«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻՆ

Սառնարան, սննդի եւ խմիչքների լաբորատորիաներ, անասնակերի արտադրություն

Տավուշի մարզի 8 համայնքների բնակիչները երեկ հաճելի նվեր ստացան: Հունաստանի կառավարության միջազգային զարգացման գործակալության կողմից նրանց հանձնվեց 200 տոննա տարողությամբ սառնարանՙ անհրաժեշտ սարքավորումներով, 2 տրակտորներով, ամբարձիչ մեքենայով: Այն նախատեսված է մրգերի երկարատեւ պահպանման համար եւ այդպիսով էական խթան կդառնա այդ տարածաշրջանում այգեգործության զարգացման համար:

Ինչպես տեղեկացանք Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանից , իրենք Հայաստանի եւ Հունաստանի միջեւ իրականացվող ծրագրերը սկսել են դեռ 1999-ից: Այդ ընթացքում եղբայր քաղաքներ են դարձել Սիսիանը եւ Նեզմիրը, Նոյեմբերյանը եւ Վերոնան, Իջեւանը եւ Նիկիան, Ալավերդին եւ Ռենդիսը: Հունական քաղաքները օժանդակել են իրենց եղբայր հայկական քաղաքների առողջապահական, կրթական հիմնարկների վերանորոգմանը, նոր սարքավորումներով հագեցմանը եւ այլ խնդիրների լուծմանը:

Ինչ մնում է Հունաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ապա այդ երկիրն իր պետական բյուջեից որոշակի գումար է նախատեսում զարգացող երկրներին աջակցելու համար: Հունաստանի միջազգային զարգացման գործակալության ծրագրերից առաջինը Նոյեմբերյանի տարածաշրջանի Արջիս գյուղին հատկացված վերոնշյալ սառնարանն է: Այն հանձնվել է գյուղնախարարությանը, իսկ գործարկումն իրականացնում է այդ համայնքի 120 ընտանիքներից բաղկացած կոոպերատիվը: Վերջինիս մեջ ընդգրկված գյուղացիներն իրենց մրգերը կկարողանան անվճար պահել այդ սառնարանում, իսկ մյուսները դրա համար կվճարեն միայն մրգերի պահպանման ինքնարժեքով: Այս համայնքներում նախկինում եղած այգիները վերականգնվել են, բայց ստացված բերքի իրացման խնդիր կա: Սառնարանի առկայությունը հնարավորություն կտա լուծելու այդ խնդիրը: (Այստեղ չենք կարող չհիշել, որ դեռեւս 90-ականների սկզբին ՀԲԸՄիությունը կառուցեց սննդամթերքի հսկայական սառնարան, որը հետագայում փոշիացվեց-սեփականաշնորհվեց մի անհատի կողմից: Հույս ունենք, որ այլեւս նման բան չի կրկնվի): (խմբ.):

Հաջորդը սննդի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայի հիմնումն է Հայաստանում, որը ստեղծված է Եվրոմիության ստանդարտների հիման վրա: Սա հնարավորություն կտա Հայաստանում արտադրվող մթերքների համապատասխանությունը ԵՄ ստանդարտների հետ ստուգելու այդ լաբորատորիայում: Նախատեսվում է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որ լաբորատորիան կհանձնվի Հայաստանի գյուղնախարարության տնօրինությանը:

Մեկ այլ լաբորատորիա էլ եկող տարվա գարնանը Հայաստան կբերվի բոլոր տեսակի խմիչքներիՙ ջրի, հանքային ջրի, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, հյութերի ուսումնասիրման համար: Չորրորդ խոշոր ծրագիրն անասնակերի արտադրության գործարկումն է Հայաստանում, որը կարող է փոխարինել այս արտադրանքի ներմուծմանը այլ երկրներից: Սա նույնպես եկող տարվա ծրագրերում է ընդգրկված:

Հայաստան ժամանած Հունաստանի գյուղատնտեսության համալսարանի պրոֆեսոր Սերգո Հարությունյանը , որը նաեւ Հունաստանի միջազգային զարգացման գործակալության աշխատակիցն է եւ զբաղվում է այս ծրագրերը Հայաստանում կյանքի կոչելով, հայտնեց, որ Հունաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող այս 4 ծրագրերի ընդհանուր արժեքը 1 մլն 70 հազար եվրո է: Նա նաեւ նշեց, որ ծրագրերը շարունակական կլինեն, քանի որ հայկական կողմը հետեւողականորեն դրանք իրագործում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4