«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարածաշրջան կատարած իր այցելության եւ հանդիպումների մանրամասներին: Նա հայտնեց, որ անցած երկու օրերին Ստեփանակերտում ու Երեւանում հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նախագահների, Հայաստանի պաշտպանության եւ ԱԳ նախարարների հետ, իսկ հաջորդ օրն արդեն պետք է մեկներ Թբիլիսի, որտեղից էլՙ Բաքու: Ֆրանսիացի դիվանագետի խոսքից պարզ դարձավ, որ տարածաշրջան այս այցելության նպատակը Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելն է, որը հնարավորություն կտա ճշտելու, հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակացույցը: Նշվեց նաեւ, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները փաստել են, որ իրենց համար ընդունելի եւ անփոխարինելի է հակամարտության կարգավորման բանակցությունների Մինսկի ձեւաչափը:

Բեռնար Ֆասիեն տեղեկացրեց, որ Մինսկի խմբի իր գործընկերներըՙ ԱՄՆ-ից Մեթյու Բրայզան եւ Ռուսաստանից Յուրի Մերզլյակովը, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չկարողացան իր հետ ժամանել տարածաշրջան, սակայն ինքը նրանց հետ հեռախոսազրույցներ է ունեցել այստեղ գտնվելու ժամանակ եւ ներկայացրել իր հանդիպումների մանրամասները: Այսինքն, ֆրանսիացի համանախագահի հավաստմամբ, սերտ գործակցությունն իրենց միջեւ շարունակվում է:

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Բեռնար Ֆասիեն, վերջին մեկ ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր մոտեցումը հայտնելով, նշեց, որ դրանք ապացուցեցին, թե որքան ճիշտ էին Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, որ հակամարտությունների կարգավորման ռազմական լուծում չկա եւ որ նման լուծումը ինքնասպանություն է: Վրաստանի տարածքում ռազմական գործողությունները վնասներ պատճառեցին ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին:

Վերհիշելով ռուսական «Չկա չարիք առանց բարիքի» ասացվածքը, ֆրանսիացի դիվանագետը հույս հայտնեց, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցածից հետո, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների կողմերն այսուհետեւ ավելի շրջահայաց եւ ողջախոհ կլինեն, քան մինչ այդ էր:

Այն հարցին, թե ինչպե՞ս է ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու Թուրքիայի ջանքերը, Բեռնար Ֆասիեն պատասխանեց, որ եթե այդ ջանքերն ուղղված են օգնելու, սատարելու Մինսկի խմբի գործունեությանը, ապա դրանք օգտակար են: Նա միաժամանակ հիշեցրեց, որ Թուրքիան եւս Մինսկի խմբի 12 երկրների թվում է, եւ համանախագահները միջնորդական գործունեությունն իրականացնում են նաեւ այդ երկրների անունից:

  «Ազգի» հարցն այն էր, որ Ադրբեջանի պաշտոնյաները, ինչպես միշտ, երեկ եւս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անհրաժեշտ է նախ Հայաստանին, եւ մեղադրել են մեր երկրին ոչ կառուցողական դիրքորոշման մեջ, եւ արդյոք Բեռնար Ֆասիեն տեսե՞լ է ապակառուցողական մոտեցում Հայաստանի դիրքորոշման մեջ: Այս առթիվ ֆրանսիացի միջնորդը նախ ասաց, որ ինքը չի մեկնաբանում այլ պաշտոնյաների հայտարարությունները եւ իրականացնում է իր գործունեությունը, ապա փաստեց, որ եթե վերջին 3 տարիներին բանակցային գործընթացն այնքան առաջ է գնացել, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան առաջարկներ են ներկայացրել, դա նշանակում է, որ կողմերը կառուցողական դիրքորոշում են որդեգրել: Մադրիդյան առաջարկների մասին խոսելով, Բեռնար Ֆասիեն հիշեցրեց, որ կողմերը ողջունել են այդ առաջարկները այս տարվա հունվարին եւ հույս հայտնել, որ առաջին անգամ դա հնարավորություն է ստեղծել բանակցություններում կտրուկ առաջընթաց արձանագրելու համար: Սակայն Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Ադրբեջանում վախեցան, որ դա կարող է բերել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարեւորեց, որ մադրիդյան առաջարկներն արվել են գրավոր, եւ ասաց, որ նախագահների հանդիպման ժամանակ խոսք կարող է գնալ այդ առաջարկները հստակեցնելու եւ լրացնելու մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4