«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ՍԵԴԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը տեսողության համաշխարհային օրվան նվիրված միամսյակը սկսեց «Մոսկվա» կինոթատրոնի սրահումՙ Սեդա Բեքարյանի բարեգործական ցուցահանդեսի բացմամբ: Գեղանկարչուհին իր 30 յուղաներկ աշխատանքները նվիրել է «Հայկական ակնաբուժության նախագծին», եւ ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների եւ մեծահասակների բուժմանը:

Ներկայացված աշխատանքները ներքին վիճակի դրսեւորումներ են. գույների բազմազանության կիսատոների պատկերային արտահայտչաձեւերը ստեղծել են տրամադրությունների մի ամբողջ շղթա, ուր իշխում է մեղմ ու հանդարտ, ներդաշն խաղաղությունը: Օրվա պահը, առարկան, դրվագը, կյանքի որեւէ դետալ համապատասխանեցված է որոշակի հոգեվիճակի, նույնիսկՙ դուռ կամ պատ: Այդ ներքին վիճակները գունային մտածողության շարքեր են կազմում: Ինչպեսՙ «Դեղին լռություն», «Կապույտ լռություն», «Սպիտակ լռություն» եւ վերջապես «Լռություն», կամՙ «Կապույտ Կոնդ», «Վարդագույն Կոնդ», «Երեկոն դեղին այծերով», «Հին բակՙ դեղին այծերով», «Երկու փոքրիկ այծ»: Սրանցում հիշողության, կյանքի իրական ապրված զգացողություն կա, մտերիմ ջերմություն: «Տներ», «Երեկո», «Սպիտակ պատ», «Բակ. եղեւնի» այս կտավների գույների լռության մեջ ամփոփված է անցյալ ու ներկա, ներաշխարհային տատանումներ. մտածողական շերտեր կան: Այնպես որ, գնորդն արվեստի լավ գործ ձեռք բերելով, անմիջականորեն կմասնակցի նաեւ բարեգործական այս ակցիայինՙ իր հոգեւոր հաշվեմատյանում արձանագրելով դրական մի առաջընթաց:

ՀԱՆ-ը իր գործունեությունը սկսել է 1992-ից եւ առողջապահական կրթական բազմաթիվ ծրագրեր է իրականացրելՙ տեղադրել է աչքի շարժական հիվանդանոց, ներմուծել է վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիա: ՀԱՆ-իՙ «Լույս հայի աչքերին» ծրագիրը գործում է 2003-ից եւ ուղղված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների բարելավմանը եւ ձեռք բերովի կուրության կանխարգելմանը: ԱՄՆ ՄԶԾ-ի (USAID) տրամադրած դրամաշնորհներով իրականացվել են ընդհանուր զննումներ, խորացված վիրահատություն եւ լազերային բուժում: Շուրջ 200.000 մարդ զննվել եւ 8000-ից ավելի հիվանդ վիրահատվել եւ լազերային բուժում է ստացել, տրամադրվել է 16.000 ակնոց, հազարավոր բուժաշխատող վերապատրաստվել են, բաժանվել են 46.000-ից ավելի տեղեկատու գրքեր:

ՀԱՆ-իՙ տեսողության օրվան նվիրված միամսյակը կրում է ցուցահանդեսիՙ «Հայացք ապագային» խորագիրը: Ցուցահանդեսի բացմանը խոսք ասաց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը , USAID-ի տնօրենի պաշտոնակատարը Սեդա Բեքարյանի բարեգործությունը համարեց շռայլ նվիրատվություն: Ներկա էր ծրագրի հիմնադիր Ռոջեր Օհանեսյանը : Նա անդրադարձավ տեսողական խնդիրներին եւ ասաց, որ համաշխարհային վիճակագրության տվյալներով կուրության դեպքերի 80 տոկոսն արձանագրվում է 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, եւ դրանց 75 տոկոսը կարելի է կանխել զննումների միջոցով: Կուրությունը համարելով սոցիալական, հոգեբանական, տնտեսական բեռ մարդու եւ հասարակության համար, նա համոզված է, որ յուրաքանչյուր հիվանդի տեսողության բարելավումը ծառայում է այդ նույն հանրության բարելավմանը:

Ցուցահանդեսը վկայությունն է արվեստի ոչ միայն գեղագիտական ազդեցության եւ ուժի, այլեւՙ սոցիալական-հասարակական դերի: «Շնորհակալ եմ «Հայկական ակնաբուժության նախագծին», որ հնարավորություն տվեց կանգնել իր կողքին եւ կազմակերպել այս ցուցահանդեսը, որի նպատակը բարեգործական է, եւ եթե իրականացվի, ես ինձ շատ հպարտ կզգամ», ասաց Սեդա Բեքարյանը :

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4