Յան Պոուլսենը գնում է Բեռնար Կազոնիի հետքերով
Իսպանիա-Հայաստանՙ 4-0 (2-0)
10 սեպտեմբերի, Ալբասետե, «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտ, 17 հազար հանդիսական
Մրցավարՙ Տոնի Ասումաա (Ֆինլանդիա):
Իսպանիա-Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Կառլես Պույոլ, Ռաուլ Ալբիոլ, Խուան Կապդեւիլա, Անդրես Ինիեստա, Խավի Էռնանդես (Սեսկ Ֆաբրեգաս, 73), Մարկոս Սենա, Սանտի Կասորլա (Բոյան Կրկիչ, 65), Դանիել Գուիսա (Խավի Ալոնսո, 56), Դավիթ Վիլյա:
Հայաստան-Ռոման Բերեզովսկի, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Ոսկանյան, Կարեն Ալեքսանյան (Ռոմիկ Խաչատրյան, 79), Արտավազդ Քարամյան (Արման Քարամյան, 52), Լեւոն Փաչաջյան, Սամվել Մելքոնյան (Էդգար Մանուչարյան, 46):
Գոլերըՙ Կապդեւիլա (8), Վիլյա (16, 79), Սենա (82):
Զգուշացվեցինՙ Ալեքսանյան, Փաչաջյան:
Չորս օրվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու դժգույն ընտրական մրցախաղ անցկացրեցՙ ոչ միայն հեղինակազրկելով առանց այն էլ ցածր միջազգային վարկանիշ ունեցող հայկական ֆուտբոլը, այլեւ խորը հիասթափություն պատճառելով բազմահազար երկրպագուներին: Այս անհաջողությունները նաեւ լուրջ խորհելու ու անհանգստանալու տեղիք են տալիս, մի շարք հարցեր առաջացնում, որոնք անհապաղ պատասխանի կարիք են զգում: Իսկ ովքե՞ր են այս տապալված մեկնարկի պատասխանատուները: Կարծում ենք, որ պատասխանատվությունը պետք է կրեն ինչպես ՀՖՖ ղեկավարությունը, այնպես էլ հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները: Ժամանակն է արմատական փոփոխություններ կատարել նաեւ ազգային հավաքականի կազմում, ազատվել այն ֆուտբոլիստներից, ովքեր զբոսաշրջիկի կարգավիճակով են ներկայանում խաղերինՙ խաղադաշտում ոչնչով աչքի չընկնելով:
Իհարկե, աչքի տակ ունենալով թուրքերի հետ երեւանյան նախորդ հանդիպումը, Եվրոպայի չեմպիոնի հետ մրցավեճը չէր կարող մեզ լավատեսորեն տրամադրել: Ճիշտ է, որոշակի հույս կար, որ ազատվելով թուրքական հիպնոսից ու այդ խաղի շուրջ ստեղծված ավելորդ լարվածությունից, հայ ֆուտբոլիստներն Իսպանիայում ավելի անկաշկանդ կգործեն ու կկարողանան գոնե արժանապատվորեն դուրս գալ լուրջ քննությունից: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ գոնե մեկ-երկու վտանգավոր պահ հաջողվեց ստեղծել մրցակցի դարպասին: Ճիշտ է, Լեւոն Փաչաջյանն ու Աղվան Մկրտչյանն առաջին խաղակեսում չիրացրին գոլային լավ պահերը: Բայց նաեւ պետք է նշենք, որ մեր ֆուտբոլիստները բավական ուշ հիշեցին, որ ֆուտբոլում բացի պաշտպանությունից, նաեւ հարկավոր է գոնե երբեմն գրոհներ կազմակերպել: ՀՀ հավաքականի գործողություններում որոշ ակտիվություն նկատվեց միայն այն բանից հետո, երբ իսպանացիներն օգտվելով մեր պաշտպանների թողտվությունից ու անփույթ խաղից, երկու անգամ գրավեցին Բերեզովսկու պաշտպանած դարպասը:
Այո, ցավոք այս խաղում մեր պաշտպանական օղակը հստակ չգործեց: Մեր պաշտպանները հաճախ էին հսկողությունից դուրս թողնում մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներին, որի հետեւանքով սպառնալից պահեր էին ստեղծվում մեր դարպասին: Դեռ լավ է, որ Բերեզովսկին ընդհանուր առմամբ հուսալի էր գործում, իսկ որոշ դրվագներում էլ իսպանացիներն էին վրիպում: Այլապես հաշիվն ավելի խոշոր ու խայտառակ կլիներ:
Կրկին անկազմակերպ ու սրություն չպարունակող էին մեր ֆուտբոլիստների կազմակերպած գրոհները: Հավաքականի կազմում կատարված փոփոխություններն էլ ոչ մի արդյունքի չհանգեցրին: Եվրոպայի չեմպիոնն առանց մեծ ճիգեր գործադրելու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ անգամ էր հանդիպում իսպանացիների հետ եւ բոլոր խաղերն էլ ավարտվել են վերջիններիս հաղթանակով ընդհանուր 14-0 հաշվով: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
Ինչպես հայտնի է, ընտրական այս փուլում մեր ընտրանու առջեւ խնդիր է դրվել եզրափակիչի ուղեգիր նվաճել: Իսկ նման խաղով ու արդյունքով դա իսպառ բացառվում է: Յան Պոուլսենն ընթանում է ֆրանսիացի տխրահռչակ մարզիչ Բեռնար Կազոնիի հետքերով, որի գլխավորությամբ մեր հավաքականն աշխարհի առաջնության ընտրական նախորդ մրցաշարի մեկնարկային չորս խաղերն էլ տանուլ էր տվել: Ներկա պահին Պոուլսենի արդյունքն ավելի վատ է. մեր թիմը 2 խաղում բաց է թողել 6 անպատասխան գնդակ, իսկ Կազոնիի օրոք առաջին երկու հանդիպումներում մեր դարպասում 5 գոլ էր գրանցվել: Իհարկե, Աստված մի արասցե, եթե Պոուլսենը կրկնի Կազոնիի տխուր ռեկորդը: Սակայն հոկտեմբերին Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների հետ արտագնա հանդիպումները շատ ծանր են լինելու եւ կրկին լավատեսության հիմքեր չեն տալիս դրական արդյունքի հասնելու առումով:
Ի դեպ, Բոսնիայի ընտրանին սեփական հարկի տակ 7-0 հաշվով ջախջախել է Էստոնիայի հավաքականին, որի շնորհիվ միայն մեր ֆուտբոլիստներին հաջողվեց խուսափել վերջին տեղից: Իսկ Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղաց բելգիացիների հետ: Թուրքերին պարտությունից փրկեց Էմրե Բերեզօղլուի իրացրած 11 մ հարվածը:
5-րդ խումբ
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իսպանիա | 2 | 2 | 0 | 0 | 5-0 | 6 |
2. Թուրքիա | 2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
3. Բելգիա | 2 | 1 | 1 | 0 | 4-3 | 4 |
4. Բոսնիա | 2 | 1 | 0 | 1 | 7-1 | 3 |
5. Հայաստան | 2 | 0 | 0 | 2 | 0-6 | 0 |
6. Էստոնիա | 2 | 0 | 0 | 2 | 2-10 | 0 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Դավիթ Վիլյան նշում է հերթական գոլը