Մշակութային պարբերականների համար այս դժվար ժամանակներում «Կերպարվեստը» շարունակում է ոչ միայն պահպանվել, այլ նաեւՙ զարգանալ: Հրապարակման 5-րդ տարին է արդեն: Հանդեսն աստիճանաբար ե՛ւ բովանդակային, ե՛ւ ծավալային, ե՛ւ դիզայներական առումով որակական փոփոխություններ է կրում, տպագրվում է 1500 օրինակ եւ չնչին բացառությամբ դրանք անվճար բաժանվում են նկարիչների միության անդամներին, արվեստագետներին, գրադարաններին, խմբագրություններին, մշակութային օջախներին:
Չափից ավելի գունաշատ, որպես կանոն, անճաշակ ձեւավորումներով հանդեսների շոու-բիզնեսային առատ շուկայի մրցակցության պայմաններում տեղ զբաղեցնելու եւ ընթերցողական լսարան ունենալու համար լուրջ հանդեսները դժվարություններ շատ ունեն: Ակնհայտ է, թե որքան ուշադրություն ու գումարներ են մսխվում մարդու մտածողական աշխարհին, գեղագիտական պահանջներին ոչինչ չտվող, զանազան առտնին, պարզունակ նյութերով (ճիշտ հեռուստաեթերի տպագիր տարբերակ լինեն, ասես) լեցուն, սակայն թղթի, տպագրության որակով աչքի ընկնող այս պարբերականների վրա: Մշակութային, գիտական հանդեսները, գրքերն ու ծրագրերը հիմնականում մնում են սպասողՙ աջակից ու բարեխնամ ձեռքի:
«Կերպարվեստի» այս տարվա առաջին թողարկման թիվ 1-2 միացյալ համարը լույս է տեսել վերջերս: Ուշացման պատճառը հանդեսի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանի ասելով, միության շենքի վերանորոգումներն էին, ցուցահանդեսների բացակայությունը: Ֆինանսական միջոցները հայթայթվում են հիմնականում գովազդներից, գումարները տրամադրում է նաեւ նկարիչների միությունը, մի փոքր էլՙ պետական աջակցություն կա:
Անդրադառնանք պարբերականի այս թողարկման բովանդակային մասին, որը հիմնականում հոբելյանական է: Նկարիչների միության 75-ամյակի առիթով Կարեն Աղամյանն ամփոփել է վերջին տարիների աշխատանքները, մասնավորապես անդրադարձել վերանորոգված եւ ընդարձակված ցուցասրահներին եւ շենքի ներսում տեղադրված սրճարանային հատվածի, կերպարվեստի թեքումով առեւտրի սրահների նպատակահարմարությանը: Շենքի 2 ցուցասրահները համալրվել են եւս մեկովՙ 3-րդ հարկի «կոնֆերենց» դահլիճն այժմ ծառայում է որպես ցուցասրահ, անհրաժեշտության դեպքում նաեւ կօգտագործվի համաժողովների, խորհրդակցությունների համար: ՀՆՄ 75-ամյակի առիթով լույս է տեսել միության երկրորդ պատկերագիրքը:
Կերպարվեստի աշխարհի հոբելյանական տարեդարձների մի ամբողջ շարք է ներկայացնում պարբերականը: Առաջինն արդի հայ երգիծանկարչության վարպետ Գեորգի Յարալյանի 80-ամյակի առիթով Վրեժ Առաքելյանի կարճ, բայց հետաքրքրական զրույցն է: Շարժերի վարպետի կերպարների հաջողության գաղտնիքն արտաքին պատկերումՙ բնորդի ներքինը «որսալու» հմտությունն է: Իսկ իր երկու պատմությունները խորհրդային ժամանակների «Ոզնու» հանդեսի եւ Գյուլագարակի առողջարանի ու բանտապահ եղած ժամանակ Չարենցին ծեծելու համար հպարտացող, դիրեկտորի միակ պաշտպան մի հանգստացողի մասին ուղղակի հրաշալի են:
Ապա հաջորդաբար հիշվել է Գառզուն (100-ամյակ), Հովհաննես Զարդարյանը (90-ամյակ), Մկրտիչ Տիրատուրյանը (90-ամյակ), Սեդրակ Ռաշմաջյանը (100-ամյակ), Հովսեփ Փուշմանը (130-ամյակ), Սեյրան Խաթլամաջյանը (70-ամյակ), Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը (80-ամյակ), Կարեն Սմբատյանը (75-ամյակ) եւ էլի ուրիշներ:
Պարբերականն անդրադարձել է նաեւ կերպարվեստի մասին նորընծա գրքերին ու պատկերազարդ ալբոմներին (Երվանդ Քոչարՙ «Ես եւ Դուք», Հակոբ Հակոբյանՙ «Ու մերթ խնդաց ու մերթ լացավ, իմ հոգիս», Շահեն Խաչատրյան «Թանգարանի զինվորը» եւ այլն): Հակոբ Հովնաթանյանի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ հրատարակված նկարչի պատկերազարդ մենագրության մասին է Արարատ Աղասյանի գրախոսականը: Առանձին էջ է հատկացված հիշարժան տարեթվերին: Պարբերականի գովազդային էջերը զբաղեցրել է նորաբաց «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը: Ներկայացված են «Շեդեւր» ցուցասրահի աշխատանքներիցՙ Սեյրան Խաթլամաջյան, Վարուժան Վարդանյան, Հրաչյա Հակոբյան եւ ուրիշներ: «Հասարակական կարծիքի ամբիոն» էջի հարցումներն անցյալի ու ներկայի արձանների անհրաժեշտության, դրանց տեղադրավայրին, գեղարվեստական որակների շուրջն է: Այս հարցերին է անդրադառնում նաեւ նկարիչ Ղուկաս Չուբարյանի հարցազրույցը:
Առանձին խորագրով տպագրված է Խաչատուր Իսկանդարյանի խոսքն ու առաջարկըՙ դեռ 1977-ից Դերենիկ Դեմիրճյանի արձանի տեղադրման խոստացված որոշման հետ կապված: Փաստորեն, ո՛չ խորհրդային, ո՛չ ներկա ժամանակներում հայ դասականի արձանի համար փող չի գտնվել: Հետաքրքրական է քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի մտածողությունը. «Ո՞վ է Դեմիրճյանը, որ նրա արձանն ուզում եք դնել: Նա հին ու անցած գրող է, ավելի լավ է ժամանակակից մի գրողի արձան դնեք»: (Իսկ «Վարդանանքը» մի քանի սերնդի հայեցի դաստիարակության լավագույն երկերից մեկն է եղել. էլ չասած այդ վեպիՙ շատերի համար վերափոխիչ նշանակությունը): Խ. Իսկանդարյանն առաջարկում է հանել «Օղակաձեւ» զբոսայգում արձանի տեղադրման մասին վկայող հուշաքարը, որովհետեւ այն «արդեն խոնարհվել է գետնին եւ ավելորդ է», տեղը օգտակար բան է պետք կառուցելՙ սրճարան, սեղանիկ... (Հիշեցի Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը):
Հանդեսի էջերում հրապարակված են նաեւ կերպարվեստին առնչվող բազմաբնույթ այլ հոդվածներՙ Երվանդ Քոչարի մոմաներկերի, հայ քանդակագործական արվեստի ակունքներՙ Նեմրութի հրաշքի, կերպարվեստի ու կրոնի սինթեզի եւ այլ հարցերի մասին:
Մ. Բ.