Ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի նկատմամբ նոկաուտով հաղթանակ տոնելուց հետո IBF-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայտարարել էր, որ իր նպատակը ուժեղագույնի տիտղոսները միավորելն է: Դարչինյանի ներկայացուցիչները բանակցել էին WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Քրիստիան Միխարեսի մենեջերների հետ եւ համաձայնության են եկել: Համաձայն դրա, նրանց մենամարտը կկայանա նոյեմբերի 1-ին:
Ինչպես հայտնի է, Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ միայն մեկ պարտություն է կրել, փոխարենը շահելով 30-ը: Մեկ մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի: 26-ամյա Միխարեսը 6 տարով փոքր է Դարչինյանից, սակայն արդեն հասցրել է 41 մենամարտ անցկացնել: Դրանցից 36-ում նա հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի, 3-ում պարտվել է:
Վախթանգ Դարչինյանը վստահ է իր ուժերին եւ հայտարարել է, որ նոկաուտի է ենթարկելու Միխարեսին. «Ես նոկաուտի եմ ենթարկելու Միխարեսին: Ճիշտ է, նա լավ բռնցքամարտիկ է, հաղթել է Խորխե Արչեին, որը խուսափում է ինձ հետ հանդիպելուց: Սակայն այժմ իմ հարվածային հզորությունը վերադարձել է եւ ներկայում ավելի լավ եմ մենամարտում: Միխարեսին հաղթելուց հետո ցանկանում եմ ռեւանշի հասնել Նոնիտո Դոների նկատմամբ` նրան եւս նոկաուտի ենթարկելով»:
Դե ինչ, սպասենք Վախթանգի հերթական մենամարտին: Եթե նա իրագործի խոստումը, ապա կհռչակվի առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ