«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2008-09-13 | #168, 2008-09-16 | #169, 2008-09-17


«ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է»

ԱՄՀ ներկայացուցիչը համակարծիք չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային հայտարարությանը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը Հայաստանի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի գլխավորությամբ այս օրերին այցելել էր Հայաստան: Ինչպես երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց առաքելության ղեկավարը, այցելությունը 2 նպատակ ունիՙ Հայաստանի տնտեսությունը ուսումնասիրել, որը կատարվում է ԱՄՀ անդամ բոլոր երկրներում, երկրորդըՙ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարել հիմնադրամի օժանդակության նոր ծրագրի առնչությամբ:

Մարթա Կաստելո-Բրանկոն տեղեկացրեց, որ Հայաստանը պահպանել է կայուն տնտեսական աճի ցուցանիշը, բայց գնաճային ճնշումները շարունակել են աճել պայմանավորված նաեւ ռուս-վրացական հակամարտությամբ: Այս պայմաններում ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս մեր երկրի ղեկավարությանը շրջահայաց լինել եւ փաստում, որ այն քաղաքականությունը, որ վարվել է այս ընթացքում, կարելի է համարել առողջ:

Գնաճի մասին խոսելով, ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավարն արձանագրեց, որ դրան նպաստել են նաեւ ընթացիկ հաշվի պակասորդի մեծացումը, վարկավորման եւ աշխատավարձերի աճը: Նրա կարծիքով, գնաճի զսպման համար կարեւոր է խիստ դրամավարկային քաղաքականություն վարել, ինչն էլ անում է Կենտրոնական բանկը: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, գնաճի ցուցանիշը մինչեւ տարեվերջ կնվազի, թեեւ չի հասնի ԿԲ կանխատեսածին: Եթե չլինեն նոր ցնցումներ, ապա ԱՄՀ-ն կանխատեսում է, որ տարեվերջին գնաճի ցուցանիշը Հայաստանում կկազմի 7,5 տոկոս:

Տնտեսական աճի հավանական ցուցանիշն այս տարի հավանաբար կլինի 10 տոկոս: Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է արագացնեն հարկային եւ մաքսային բարեփոխումների իրագործումը, ինչը պետք է բերի ստվերի նվազմանը եւ հավասար հարկային դաշտի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին աջակցելու ԱՄՀ նոր ծրագրին, ապա Մարթա Կաստելո-Բրանկոն նշեց, որ այն եւս ուղղվելու է աղքատության հաղթահարմանը եւ տնտեսական զարգացմանը: Ֆինանսավորումն ավելի քիչ կլինիՙ 14-15 մլն դոլարի սահմաններում, դարձյալ արտոնյալՙ տարեկան 0,5 տոկոսադրույքով: Այն հիմնադրամի խորհրդի քննարկմանը կներկայացվի այս տարվա վերջին: Ծրագրի հիմնական նպատակն է ազդարարել մակրոտնտեսական քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների ծրագրին ԱՄՀ աջակցությունըՙ ցածր եկամուտով երկրի կարգավիճակից միջին եկամուտով երկրի կարգավիճակին Հայաստանի անցումը խթանելու եւ համաշխարհային տնտեսության մեջ մեր երկրի ինտեգրման համար:

Խոսելով վերջերս հարկային եւ մաքսային կառույցների միավորման մասին, ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավարը նշեց, որ այդ կառույցներն ինչ-որ առումով պետք է առանձին կառավարվեն, որպեսզի չկրկնեն գործառույթները:

Այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսում հայտարարվեց, որ Հայաստանն ավելի քան 650 մլն դոլարի վնաս է կրել վրաց-ռուսական ռազմական բախման հետեւանքով եւ արդյոք նման հաշվարկներ ունի՞ Արժույթի միջազգային հիմնադրամը, Մարթա Կաստելո-Բրանկոն պատասխանեց, որ նման գնահատում իրենք չեն արել, բայց գիտեին, որ շատ բեռներ մնացել էին նավահանգստում եւ հնարավոր չէր լինում դրանք տեղափոխել Հայաստան:

Մեկ այլ հարց վերաբերում էր արմատական ընդդիմության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային այն հայտարարությանը, որ այս տարվա ձմռանը տնտեսական ճգնաժամ կլինի: «Համակարծի՞ք է ԱՄՀ ներկայացուցիչը դրան» հարցին Մարթա Կաստելո-Բրանկոն պատասխանեց, որ ինքը համակարծիք չէ: Ըստ նրա, այժմ դժվարություններ կան աշխարհի բոլոր երկրների համար եւ անգամ ԱՄՆ քաղաքացիները մտահոգված են իրենց գումարների ճակատագրովՙ կապված երկրում առկա ֆինանսական խնդիրների հետ: ԱՄՀ ներկայացուցչի հավաստմամբ, այն, ինչ հիմա իրականացվում է Հայաստանում, վստահելի է: Դրամավարկային քաղաքականությունը խստացվում է, կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը հուսադրող է: Դրանք իրենց արդյունքները տալիս են, ինչը Հայաստանի համար ճիշտ մոտեցում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4