«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2008-09-11 | #166, 2008-09-12 | #167, 2008-09-13


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՆՔ ԵՆՔ»

Երեկ Արարատյան հայրապետական առաջնորդարանի դահլիճում ԱՀԹ առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց թեմի երիտասարդաց միության անդամների հետ: Երկժամանոց զրույցը միտված էր պարզելու երիտասարդների դերն ու նշանակությունը երկրի զարգացման եւ կառավարության հետ համագործակցության մեջ: Հանդիպումն սկսվեց ավանդական «Հայր մեր»-ով, որն արտասանեց նաեւ Տիգրան Սարգսյանը: Նա արդեն յոթ տարի ատենապետում է թեմական խորհուրդը եւ մինչ վարչապետի պաշտոնն ստանձնելը բազմաթիվ անգամներ է հանդիպել երիտասարդներին:

Այս անգամ վարչապետի եւ երիտասարդների հարցուպատասխանը, բնականաբար վարչապետի լիազորություններով պայմանավորված, առավել ընդգրկուն դաշտ էր ընդգրկում` բարոյական նկարագիր եւ քրիստոնեական արժեհամակարգ ունեցող քաղաքացի, սոցիալական ծառայությունների մտահոգիչ վիճակ, երթուղայինի ծխող վարորդներ, եկեղեցու պատմության ուսուցիչների մասնագիտական մտահոգիչ ունակություններ, աղանդներ, կաշառակերություն, հեռուստատեսություն, մշակութային իրադարձություններին անհաղորդ մարզեր, Վրաստանում հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների անմխիթար վիճակ եւ այլն: Ուշագրավ էր վարչապետի որակումը, թե «եկեղեցին տարանջատված է պետությունից» միտքը հնամաշ է: «Եթե եկեղեցին մենք ենք, ապա ես ինչպե՞ս եւ ո՞ր պահին տարանջատեմ իմ մեջ քրիստոնյա մարդուն», հարցրեց վարչապետը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4