IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը նախապատրաստվում է իր տիտղոսի հերթական պաշտպանությանը: Նրա մրցակիցը 37-ամյա մեքսիկացի Ռաուլ Մարկեսն է: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 4-ին:
Մարկեսն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք էր ստացել հունիսի 21-ին կայացած այն նույն բռնցքամարտի մրցումների ժամանակ, որի ընթացքում Արթուր Աբրահամը հաղթել էր Էդիսոն Միրանդային: «Մարկեսը շատ փորձառու ու վտանգավոր հակառակորդ է, ուստի լրջորեն տրամադրվում եմ նրա հետ 12-ռաունդանոց ծանր մենամարտի: Սակայն եթե հնարավորություն ստեղծվի, ապա անպայման մենամարտը կավարտեմ նոկաուտով: Ճիշտ է, հնարավորություն չեմ ունեցել անձամբ հետեւելու Մարկեսի մենամարտին, քանի որ այդ օրը ինքս էի պատրաստվում ռինգ դուրս գալ: Սակայն հանդիպման տեսագրությունը դիտել եւ մարզիչներիս հետ վերլուծել եմ: Գիտեմ նրա ուժեղ կողմերը եւ պատրաստ եմ մենամարտին», հայտարարել է Արթուր Աբրահամը:
Իր հերթին Արթուրի մարզիչ Ուլի Վագներն էլ նշել է, որ թեեւ մրցակցի պատկառելի տարիքին, չպետք է թերագնահատել նրան. «Նա շատ ուժեղ մրցակից է, Արթուրը պետք է զգոն լինի: Մենամարտի նախապատրաստությունը շատ հաջող է ընթանում: Ռինգում տարած հաղթանակները նպաստել են Արթուրի ինքնավստահության աճին: Մարզումների նկատմամբ նրա վերաբերմունքը պարզապես իդեալական է»:
Արթուր Աբրահամի երազանքը աշխարհի չեմպիոնի տիտղոսների միավորումն է: Նա ցանկանում է մենամարտել միջին քաշում WBC-ի եւ WBՕ-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի հետ: Վերջինս հոկտեմբերի 18-ին պետք է իր տիտղոսները պաշտպանի Բեռնարդ Հոպկինսի հետ մենամարտում:
Իսկ մինչ այդ Աբրահամի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել առաջին միջին քաշում աշխարհի նախկին չեմպիոն Ռոնալդ Վինկի Ռայթը: Ամերիկյան HBO հեռուստաալիքը նրա մենամարտի համար 2009-ի հունվարին օր է հատկացրել: Հեռուստաալիքի ղեկավարները ցանկանում են, որպեսզի այդ մենամարտը կայանա Աբրահամի հետ:
«Մենամարտի անցկացման վերաբերյալ բանակցությունները սկսվել են: Ես դեմ չեմ մենամարտելու, եթե իհարկե համապատասխան վարձատրություն ստանամ: Արթուրն աշխարհի չեմպիոնն է եւ ես պատրաստ եմ նրա հետ մենամարտել: Ցանկանում եմ, որ հանդիսականներն իմ մասնակցությամբ ուժեղագույն բռնցքամարտիկների հետ մենամարտերի ականատես դառնան: Ուզում եմ ապացուցել, որ քաշային այս կարգում դեռեւս աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն եմ», նշել է Ռայթը:
Ռայթն անցած տարվա հուլիսից ռինգ դուրս չի եկել: Նրա վերջին մենամարտը Բեռնարդ Հոպկինսի հետ էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ