«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԳԵՂԵՑԻԿ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔ Է

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի առիթով Հայաստան ժամանած անվանի գիտնականներից է Նյու Յորքի Քորնել համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանը, որի հետ առաջին անգամ զրուցելու հնարավորություն ունեցա Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակում, ուր նախորդ օրն անցկացվեց նրա մեծարման երեկոն` մասնակցությամբ գիտության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների: «Հայերենս զորավոր չէ», ասաց Թերզյանը, բայց համաձայնեց խոսել մայրենիով` արեւմտահայերենով ու պատմել աստղագիտության միջոցով գեղեցիկ կյանքով ապրելու, տիեզերքի ռիթմը զգալու, գյուտի պարգեւած բերկրանքը վայելելու եւ գիտնականի համար կարեւոր այլ բաների մասին: «Գյուտ անելու համար գիտնականները նվիրաբերում են մի ամբողջ կյանք: Ինչ գեղեցիկ է առաջին անգամ հայտնաբերել մի բան, որի մասին ոչ ոք չգիտեր: Այդ զգացումը Հայաստանում շատ բարձր է եւ դրա կարեւորությունը գիտնականները շատ են զգում իրենց կյանքում: Այդ զգացումը կապված չէ ֆինանսական միջոցների հետ, տիեզերքը բացատրելու հրճվանքը մի ուրիշ բան է: Անշուշտ, առանց ֆինանսական միջոցների շատ առաջ չես գնա: Գիտնականները, հատկապես երիտասարդները, օգնության կարիք ունեն իրենց գործը Հայաստանում կատարելու եւ գիտական հետազոտություններն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար»: Թերզյանը բարձր է գնահատում հայաստանցի գիտնականների հետազոտությունները, համարելով, որ խորհրդային տարիներից ի վեր դրանք եղել են բարձր մակարդակի վրա, այդպես է նաեւ հիմա, իհարկե, ավելի դժվար պայմաններում: Բնավ համաձայն չէ այն կարծիքին, թե հայաստանցի գիտնականները ծուլացել են. «Այդպիսի կարծիք չեմ ունեցել եւ չեմ ուզում ունենալ», ծիծաղելով ասաց Թերզյանը: «Գիտությունը զարգանում է արագորեն, վաղվա օրը բերում է բոլորովին նոր գաղափարներ, եւ դա շատ կարեւոր է մեզ համար: Մեր նպատակն է, որ Հայաստանում կատարվեն գիտական ուսումնասիրություններ, որ ձեւավորվի գիտական մշակույթ ու հասնի հասարակությանը: Այդպես կբարձրանա ուսման որակը, հասարակությունը կառողջանա ու տնտեսապես ապահով կլինի»:

Ծնվել է Եգիպտոսում, փախստականների ընտանիքում, մեծացել է դժվարին պայմաններում: Կահիրեում հաճախել է Գալուստյան վարժարան, հետո Կահիրեի ամերիկյան համալսարանում ուսանել է ֆիզիկա եւ մաթեմատիկա: «Ինձ բախտավոր եմ համարում, որ Գալուստյան վարժարանում ունեի ուսուցիչներ, որոնք ինձ հուշեցին, թե աստղագետ դառնալու համար որ առարկաներից պիտի ունենայի խոր գիտելիքներ: Աստղագիտությամբ սկսել եմ հետաքրքրվել 7 տարեկանից, քաջալերվելով ուսուցիչներիս ուշադրությունից»:

Կահիրեի ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո մեկնում է Մ. Նահանգներ, ստանում է դոկտորի կոչում ու սկսում է դասավանդել Նյու Յորքի Քորնել համալսարանում: 1984-ին պարգեւատրվել է Քլարքի նշանավոր մրցանակով, իսկ 1996-ին նշանակվել է օդագնացների եւ տիեզերագնացների ազգային կառավարմանՙ ՆԱՍԱ-ի Նյու Յորքի տիեզերական ծրագրի տնօրեն: «Գեղեցիկ կյանքով եմ ապրում, որովհետեւ գիտության մեջ, մանավանդ աստղագիտության, անընդհատ նոր տեղեկություններ են ստացվում տիզերքի մասին, նոր հայտնագործություններ են արվում, իսկ դրանք մեծ խանդավառություն են պարգեւում գիտնականին»:

Կյանքի տխուր պահերի մասին ահա թե ինչ ասաց Թերզյանը. «Այս երկրի վրա մարդիկ ունեն բազում դժվարություններ եւ հենց այդ ժամանակ են նրանք երկնքին նայում: Ինչո՞ւ: Հասկանալու համար, որ իրենք մենակ չեն, որ գոյություն ունեն այլ մոլորակներ, ուրիշ աշխարհ, մարդիկ, եւ ո՞վ գիտի, գուցե մեզ պես ապրում են նույն դժվարությունները: Շատ հավանական է, որ ուրիշ մոլորակներում էլ կյանք կա, բայց առ այսօր դեռ չենք հայտնաբերել: Նրանց կյանքի մասին տեղեկություն չունենալը բնավ չի նշանակում, որ նրանք գոյություն չունեն»:

Երվանդ Թերզյանը Հայ օգնության ֆոնդի գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդի նախագահն է: Ութ տարի գործող այս հիմնադրամը ֆինանսավորել է մոտ 180 գիտական թեմա, յուրաքանչյուրին տրամադրելով հինգ հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, այսինքն` հայրենի գիտության մեջ կատարել է 9 hարյուր հազար դոլարի ներդրում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4