ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Նոյեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունները նշանակալի երեւույթ են լինելու ոչ միայն այս երկրի` Ամերիկայի քաղաքացիների, այլեւ ամբողջ աշխարհի ժողովուրդների համար: Որոշ իմաստով դրանք սահմանագծելու են այն աշխարհը, որտեղ ստիպված են լինելու ապրել մյուս բոլոր ազգերը:
Այս երկրի որդեգրած քաղաքականությունը մի շարք առումներով եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով իր ներգործությունն է ունենալու նաեւ Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայերին առնչվող խնդիրների վրա:
Սառը պատերազմը իր որոշակի կանոններով մեծապես սահմանափակել էր մեր գործելու հնարավորությունները: Մենք, օրինակ, չէինք կարող Մ. Նահանգներից ակնկալել, կամ փորձել ստանալ որեւէ օժանդակություն Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ մեր պապենական երկիրը գտնվում էր խորհրդային տարածաշրջանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մ. Նահանգները եւ մնացած գլխավոր տերությունները փորձում են նոր կարգ ու կանոն հաստատել աշխարհում: Փոքր պետությունները ստիպված են «ճոճվել» նրանց ստեղծած մակընթացությունների եւ տեղատվությունների վրա: Այնպես որ Ամերիկայի նոր նախագահի ճիշտ ընտրությունից է կախված, թե մենք մեր ձգտումները կկարողանա՞նք իրականացնել, թե՞ ստիպված կլինենք սահմանափակել դրանք: Չպետք է մոռանանք, որ մեր այդ ձգտումները համահունչ պետք է լինեն նաեւ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը:
Անցած ութ տարիներին մենք ականատես ենք եղել Բուշի քաղաքականությանը, որը աղետալի է եղել ինչպես Ամերիկայի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Խոսքը Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունների քաղաքականության մասին չէ, այլ այն մասին, որ «նեոկոնները»` նոր կոնսերվատիվ կարծրթեւայինները հանրապետականների գաղափարախոսությունից որոշ տարրեր վերցնելով օգտագործում են դրանք որոշակի դասակարգի նեղ, անհատական շահերի համար:
Հայերի համար ընտրություն կատարելը գաղափարախոսական չի կարելի որակել: Սենատոր Դոուլը, օրինակ, եթե ընտրվեր, շատ ավելի կարեկցական մոտեցում կցուցաբերեր հայերի հանդեպ, քան նույն կուսակցությունից ընտրված Բիլ Քլինթոնը, որն արգելեց, որ ցեղասպանության բանաձեւը անցնի Կոնգրեսում: Ինչպես այլ էթնիկական խմբավորումներ, հայերը նույնպես բաժանված են երկու մասի, մեկը Դեմոկրատական կուսակցության կողմնակից է, մյուսը` Հանրապետական: Բայց դա դեռ այնքան էլ վտանգավոր չէ: Աղետալին այն է, որ հայերի մեծ մասն անտարբեր է եւ ընդհանրապես քաղաքական գործունեությունից շատ հեռու:
Բուշի վարչակազմի արտաքին քաղաքականությունը ժողովրդավարություն խոստացավ աշխարհին, բայց դրա փոխարեն բերեց միայն ավերածություն եւ արյունահեղություն: Եթե նույնիսկ ժողովրդավարության մի փոքր շող փայլատակեց Միջին Արեւելքում, ապա մյուս մասերում` Բաղդադից մինչեւ պաղեստինյան տարածքներ, գերիշխեց արյունահեղությունը: Եվ այդ ամբողջ պատերազմն ու ավերածությունները հիմնված էին չհիմնավորված ենթադրությունների եւ կեղծիքի վրա: Դժբախտաբար այդ ստերի եւ կեղծ խոստումների քաղաքականությունը կիրառվեց նաեւ հայկական հարցերում: Ջորջ Բուշը նախընտրական արշավում գրավոր խոստում տալուց հետո նախագահ ընտրվելով ոչ միայն մոռացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ վարեց ընդգծված հակահայկական քաղաքականություն, որի ամենավառ ապացույցը Ջոն Էվանսի նման անաչառ դիվանագետին հետ կանչելն էր:
Ավելին, Բուշի նախագահության տարիներին զգալիորեն նվազեց Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան տարեկան օժանդակությունը, աղավաղվեց «Ազատության աջակցության ակտ-օրենքի» 907 ուղղումը` Ադրբեջանին զենք եւ օգնություն ցուցաբերելով եւ Մ. Նահանգների օրենսդրության դեմ գործելով:
Հայերն այս բոլորը պետք է հաշվի առնեն ընտրության գնալիս: Բայց կան նաեւ ներքին, տեղական խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում իրենց առօրյա կյանքի վրա: Դրանցից մեկը երկրի տնտեսական աղետալի վիճակն է: Գործազրկության աճը, դոլարի արժեզրկումը միջազգային շուկայում, առեւտրի անհամաչափությունը եւ այլն, այս բոլորը ռեժիմի, քաղաքականության արմատական փոփոխություն են ենթադրում:
Ընտրությունները շատ բարդ են լինելու, թեկնածուների պայքարը` շատ թեժ: Ի՞նչ ճանապարհով պետք է ընթանանք մենք` հայերս:
Նախագահ Բուշի երկրորդ անգամ ընտրվելը շատ բան է ասում մեր` ամերիկյան էլեկտորատի մասին: Վերընտրությունից հետո այդ էլեկտորատը խիստ քննադատության ենթարկվեց եվրոպական լրատվամիջոցների կողմից, եւ նրանք իրավացի էին: Բայց դա տեղի ունեցավ, որովհետեւ այստեղ մենք պատանդներն ենք չափազանց ճկուն եւ ազդեցիկ զանգվածային լրատվամիջոցների, որոնք կարող են ամեն ուղղությամբ ձեւավորել հանրային կարծիքը: Ովքեր համաշխարհային քաղաքականության իրական պատկերն են ցանկանում տեսնել, պետք է կարողանան ունկնդրել կամ կարդալ BBC-ի, CBS-ի, «Եվրոնյուզի» կամ «Էլ-Ջազիրայի» անգլերեն հաղորդումները: Այլապես նրանք կմնան պատանդների շարքերում: Նախագահ Բուշի վերընտրությունը ուրիշ բացատրություն չի կարող ունենալ:
Այսօր մենք նոր ընտրության առաջ ենք կանգնած: Որպես հայեր եւ որպես այս մեծ երկրի քաղաքացիներ, մենք պետք է որոշենք, թե ինչ ճանապարհով է այս երկիրն առաջ գնալու: Մենք պետք է կարողանանք մեր նախասիրությունները կշռադատել:
Հանրապետականների թեկնածու Մակքեյնը բարձրաստիճան դիվանագետ է: Նա իր խոսքի տերն է եւ հստակ ասում է, որ շարունակելու է դեռ 100 տարի եւս պատերազմը Իրաքում: Եթե մենք եւս նույնն ենք ցանկանում, ուրեմն Մակքեյնին պետք է ընտրենք, բայց չմոռանալով, որ նա միեւնույն անկեղծությամբ եւ բացահայտությամբ ասում է, որ չի հետաքրքրվում 90 տարի առաջ կատարված մի ազգի ամբողջական կոտորածով եւ որ իր համար ավելի կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները:
Իմ ընտրությունը տարբեր է:
Սենատոր Բարաք Օբաման ճանաչել է հրապարակայնորեն Հայոց ցեղասպանությունը: Սենատոր Բայդենը` նույնպես: Նա իր դիրքորոշումը ցուցադրեց նաեւ վերջերս Սենատում կայացած Հայաստանի դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի լսումների ժամանակ:
Հասկանալի է, որ նախընտրական խոստումներին շատ հավատ չպետք է ընծայել, որովհետեւ քանիցս ապացուցվել է, որ դրանք չեն պահպանվում պետքարտուղարության ուժեղ ազդեցությունների ներքո:
Որոշ մարդիկ էլ մտածում են, որ ընտրությունները չպետք է կապել սոսկ ցեղասպանության նեղ հարցի հետ: Եթե նույնիսկ չկարողանանք հակադարձել այդ պնդումը, ապա բավական է գուցե նշել, թե ի՞նչ կպատահեր, եթե ցեղասպանության փոխարեն Հոլոքոսթի հարցը դրված լիներ նժարին:
Ցեղասպանության հարցը ավելի լայն իմաստով եթե վերցնենք եւ հաշվի առնենք ոչ միայն ներքին` ամերիկյան, այլեւ արտաքին աշխարհի իրադարձությունները, ապա պետք է երեւի ընտրություն կատարենք մեր խղճով, բայց պայմանով, որ այդ խիղճը զուգորդված լինի գիտակցությամբ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.