«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Սեպտեմբերի 13-ին Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանում «Արշիլ Գորկին եւ մենք» թեմայով կազմակերպել էր ցուցահանդես նվիրված Գորկու մահվան 60-ամյակին:

Ցուցահանդեսը ներկայացնում էր Ա. Գորկու նկարչական սկզբունքների յուրացման նշանակությունը հայ ժամանակակից գեղանկարչության` մասնավորապես աբստրակտ արվեստի զարգացման ասպարեզում: Միջոցառմանը ներկա էին Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը, իտալացի արվեստաբան, պրոֆեսոր Մարկո Չիանկին, Բարբարա Դրուդին, Լեւոն Չուքասզյանը եւ ուրիշներ:

Հայ ժամանակակից գեղանկարչության վրա Ա. Գորկու թողած ազդեցության հիմքում նրա ստեղծագործության բարդ ու ոչ միանշանակ ընկալումները, մեկնաբանություններն ու գնահատականներն են, որոնք պայմանավորված են եղել ոչ այնքան գեղագիտական-գեղարվեստական, որքան պատմամշակութային ու քաղաքական պատճառներով: Այսպիսի կարծիք հայտնեց Նազարեթ Կարոյանը` նշելով, որ Գորկին ու Մինասը 10-ամյակներ շարունակ իրենց ստեղծագործություններում մտել են երկխոսության մեջ «եւ մենք փորձել ենք այդ երկխոսության օրինակները ցույց տալ ներկաներին»:

Առանձին արվեստագետների մոտ Ա. Գորկու հետ երկխոսությունը յուրօրինակ արդյունքների է բերել: Դրա բնույթն ու հետեւանքները պայմանավորված են եղել բազմաթիվ գործոններով, որոնցից գլխավորը այս կամ այն արվեստագետի անցած ուղին է եւ` անհատականորեն կայացած լինելու աստիճանը:

Ըստ Կարոյանի, Մինաս Ավետիսյանի մոտ այն դարձել է մի փորձություն, որի արդյունքում 60-ականների առաջատար արվեստագետը չտրվելով հանդերձ մտքի ազատ խաղի եւ ժեստի վրա հիմնված ստեղծագործության ձգողական ուժին, պահպանելով ֆիգուրատիվությունը` փորձել է իր ստեղծագործությունը հարստացնել գորկիական արտահայտչամիջոցներովՙ ներկ, ներկապնակ եւ գունային կառուցվածք:

Գորկու հետ այսպիսի պատմական կապով են առնչվում նաեւ Արա Հայթայանը, Սեյրան Խաթլամաջյանը: Վերջինիս արվեստի ձեւավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ բոլորովին այլ ոճական համակարգին հարած Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը: Ա. Գորկու ազդեցությունն այստեղ արտահայտվել է գույնի արտահայտչական տարերքին տրվելու հանգամանքում:

Պրոֆեսոր Չիանկին էլ անդրադարձավ արվեստի պատմության մեջ Արշիլ Գորկու դերակատարությանը` նշելով, որ Գորկին բացառիկ անձնավորություն է. «Ցավոք, շատ վաղ հասակում հեռացավ կյանքից, եւ դրանից է, որ նրա անունը ավելի շատ մասնագիտական շրջանակներում են ճանաչում, քան լայն հասարակության մեջ: Բայց, ովքեր գիտեն Գորկուն, ավելի բարձր են գնահատում նրա արվեստը»:

«Գորկին, ինչպես եւ Մինասը, որոշակի անազատության պայմաններում էին աշխատում. եւ իրենց կենդանության օրոք շատ բաներ ուզում էին արտահայտել գույնի եւ գծի միջոցով», ասում է Լեւոն Չուքասզյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4