«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2008-09-11 | #166, 2008-09-12 | #167, 2008-09-13


ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐ` 50-50 ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Տիգրան Թորոսյանը կարող է ընտրել սցենարներից յուրաքանչյուրը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀԿ գործադիր մարմնի որոշումից անցել է մեկ շաբաթ, լրագրողները բոլոր հնարավոր գործիչներից եւ հարցերի ամենահնարավոր ձեւակերպումներով փորձել են պատասխաններ ստանալ, թե, լավ, ի վերջո որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են ՀՀԿ-ին փոխել Ազգային ժողովի նախագահին, ինչը լույս կսփռեր ոչ շարքային նշանակության այս իրադարձության նպատակահարմարության վրա: Սակայն առավել վատ բան, քան կուսակցական գաղտնիքն է, չկա, անգամ երկրի համար կարեւոր գործընթացներում: Երբ ՀՀԿ-ն կուզենա, այն ժամանակ էլ հասարակությունը բան կիմանա իր ընտրած Ազգային ժողովի (իսկ միգուցե իր ընտրածը չէ) առաջին դեմքի փոփոխության պատճառի մասին: Երեկ հենց ԱԺ ճեպազրույցներում «Ազգը» փորձեց թարմ մեկնաբանություններ ստանալ այս խնդրի վերաբերյալ, բայց դրանք ըստ էության որեւէ նոր բան չավելացրին մինչեւ այժմ ասվածին, միգուցե` մի քանի նոր նրբերանգներ:

«Ժառանգություն»-ից Վարդան Խաչատրյանի տեսակետը համառոտակի այսպիսին էր. «Հարցը մեր հասցեով չէ, թեեւ Աժ խոսնակի պաշտոնը երկրի երկրորդ, նաեւ միջազգային նշանակություն ունեցող պաշտոն է»: Իսկ թե ինչի՞ է միտված փոփոխությունը, ի՞նչ հետեւանքներ կունենա` կանխատեսելու առումով նա դժվարացավ ասել. «Պառլամենտի 3 ֆունկցիաներից ոչ մեկի համար չենք կարող ճշգրիտ մատնանշել, թե ինչպիսի՞ փոփոխությունների կհանգեցնի այդ փոփոխությունը»:

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը չուզեց «եթե»-ներով եւ «ապա»-ներով կառուցել իր պատասխանը, Հանրապետական կուսակցության որոշելիք խնդիրն է, քվոտան իրենն է: Նա կոռեկտ չհամարեց գնահատական տալ ԱԺ գործող նախագահի աշխատանքին. ՕԵԿ-ը քաղաքական ուժը ընտանիք է համարում, ընտանիքի խնդիրն է: Հովիկ Աբրահամյանի թեկնածության մասով` Մարգարյանն ինքը առաջընթացի եւ նորության կողմնակից է, ՀՀԿ-ի ընդունած որոշումը ընդունելի կլինի նաեւ «Օրինաց»-ի համար` մասնավորապես Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

ՀՅԴ-ից Արտաշես Շահբազյանը մատնացույց արեց քաղաքական էթիկան, որը պահանջում է զուսպ լինել գործընկեր կամ ոչ գործընկեր կուսակցությունների ներսի գործընթացների հանդեպ. «Մենք չենք մտնում ուրիշների ներքին հարցերի մեջ. եթե խնդիրը բարձրացվել է, ուրեմն ինչ-ինչ հիմնավորումներ ունեն, ՀՀԿ խորհրդի վերջնական եզրակացության մեջ պետք է հիմնավորումներ լինեն», բայց եւ նշեց, թե ինչ-որ փոփոխություններ, որ կատարում են, դրանք ԱԺ աշխատանքները բարելավելու նպատակ պետք է ունենան:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը հղում արեց Թորոսյանի խոսքին, թե ՀՀԿ խորհրդի նիստին կիմանանք հիմնավորումները, իսկ ընդհանրապես` իշխանության ողնաշարը կազմող կուսակցությունն իրավունք ունի իր առաջադրած թեկնածուների վերաբերյալ այս կամ այն կերպ վերաբերմունքը ձեւավորելու:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, թե առյուծների բանակը չեն կարող ղեկավարել խոյերը (Ա. Թորոսյանը կենդանակերպի նշանով խոյ է), ո՞ր նշանի տակ ծնվածները կարող են: Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բոլորը», ապա եւ հավատացրեց, որ սեպտեմբերի 16-ից հետո կիմանաք այս բոլորի շարժառիթը: Այս պատճառով ՀՀԿ-ն կպառակտվի՞. Շարմազանովը գնաց ՀՀԿ ակունքներ` ստեղծվել է 1990 թվականի ապրիլի 2-ին, ընտրությունից-ընտրություն կուսակցության վստահությունն ավելացել է, իսկ պառակտումն ուտոպիայի ոլորտից է, Թոմաս Մորն էլ չէր կարող երեւակայել, բա էդ ակունքներում Տ. Թորոսյանը չէ՞ր կանգնած:

Ահա այս թարմ տեսակետների ֆոնին մեզ մնում է իսկապես սպասել սեպտեմբերի 16-ին, իսկ մինչ այդ ենթադրություններ անել, որը մեզ ոչ ոք չի կարող արգելել:

Եվ այսպես, Տ. Թորոսյանը, փաստորեն, երկու ճանապարհ ունի հիմա. կամ մինչեւ ՀՀԿ խորհրդի նիստը, կամ էլ հենց նիստից հետո (որտեղ ոչ ոք չի կասկածում, որ քվեարկությամբ կվերահաստատվի գործադիր մարմնի որոշումը) առանց աղմուկի հրաժարական գրել եւ ընդունել այն պաշտոնը, որն իրեն առաջարկվում է, այդ դեպքում ամեն ինչ կանխատեսելի կլինի, նա կխնայի իր եւ մյուս հանրապետականների նյարդերը, որոնց մեջ, այնուամենայնիվ, նա մի քանի կողմնակից ունի, եւ անձայն կգնա վերականգնելու իր հոգու հանգիստն այդ ենթադրյալ պաշտոնում: Երկրորդ ճանապարհը Տ. Թորոսյանին մոտիկից ճանաչողների կարծիքով եւս հավանական է, որ նա ընտրի. ՀՀԿ խորհրդի որոշման դեպքում էլ հրաժարական չի գրում, թողնում է, որ պաշտոնանկության գործընթաց սկսվի, ԱԺ դահլիճում կատարվում է մի բան, ինչը հիշեցնում է Ավագ հինգշաբթի երեկոյան Պետրոսի երիցս ուրացումը Տիրոջը, դա նաեւ շատ վատ վիճակի մեջ է դնելու իր նախկին գործընկերներից շատերին, որոնք հրապարակավ պետք է նրա երեսին բացասական արտահայտվեն: Հետո ԱԺ ամբիոնից Տ. Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից` չսպասելով պաշտոնանկության քվեարկությանն ու հայտարարում նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ինչը, խոստովանենք, կարող է շատ վատ անդրադարձ ունենալ ՀՀԿ իմիջի վրա եւ անգամ պառակտումների սկիզբ դառնալ: Այս երկու սցենարն էլ, եթե հետեւենք վերջին օրերի շեշտադրումներին, Տ. Թորոսյանի քողարկված, բայց նկատելի սպասումին ինչ-որ նշմարի, 50-50 հնարավոր են:

Բոլոր դեպքերում` Տ. Թորոսյանի հրաժարականի սցենարը, որ նախապես հղացվել էր սահուն ընթացքի իրականացում միայն կանխատեսելով, արդեն իսկ բարդացել է, երբ գործադիր մարմնի որոշումից հետո նա հրաժարական չտվեց: Մնացյալն արդեն այնպես կանխատեսելի չէ, ինչպես պնդում են պաշտոնափոխության կողմնակից հանրապետականները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4