հանդես է գալիս որպես խմբակցության լիդեր` հիմնադիր նախագահ:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա գործունեությանը, Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այժմ արդեն նա «ավելի է լծվելու միջազգային կառույցներում Հայաստանի շահերը պաշտպանելու եւ մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու գործին: Հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ակտիվ քայլեր է պահանջում»:
Ակումբի հյուրի խոսքով, ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, հրաժարվել է ԵԽԽՎ լիագումար նիստերին մասնակցելուց, բայց շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի եւ մշակութային հանձնաժողովների անդամ եւ մասնակցում է դրանց նիստերին:
Մարտիրոսյանն անդրադառնալով նաեւ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, նշեց, որ Արաբկիրում թաղապետ է դարձել, այլ ոչ թե ընտրվել. «Մի խոսքով, թաղապետ դարձած թեկնածուն մի քանի միլիոն դոլար է ծախսել եւ ծավալել անարդար ընտրապայքար»:
Թեպետ «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը հավաքել էր 5608 ձայն, այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանը դժգոհ չէ ընտրությունների ելքից:
«Ըստ էության, մեր միասնական թեկնածուով կարողացանք այլընտրանք ապահովել քաղաքացիներին», նկատեց բանախոսը: Նրա համոզմամբ, Արաբկիրում ընտրությունների ելքը կանխորոշեց Թբիլիսյան խճուղում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը, որից մարդիկ վախեցել են:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ