«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ԿԱՆԱՉԻ ՈՒ ՍԵՎԻ ԸՆԴՄԻՋՎՈՂ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ...

Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, «Ուրբաթ» ակումբում: Ուսումնասիրություններն ու տեղեկությունների հավաքչությունը Թաթուլը սկսել է «Ազգ» օրաթերթում աշխատելու տարիներից: Թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց գիրքը եւ խոսեց ներկա ու ապագա պատմության համար այսպիսի գրքերի նշանակության մասին, բնութագրեց հեղինակինՙ իբրեւ ղարաբաղյան հակամարտության լավագույն տեղեկագրող-վերլուծող լրագրողներից մեկի, որն ամենայն նախանձախնդրությամբ հետեւել է կատարվող իրադարձություններինՙ հասնելու լրագրողի իրական նպատակինՙ ճշմարտության վերհանմանը:

Մասնագիտական պարտքն ու պատասխանատվությունը լրատվության հանդեպ, անաչառության ու սեփական կարծիքի անկողմնակալությունը, ըստ Խոսրով Հարությունյանի, շահեկանորեն առանձնացնում է հեղինակին: Սալբի Ղազարյան-Գասպարյանը կարեւորեց Թաթուլ Հակոբյանի աշխատանքըՙ որպես արժեքավոր ներդրում ժամանակակից պատմագրության մեջ: Արժեւորվեց, Աշոտ Մելիքյանի եւ այլոց կողմից նրա վերլուծական մտածողությունը, պրպտող, որոնող լրագրողական կարողությունը, աշխատելաոճը, սկզբունքայնությունը, քաղաքացիական կեցվածքը, նաեւ ընդվզումը, երբ Երեւանում մարտիմեկյան ողբերգությունից հետո տեղեկատվական ահաբեկչություն էր իրականացվում. այս մասին ակնարկեց Վլադիմիր Կարապետյանը:

Իր շնորհակալական խոսքում Թաթուլը մեկառմեկ անդրադարձավ բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով աջակցել են իրենՙ նախՙ «Ուրբաթ» ակումբին, «Երկիր» թերթի հանգուցյալ խմբագիր Մուշեղ Մելիքյանին, «Ազգի» խմբագրին, Հանրային ռադիոյի իր ղեկավարինՙ Արթուր Սահակյանին, «Արմենիըն ռիփորթըրի» խմբագիր Վինսենտ Լիմային, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին, գրքի խմբագիր Նելլի Գրիգորյանին, «Ազգի» աշխատակցուհի Կարինե Արզումանյանինՙ գրքի էջադրման համար, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, Վահան Փափազյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Ալեքսանդր Արզումանյանինՙ վերջինիս ցանկանալով շուտափույթ տեսնել ազատության մեջ, Ֆոտոլուրին եւ ԼՂ լուսանկարիչ Ռուսլան Սարգսյանին:

Ինչպես նաեւ հայտնեց ամենածայրահեղ քննադատության հանդեպ իր պատրաստակամության եւ մամուլով իր հնարավոր արձագանքների մասին, երբ գրքում արտահայտված որեւէ կողմի տեսակետ շահարկվի մասնակի ներկայացմամբ, կոնտեքստից դուրս:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գրքի մասին ավելի հանգամանալիցՙ հետագայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4