Հավանաբար այն նոր ցուցարարներ հավաքելու նպատակ ունի
Երեկ ՀԺԿ գրասենյակում տեխնիկական մի շարք խնդիրներ լուծելուց հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը մարտի 1-ի դեպքերի ուժային կառույցների գործողությունների ուսումնասիրման հանձնախմբի նախագահ (կամ անդամ, ադպես էլ պարզ չդարձավ) Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ լրագրողներիս ցուցադրեցին ֆիլմ, որի հիմնական մեխը հայտնի դեպքերը ցուցադրող կադրերն էին: Միայն թե այս անգամ տեսախցիկներն ու հեռախոսները նկարահանել էին ոչ թե ծեծվող ոստիկաններ, ջարդուփշուր արվող մեքենաներ ու թալանվող խանութներ, այլ ճիշտ հակառակը` զինված ոստիկաններ եւ ուժային կառույցների աշխատակիցներ: Կադրերում մատնացույց են արվում զենքը ձեռքերին կանգնած ոստիկաններ, ավտոմատներով զինված դիմակավոր զինվորականներ, մի քանի հոգով առանձին երիտասարդ քաղաքացիների ծեծող համազգեստով մարդիկ: Հատկապես ցնցող էր այն, որ երկու մեքենա իրար հետեւից վրաերթում են նույն քաղաքացուն: Առանց այն էլ լարված տեսաշարն ուղեկցվում էր պրոֆեսիոնալ հմտությամբ ընտրված երաժշտական ձեւավորմամբ, ազդեցիկ մոնտաժով: Ֆիլմում ցուցադրվում են ե՛ւ ընտրության ժամանակ լցոնման պահին կատարված կադրեր, ե՛ւ Ազատության հրապարակը մաքրելիս, այսպես ասած, առարկայական ապացույցների վերացումը, անգամ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որն իր մարմնով ծածկել էր ոստիկանության սպա Թադեւոսյանը: Հատկապես ուշագրավ էր ֆիլմի վերջաբանը, ուր ընդդիմադիր ուժերի քաղաքական պայքարի, ցույցերի ու երթերից հատվածաբար ներկայացվող կադրեր են եւ ԼՏՊ-ի հատու խոսքը, որ կրկնում է ցուցարարների բազմությունը` պաքար, պայքար մինչեւ վերջ:
Սուրեն Աբրահամյանն իր երկարաշունչ խոսքում, մարտի 1-ը որակեց որպես ընդդիմադիրներին դաս տալու միջոց, ինչպես նաեւ կեղծված ընտրությունները մոռացության տալու նպատակ: «Մարտի 1-ը ինքնանպատակ չի եղել, օդից չի եղել, լուսնից չի եղել», հայտարարեց Ս. Աբրահամյանը: Նա վստահ է, որ մարտի 1-ը իշխանությունների կազմակերպած միջոցառումն է, որն իրականացվել է Ռ. Քոչարյանի նախընտրած ձեռագրին համապատասխան: Իշխանություններն ու հատկապես Ռ. Քոչարյանը մեղադրվեցին նաեւ այն բանի համար, որ նրանք, ըստ բանախոսի, իրավապահ համակարգը ծառայեցրել են իրենց քաղաքական նպատակներին, մենամարտի մեջ թողնելով իրավապահներին ու դատական կառույցներին մի կողմից, ընդդիմադիրներին` մյուս կողմից: Իսկ իրենք եղել են անմիջական պայքարից դուրս վիճակում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ