Կազդի՞ մեր երկրի վրա իրադարձությունը, որ «100 տարին մեկ անգամ է լինում»
Ամերիկյան ֆինանսական շուկան շարունակվում է ցնցվել, իր հետ ցնցելով համաշխարհային շուկան: Խնդիրը ամերիկյան շուկայում իրացվելիության մեջ է եւ այդ խնդիրը նոր չի ծագել: Չնայած ԱՄՆ մոնետար (դրամական) իշխանությունները ամեն կերպ փորձում էին խոշոր ֆինանսական ներարկումներով կարգավորել, հաղթահարելու համար արդեն երկրորդ տարին շարունակվող հիփոթեկային ճգնաժամը, 2 խոշորագույն ամերիկյան ինվեստիցիոն բանկերիՙ Lehman Brothers եւ Merrill Lynch-ի սնանկացումը ցույց տվեց, որ դա նրանց առայժմ չի հաջողվում: Իսկ այն, որ AIG ապահովագրական ընկերությունը հայտարարեց, թե չի կարող կատարել Lehman Brothers-ի մասով իր պարտավորությունները, ավելի սրեց իրավիճակը: Փորձագետների կարծիքով, այս ընկերությունը նույնպես կանգնած է սնանկացման եզրին: Նախորդ օրը ԱՄՆ դաշնային ռեզերվի նախկին նախագահ Ալեն Գրինսփենը, բնութագրելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը, հայտարարեց, որ այսպիսի իրադարձություններ լինում են «100 տարին մեկ անգամ»:
Ինչպես արդեն նշեցինք, վերոնշյալ ճգնաժամն իր անմիջական ազդեցությունն է թողնում ամբողջ աշխարհի վրա, անկում են ապրում բորսայական ցուցիչները, բանկերի եւ այլ խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի շուկայական արժեքները, վաղաժամկետ դադարեցվում են աճուրդները բորսաներում: Ռուսաստանյան ֆինանսական շուկան նույնպես բացառություն չէ, որը նույնպես իրացվելիության խնդիր ունի, որը փորձում էր եվրոպական եւ ամերիկյան շուկաներում: Այդ խնդիրը սրվեց օգոստոսինՙ վրաց-ռուսական պատերազմական գործողությունների ժամանակ, երբ խոշոր գումարների արտահոսք եղավ այդ երկրից:
Հայաստանի բանկային համակարգի հայտնի կառավարիչներից մեկը մեր զրույցի ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ միջազգային եւ ռուսական շուկաների այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա: Թեեւ, ըստ նրա, հայկական բանկերը լուրջ խնդիրների առջեւ չեն կանգնի, բայց նրանցից ոմանք, որ միջոցներ են ներգրավում միջազգային շուկաներից, կարող են որոշ դժվարություններ ունենալ: Նրանք պետք է կարողանան ապահովել իրենց իրացվելիությունը: Դա կարող է բերել լրացուցիչ գնաճային ճնշումների: Հետեւաբար խնդիրն այն է, որ ե՛ւ իրացվելիությունը կարողանան ապահովել, ե՛ւ գնաճային ճնշումներ չլինեն: Մյուս բացասական գործոնն այն է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամիՙ Ռուսաստանում ունեցած ազդեցության պատճառով կարող են նվազել մասնավոր փոխանցումները այդ երկրից Հայաստան: Այդուհանդերձ, մեր զրուցակցի կարծիքով, առայժմ այս երեույթները չկան եւ որոշակի սցենարներ կան ներկա իրավիճակի կարգավորման համար: ԱՄՆ դաշնային ռեզերվը ձգտում է նորանոր միջոցներով մարել փողի պահանջարկը, բայց խնդիրն այն է` այդ միջոցները կբավարարե՞ն դրա համար, թե՞ ոչ:
Մեկ այլՙ միջազգային ֆինանսական կառույցում աշխատող մասնագետի կարծիքով, ԱՄՆ-ում եւ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է կամ ընդհանրապես չազդել, կամ չնչին չափով ազդել, քանի որ մեր մասնակցությունն այդ համընդհանուր գործընթացում աննշան է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ