«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՄԵՏԱՂԵ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԳՈՒՆԱՇԽԱՐՀՈՒՄ

Անատոլի Ավետյանի գեղարվեստական աշխատանքներում աչքի ընկնող հանգամանքներից մեկը նյութի բազմազան տեսակների օգտագործումն է: Նկարիչն աշխատում է խառը տեխնիկայով. մետաղը, քարը, ապակին, հայելին, ներկն ու թուղթն ինքնարտահայտման գրեթե հավասար միջոցներ են:

Դասական արվեստի արժեքային համակարգի վրա ժամանակակից ոճավորումներով այս գործերը մտածողական, թեմատիկ տարբեր դրսեւորումներ ունենՙ պարզ, կյանքայինից մինչեւ հոգեւոր խնդիրներ: Մետաղի ու ապակու, մետաղի ու քարի, հայելու կտորների համադրությունը թվում էՙ հակադրվում է գեղարվեստական հորինվածքը շուրջկալող կարպետի տաք հյուսվածքին, սակայն հենց այս ուշադրությունը հետաքրքրական ասոցիացիաներ է առաջացնում. «ներքին տեսադաշտում» բացվում է քարե, ապակյա, հայելային կանացի հայացքի տարողությունըՙ դրա տխրությունը, քնարականությունը, քնքշությունը: Տպավորիչ է հատկապես կոլաժային մի աշխատանքՙ «Խավարումը»: Երբ խոսում ես մետաղի անհաղորդելիության, սառնության մասին, նկարիչը զարմանում է. «Ես ջերմացնում եմ մետաղը»:

Օբսիդիանի կոմպոզիցիաներիՙ քարի բնական վիճակների նկարչի ընտրությունը գեղագիտական նշանակություն է տվել դրանց: Քարի մեջ բնական արվեստ տեսնելու կարողությունը եւ դրանց արվեստային միջավայրում տեղադրելու հմտությունը ցուցադրության ինքնատիպություններից մեկն է:

Անատոլի Ավետյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 25 տարի առաջ: Նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում նրա այս երկրորդ անհատականն ընդհանուր պատկերացում է տալիս ստեղծագործության բազմաոճության մասին: Այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, աշխատել է Ֆրանսիայում: Վերջերս է վերադարձել Նյու Յորքից. կրել է, անշուշտ, միջավայրային ազդեցություններ. «Դրսում, օտարության մեջ, սնունդ, նյութ չկա, ինչ անում եսՙ այստեղի իդեաների կրկնությունն է»: Նյույորքյան աշխատանքներից ներկայացված է «Նյույորքյան Վեներան»:

Նյութի, միջոցների բազմազանությունը, խառը տեխնիկայի ճաշակով գործածությունն ազատ ոճի հնարավորությունը ավելի են մեծացնում. «Սիրում եմ էքսպերիմենտներ անել, փոխել ոճս, անհանգիստ եմ»: Նկարիչը գույներից նոր երանգներ է ստանում տեխնիկական զանազան միջոցներով, մասնավորապես քիմիական թթուների օգնությամբ:

«Մի քանի անգամ տեսել եմ Անատոլի Ավետյանի գործերը եւ ամեն անգամ մի նոր աշխարհ, նոր պատկերացումներ, մտորումների նոր դաշտ է բացվում: Եզակի ներքին պոտենցիալով է օժտված: Կերպավորման որոշակի սխեմաներից դուրս գալը նույնիսկ պայման չէ: Այստեղ ձեւավորվում են տարբեր հարթություններ... Զգում եսՙ կա մի սահման, որը հատվել է: Ճշմարիտն ասած, հենց այդտեղից էլ գալիս է արվեստի գործը. երբ արվեստագետը բացում է իր պատուհանները դեպի այդ սահմանը եւ տեսնում ես, որ կա աշխարհ աշխարհի մեջ, աշխարհ աշխարհից անդին:

Նույնիսկ այս սովորական թվացյալ քարերը, որ ինքը որպես արվեստի գործ է ներկայացնում, արդեն սահմանից այն կողմն է: Քարի մեջ թաքնված մի սուբստանցիա կա, որտեղից գալիս են ներքին ազդակները: Կերպարային մոտեցումից անցում է կատարվում այլ հարթություն, բնական ֆորման, նյութի ողջ կառուցվածքը հուշում է», ինչը եւ որսում է զգայուն արվեստագետը, ասում է արվեստաբան Սարո Սարուխանյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4