«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2008-09-13 | #168, 2008-09-16 | #169, 2008-09-17


ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում իրենց մրցավեճն են սկսել տարիքային 5 խմբերի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող պատանի շախմատիստները: Տարեցտարի մասնակիցների քանակն աճում է: Եթե 2000-ին Հունաստանի Հալկիդիկի քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել էին 469 շախմատիստներ, ապա 2007-ին խորվաթական Շիբենիկում մրցավեճի էին բռնվել 758 մասնակիցներ: Նոր մեկնարկած մրցաշարը ռեկորդային է մասնակիցների քանակով: Խաղասեղանների մոտ մրցավեճի են բռնվել 921 շախմատիստներ:

Բավական ներկայացուցչական է նաեւ Հայաստանի շախմատային պատվիրակությունը: Տարիքային 5 խմբերում հանդես կգան հայաստանցի 16 շախմատիստներ ու 7 շախմատիստուհիներ: Նրանցից ոմանք նման մրցաշարերի հարուստ փորձ ունեն, նույնիսկ դարձել են մրցանակակիր: Առաջին հերթին պետք է նշել Սամվել Տեր-Սահակյանին, որը հանդես է գալիս մինչեւ 16 տարեկանների մրցաշարում: Սամվելը հաղթանակով սկսեց մրցաշարը` պարտության մատնելով լեհ շախմատիստ Թոմաշ Վիտեկին: Տարիքային այս խմբում մեր մյուս երեք շախմատիստներից երկուսը` Հայկ Վարդանյանն ու Հայկ Թամազյանը եւս հաջողության հասան մեկնարկում, իսկ ահա Հայկ Մանասյանը պարտվեց:

Բավական փորձառու շախմատիստ է նաեւ Վարդան Խոջայանը: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Վարդանը պարտությամբ սկսեց առաջնությունը: Իսկ ահա Հովիկ Հայրապետյանը մեկնարկեց հաղթանակով: Մեկնարկային տուրում իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաեւ Խաչատուր Երանյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը (մինչեւ 14 տարեկաններ), Նորայր Թորոսյանը (12 տ.), Մանուել եւ Արման Պետրոսյանները (10 տ.): Աղջիկներից միայն Վարդուհի Քալաշյանին (18 տ.) հաջողվեց հաղթել մրցակցին: Լիանա Ավոյանը (16 տ.) եւ Սվետլանա Միրզաբեկյանը (14 տ.) իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Կես միավոր վաստակեց նաեւ մեր ամենակրտսեր մասնակից Գեորգի Շահնազարյանը: Հայաստանցի մյուս 9 շախմատիստները պարտություն կրեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4